Գլխավոր Լրահոս

Տրոլեյբուսի համբերությամբ նայում ենք՝ ինչ է կատարվում

Տրոլեյբուսի համբերությամբ նայում ենք՝ ինչ է կատարվում

Մեր՝ տրոլեյբուսի համբերության պատճառն այն է, որ չգիտենք՝ ինչ անենք։ Ինքը գիտի ու անում է։

Ընդդիմախոսներ չունի։ Ընդդիմախոսություն ասելով` նկատի ունեմ հավասարակշռված ու ծանրակշիռ փաստերի տիրապետող մարդկանց հակադարձումը։

Երկրի վարչապետը, որի իշխանության օրոք երկիրը սուզվում է մեկ սրընթաց, մեկ՝ դանդաղ, թերթիկից կարդում է՝ Պուտինն ինչ ասաց, ինքը ինչ պատասխանեց, և, որ ինքը մեղավոր չէ։ Պուտինը ներկա չէ, որ հակադարձի, Տեր-Պետրոսյանը ներկա չէ, որ հակադարձի, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ներկա չեն։ Ինչ ուզում, ասում է։ Մարիա Զախարովան կպատասխանի ժամեր անց, բայց իրեն ընտրածների մեծ մասը չի լսում Զախարովային, որովհետև այդպիսի բաներ չի լսում ու «քաղաքականությամբ չի զբաղվում», իրենք պարզապես ընտրել են «իրենց տղային»։ 

Տեր-Պետրոսյանի գրասենյակից կպատասխանեն։ Բայց դա հիմա ով է կարդում։ Քոչարյանի ու Սարգսյանի պատասխանները, եթե նրանք ժամանակ ունենան պատասխանելու, կընդունվեն քամահրանքով՝ դրանով պիտանելիության ժամկետը կորցրած մի այլախոհական դրվագիկ ավելացնելով սեփական ժուժկալ կենսագրությանը։

Բայց միշտ՝ ամենավաղ ազատականության մեկամսյակից մինչև տապալված հայրենիքի տրոլեյբուսային համբերության ժամանակները, վարչապետի փաստերը գոնե մեկ անգամ չհնչեցին այն մարդկանց ներկայությամբ, որոնց հղում է անում, որոնցից մեջբերում է անում, որոնք ղարաբաղյան գործընթացի տեր հայրերն են։ Նրանց հետ երբեք չնստեց մի սեղանի շուրջ։ 

Վարչապետը հրապարակային ցուցմունք է տալիս Անդրանիկ Քոչարյանի ներկայությամբ։ Ահարկու է հնչում։ 

Թվում է՝ ասածս մի բան չէ, բայց․․․ պատկերացրեք, եթե այդ սեղանի շուրջ լինեին ոչ թե Անդրանիկ Քոչարյանը, այլ նշածս մարդիկ՝ Պուտինին հանած։ Տարբերությո՞ւնը․ երբ Փաշինյանը խոսում է, մարդիկ լսում են։ Մի մասը լսում է, որ ըմբոշխնի «իրենց տղայի» բռնցքամարտի տրադիցիոն ապերկոտը (uppercut), ու հագենա: Մյուս մասը, որ փորձի հասկանալ հաջորդ քայլը։ Վերջիններին թողնենք մի կողմ։ 

Երբ շոգած քաղաքում ապերկոտի վայելքը ապրած «ախպերությունը», որի մեջ մտնում են բազմահազար քույրեր, և որոնց «շնորհիվ» է նա վարչապետ, այնուամենայնիվ լսում է փաստարկն ու երբեք չի լսում թեկուզ իր չսիրած մարդկանց ծանրակշիռ հակափաստարկը, ապերկոտը մնում է չգերազանցված և անբիծ։

Նրանք շարունակում են վայելել ապերկոտը, իսկ մենք տրոլեյբուսի համբերությամբ նայում ենք՝ ինչ է լինում։ 

Ադրբեջանական զրահամեքենաներն այսօր կանգնել են Հայաստանից Արցախ ճանապարհին՝ ադրբեջանական անցակետում։

Թղթից՝ հրապարակային ցուցմունք կարդացող վարչապետը 2019-ին Ստեփանակերտի հրապարակում էլի թղթից յոթ բացականչական նշանով բղավում էր «Միացում», «Արցախը Հայաստան է և վերջ», ու ապերկոտի սիրահարներն էլ էին հավատում ու համաձայն էին։ 

Միայն այս փաստը բավարար է, որ նրա վարչապետությունը անհնար դառնար մեծ սխալի, քաղաքական խոշոր ձախողման պատճառով։ Հրապարակային ցուցմունքը ապերկոտներից լավագույնը չէր, նույնիսկ։ 

Հ․Գ․ 

«Հայոց զորքը հարթավայրում» ոտանավորը, որ 2019-ի օգոստոսին ցուցմունքատուն կարդաց Ստեփանակերտի հրապարակում, ուզում էի գտնել համացանցում, ու երբ լսելուն զուգահեռ նայում էի հրապարակում կանգնած 18-20 տարեկան սպիտակ վերնաշապիկներով տղաներին, հասկացա, որ նրանցից շատերը մեկ տարի անց չէին լինելու․ «Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման․․․ մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում