Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում, ի թիվս այլ թեզերի, որպես քաղաքական գործիք է օգտագործում բնապահպանական թեման: Այդկերպ ադրբեջանական կողմն իրեն դիրքավորում է որպես շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի առաջամարտիկ: Ադրբեջանում առկա իրողությունները, սակայն, այլ բանի մասին են վկայում։
Ադրբեջանը հասարակական և պետական մակարդակով պայքարում է Հայաստանի Երասխ համայնքում ամերիկյան ֆինանսավորմամբ մետալուրգիական գործարանի կառուցման դեմ: Ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. հունիսի 13-ին ադրբեջանական կրակոցներից վիրավորվել են երկու հնդիկ բանվորներ:
Ադրբեջանի «էկո-վախերը» Երասխում
Ադրբեջանում պնդում են, թե գործարանի շահագործումը մեծ վնասեր է հասցնելու տարածաշրջանի էկո-միջավայրին (Երասխը սահմանակից է Նախիջևանին), ինչը, ըստ այդ թեզի, հանգեցնելու է «բնապահպանական ահաբեկչության»:
Հունիսին բնապահպան ներկայացող մի շարք ադրբեջանցիներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցման աշխատանքները: Հուլիսի 20-ին էլ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, թե վերոնշյալ հարցի առնչությամբ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևն է նամակով դիմել Հայաստանի իր պաշտոնակից Հակոբ Սիմիդյանին: Հայաստանի բնապահպանության նախարարությունը հերքեց հարցի առնչությամբ ադրբեջանական պաշտոնական գրության ստացումը, բայց ավելի վաղ հաստատել էր, որ գործարանը կառուցվում է բնապահպանական բոլոր կանոններին համապատասխան:
Բռնություն՝ ադրբեջանցի ակտիվիստների և քաղաքացիների նկատմամբ
Շրջակա միջավայրի վերաբերյալ Ադրբեջանի «մտահոգությունները» այդքան տարօրինակ չէին թվա կամ տարակուսանք չէին առաջացնի, եթե տեսանելի չլիներ այդ երկրում բնապահպանական լուրջ հարցերում պետության վերաբերմունքը: Դրա վկայություններից մեկը հունիսին Հայաստանի սահմանակից Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի իրադարձություններն էին: Գյուղի բնակիչները ոտքի էին ելել գյուղում ոսկու հանքի երկրորդ պոչամբարի կառուցման դեմ: Նրանց պնդմամբ՝ արհեստական լճում ծանր մետաղների ու ցիանիդի առկայության հետևանքով շրջակա միջավայրը զգալիորեն աղտոտովում է, մարդկանց մոտ առաջանում են լուրջ առողջական խնդիրներ:
Բողոքի ցույցերի սկզբում երկրի իշխանությունները չէին կողմնորոշվում իրենց գործողություններում, սակայն որոշ ժամանակ անց կոշտ միջոցների են դիմել։ Ադրբեջանի իրավապահ մարմինները արցունքաբեր գազի, մահակների միջոցով բռնություն են գործադրել գյուղի բնակիչների՝ կանանց, ծերերի նկատմամբ, իսկ տղամարդկանց հիմնականում ձերբակալել են և տարել ոստիկանական բաժիններ: Գյուղի ելումուտը ամբողջապես դադարեցվել է։
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները սկսել են հետապնդել ոչ միայն գյուղում բողոքի մասնակիցներին, այլ նաև՝ բնակչության հանդեպ ոստիկանական գործողությունները քննադատողներին կամ էլ ցույցերը սատարող ակտիվիստներին: Ցույցերի ժամանակ հայտնի է դարձել ոմն էլմիր Աբբասով անունով մի քաղաքացու անհետացման մասին, իսկ ակտիվիստ Գիաս Իբրահիմլիին ադրբեջանցի իրավապահները 30-օրյա վարչական կալանքի են ենթարկել: Իրադարձություններից մեկ ամիս անց՝ հուլիսի կեսերին, հայտնի է դարձել, որ Սոյուդլուի բողոքին աջակցելու համար բերման է ենթարկվել մեկ այլ ակտիվիստ՝ Մուհարրեմ Աքբարովը:
Շրջակա միջավայրի աղտոտվածության հարցում իշխանությունների վերաբերմունքի մասին է վկայում այն փաստը, որ գյուղի բնակիչների բողոքի ժամանակ գյուղ այցելած՝ շրջանի ղեկավար Օրհան Մուրսալովը, ի պատասխան տարեց բնակիչներից մեկի բողոքի, թե պոչամբարն առողջական խնդիրներ է հարուցում, ասել է․ «Եթե այդպես լիներ, դու 78 տարի չէիր ապրի»:
Համատարած ամենաթողություն՝ Ադրբեջանի բնապահպանական ոլորտում
