Գլխավոր Լրահոս

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում․ օրենքը կմտնի ուժի մեջ

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում․ օրենքը կմտնի ուժի մեջ

Նվարդ Փիլիպոսյան

2023-ի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը: Կատարված փոփոխությունները բազմաթիվ ու բազմաբնույթ են՝ մասնագիտական ուսուցման ու փորձնակության պայմանագրի կարգավորումներից մինչև կենսաթոշակային տարիքին հասնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման փաստացի արգելքը:

Օրենսգրքի փոփոխությունների փաթեթում տեղ են գտել նաև կանանց իրավունքներին առնչվող մի շարք կարգավորումներ: Մինչ այս փոփոխությունների ընդունումը ՀՀ-ում հստակ ամրագրում չուներ աշխատավայրում սեռական ոտնձգությունների արգելքը: Փոփոխություններով ամրագրվեց աշխատավայրում սեռական ոտնձգության սահմանումը, արգելքը և իրավախախտ անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործատուների հնարավորությունը: Հուլիսի 31-ից ուժի մեջ մտնող կարգավորումների համաձայն, սեռական ոտնձգություն են համարվում աշխատավայրում կամ գործուղման ժամանակ տեղի ունեցող սեռական բնույթի անցանկալի արարքները, ներառյալ  սեռական բնույթի առաջարկներն ու հպումները, որոնք ազդում են անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում են արժանապատվությունը նվաստացնող աշխատանքային միջավայր:

Թեև այս կարգավորումների ընդունումը հուսադրող է և երկար սպասված, սակայն մի շարք հարցեր դեռ լուծում չեն ստացել: Այսպես, եթե աշխատավայրում վերադասը կնոջն անում է սեռական բնույթի առաջարկներ, որոնք մերժելու դեպքում նրան սպառնում են ազատել աշխատանքից, ՀՀ օրենսդրությամբ հստակեցված չէ, թե պետական որ մարմնին նա կարող է դիմել աջակցության համար և ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել ոտնձգողը: Եթե դեպքը տեղի է ունենում պետական մարմնում, ապա աշխատողը կարող է դիմել պետական մարմնի ղեկավարին, իսկ արձագանք չստանալու դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Եթե դեպքը տեղի է ունենում մասնավոր գործատուի հետ հարաբերություններում, ապա իրավական պաշտպանության մեխանիզմները բացակայում են:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչության լիազորություններն այս մասով ևս հստակեցված չեն: Նման գործերի բացահայտման համար անհրաժեշտ է իրականացնել հարցազրույցներ ու խմբային քննարկումներ աշխատակիցների հետ, մշակել բողոքների ընդունման և քննման կոնֆիդենցիալ ընթացակարգեր, վերապատրաստել մասնագետներին և այլն: Մինչդեռ տեսչական մարմինն այս մասով չունի օրնեսդրական հիմքեր և մարդկային ռեսուրսներ:

Կարևոր է նաև գործատուների կողմից սեռական ոտնձգությունը կանխարգելող ներքին քաղաքականությունների ընդունումն ու գործերը քննող պատասխանատու անձանց նշանակումը, ինչի վերաբերյալ օրենսդրական պահանջը դեռ բացակայում է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատողների համար հստակ կանոնների սահմանումը, վարքագծի ընդունելի ու անընդունելի դրսևորումների քննարկումն ու ամրագրումը մեծապես նպաստում է սեռական ոտնձգությունների կանխարգելմանն ու աշխատավայրում առողջ միջավայրի ձևավորմանը:

Օրենսդրական փոփոխությունների համաձայն, գործատուները պարտավոր են սեռական ոտնձգության արգելքն ամրագրել ներքին կարգապահական կանոններում, և սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին թույլ տալ արտահերթ վերցնելու իր ամենամյա արձակուրդը:

Կրծքով կերակրող կանանց տրվող լրացուցիչ ընդմիջումների մասին

Փոփոխություններ են կատարվել նաև կրծքով կերակրող կանանց տրվող լրացուցիչ ընդմիջումների վերաբերյալ կարգավորումներում: Եթե ներկայում կրծքով կերակրող կինը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը իրավունք ունի օգտվելու յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող կես ժամ տևողությամբ լրացուցիչ (վճարովի) ընդմիջումներից, ապա հուլիսի 31-ից այս իրավունքից կարող են օգտվել մինչև երկու տարեկան երեխա խնամող բոլոր կանայք՝ անկախ երեխային կրծքով կերակրելու հանգամանքից: Կնոջ ցանկությամբ՝ այս ընդմիջումները կարող են միավորվել, և նա կարող է պարզապես մեկ ժամ ուշ ներկայանալ կամ մեկ ժամ շուտ հեռանալ աշխատավայրից:

Ընդմիջումները միավորելու հնարավորությունը և երեխայի տարիքի մեծացումը կարող են որպես դրական փոփոխություններ գնահատվել: Միևնույն ժամանակ, քանի որ կարգավորումն այլևս չի վերաբերում կրծքով կերակրմանը, ապա անհասկանալի է թե ինչու այս իրավունքից կարող են օգտվել միայն կանայք: Միջազգային փորձն այժմ խրախուսում է ընդունել այնպիսի կարգավորումներ, որոնք կնպաստեն  ընտանեկան պարտականություններում տղամարդկանց ներգրավման ավելացմանը: Եթե մանկահասակ երեխայի խնամքը ենթադրում է լրացուցիչ ընդմիջման տրամադրում, որը կապված չէ կրծքով կերակրման հետ, ապա զույգերը պետք է ազատ լինեն որոշելու, թե իրենցից ով պետք է իրականացնի այդ գործառույթը: Ավելի տրամաբանական կլինի, որ լրացուցիչ ընդմիջումներից օգտվելու հնարավորություն տրվի նաև մինչև երկու տարեկան երեխա ունեցող տղամարդուն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում