Երբ կանանց համբերության բաժակը լցվում է․․․ սպանել է ամուսնուն

Մի քանի օր առաջ լրատվականները գրեցին, որ Արմավիրի Շենավան գյուղում տղամարդը հարձակվել է ընտանիքի անդամների վրա, հարվածներ հասցրել 15-ամյա որդուն, 66-ամյա մորը, ձեռքով և ոտքով հարվածել 36-ամյա կնոջը, ինչից հետո կինը երկաթե պոմպով հարվածել է ամուսնու գլխին, որից ստացած վնասվածքից նա մահացել է։
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքի վայրում հավաքվածները խոսում էին, որ տղամարդը հաճախ է բռնության ենթարկել կնոջը, հարձակվել ընտանիքի անդամների վրա, և նշում էին, որ կինը հավանաբար ինքնապաշտպանության է դիմել։
ՀՀ քննչական կոմիտեն ընտանեկան ոբերգության այս դրվագի մասին դեռ որևէ տեղեկատվություն չի հաղորդել, դեպքի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
Այս սարսափելի դեպքն ինձ հիշեցրեց տարիներ առաջ կատարվածը։ Այդ երկու դեպքերի մասին ես բազմիցս գրել և խոսել եմ։ Մեկը կատարվել էր դարձյալ Արմավիրի մարզում, իսկ մյուսը՝ Լոռիում։
Գուգարքում քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքը հանրային ուշադրության և հատկապես կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանական խմբերի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ տեղեկատվություն տարածվեց, որ նա պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տանը: Եվ ահա, հերթական ծեծի ժամանակ կինն այդ նույն ատրճանակով սպանել է ամուսնուն։
Որոշ ժամանակ անց արարքը որակվեց որպես անհրաժեշտ պաշտպանություն։
Հաջորդ դեպքը կատարվել էր դարձյալ Արմավիրի մարզում, Արմավիրի մարզպետի խորհրդականին կացնահարելով սպանել էր կինը, ապա թաքցրել դին։
Երբ ես դեպքից մի քանի օր անց այցելեցի կնոջը՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, նրա առողջական վիճակը բավական ծանր էր, կինը 24 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուներ բազմաթիվ հիվանդություններ, հաշմանդամության կարգ, 15 տարի շարունակ կեղծամ էր կրում, որովհետև ամուսինը պարբերաբար մազերը քաշել, պոկել էր՝ նույնիսկ հղիության ընթացքում, ինչի պատճառով նա կորցրել էր երեխային:
Տարիներ շարունակ վերահսկողությունն այնպիսին է եղել, որ անգամ խանութ գնալը և տնից դուրս գալը եղել է թույլտվությամբ ու կոնկրետ ժամով: Շփումները խիստ սահմանափակ են եղել, որպեսզի կինը հնարավորություն չունենա դիմել որևէ մեկին։
Այս բոլոր դեպքերը փոխհյուսված են, և առանցքը բռնությունն է։
Ամուսիններ, որոնք տարիներ շարունակ իրենց կանանց ենթարկում են բռնության, պահում սարսափի ու ահաբեկման մեջ, և կանայք, որոնք ապրում են վախի, նվաստացման ու ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության մթնոլորտում։
Այս իրավիճակում կանանց համբերության բաժակը մի օր լցվում է, և նրանք դիմում են ինքնապաշտպանության՝ փաստացի հրաժարվելով մեռնել։
Հ․Գ․ Ամեն տարի Հայաստանում առնվազն տասը կին դառնում է կնասապանության զոհ։
Զարուհի Հովհաննիսյան