Ադրբեջանցի որոշ իրավապաշտպաններ ու ակտիստներ ահազանգում են Ադրբեջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ համատարած անտարբերության և ամենաթողության մասին:
Այսպես օրինակ, իրավաբան Ռոյա Մելիքզադեն, մեջբերելով Սոյուդլու գյուղի դեպքերը, նշել է, որ երկրում ըստ էության չկան բնապահպաններ, որոնք կարող են գնալ պոչամբար և հետազոտություն իրականացնել․ ովքեր փորձել են տեղում նմուշ վերցնել, հալածվել են: Նա շեշտել է Ադրբեջանում բնապահպանական հարցերի վերաբերյալ ցածր գիտակցության փաստը: Ըստ Մելիքզադեի՝ իշխանությունները չեն պահպանում բնապահպանական տարրական նորմերը, իսկ մարդիկ վտանգավոր գազերի զոհ դառնալով՝ շատ դեպքերում ձայն չեն բարձրացնում: Նա նկատել է, որ Ադրբեջանը, լինելով նավթ արդյունահանող երկիր, թույլ է տալիս բազմաթիվ բնապահպանական խախտումներ:
Չնայած նրան, որ սկզբում մերձիշխանական հարթակները լծվել էին կոծկելու Սոյուդլուի մասին իրական տեղեկությունները, իսկ որոշ նյութեր հրապարակելիս էլ լիովին արդարացնում էին գործարանի աշխատանքները, սակայն իշխանությունները, ըստ ամենայնի, հաշվի առնելով բարձրացած մեծ աղմուկը, հատուկ հանձնաժողով են ստեղծել հետազոտություն իրականացնելու համար: Հուլիսի 18-ին հրապարակված եզրակացությունում «հանկարծ» պարզվել է, որ գործարանը վնասեր է հասցրել շրջակա միջավայրին, իսկ հաստատությունը անգամ կառուցման և շահագործման ընթացքում չի ստացել Ադրբեջանի համապատասխան մարմինների համաձայնությունը:
Ուշագրավ է, որ ոսկու հանքի շահագործումը սկսվել է 2009 թվականից: Դրանով զբաղվում է բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը։ Ադրբեջանի պետական մասնաբաժինը հանքում 51 տոկոս է, իսկ ընկերությանը՝ 49 տոկոս:
Ում է պատկանում հանքը
Սոյուդլու գյուղի բնակիչներից մեկի պնդմամբ՝ հանքը պատկանում է Ալիևների ընտանիքին՝ Մեհրիբան Ալիևային, որոշ ադրբեջանցի ակտիվիստների պնդմամբ՝ դեռ 2012-ին արված հետազոտությունները նույնպես վկայում են դրա մասին: Ի դեպ, Anglo-Asian Mining-ն այն նույն ընկերությունն է, որին Ադրբեջանի կառավարությունը լիազորել է շահագործելու Կաշենի հանքավայրը, որն Արցախի սահմաններում է:
Կաշենի հանքավայրի թեզը՝ քաղաքական գործիք
Հենց Կաշենի հանքավայրի շահագործումն էր Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, օգտագործել որպես պատրվակ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակելու համար։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ Շուշիի հատվածում իրենց էկո-ակտիվիստ անվանող մի խումբ անձինք պահանջում էին մուտք գործել հանքավայր և ուսումնասիրություն կատարել:
Սակայն դեկտեմբերից մինչև ապրիլ ադրբեջանական թեզերը փոփոխության ենթարկվեցին․ Բաքուն սկսեց նոր թափով շրջանառել «Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ ռազմամթերք տեղափոխելու» մասին թեզը՝ հող նախապատրաստելով Լաչինի նոր միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ, անցակետ տեղադրելու գործողությունների համար, ինչն էլ իրականացրեց 2023-ի ապրիլի 23-ին:
Ադրբեջանական թեզերը, ըստ նպատակահարմարության, փոխվում են
Չնայած մինչև ապրիլ ամիսը Արցախի իշխանությունները դադարեցրել էին Կաշենի հանքավայրի աշխատանքները միջանցքի փակ լինելու պատճառով, այնուամենայնիվ, Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Ադրբեջանը մոռացության մատնեց հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու սեփական պահանջները: Նա հերթական անգամ ցույց տվեց, որ ի սկզբանե իր հիմնական նպատակը ոչ թե Կաշենի հանքավայրի բնապահպանական վիճակն էր, այլ հայկական կողմի վրա տարբեր ուղղություններից քաղաքական ճնշում բանեցնելը՝ հասնելով անցակետի տեղադրմանը:
Սոյուդլուի իրադարձություններն էլ իրենց հերթին վկայում են, թե ինչ է լինում, երբ Ադրբեջանում բնապահպանական հարցերը բարձրաձայնում են ոչ թե կեղծ բնապահպանները, այլ իրական մարդիկ՝ մտահոգ իրենց կյանքի և առողջության համար։
Գեորգի Միրզաբեկյան











