Գլխավոր Լրահոս

Փաշինյանի ու լրագրողների վեճում պարտվեց հանրությունը

Փաշինյանի ու լրագրողների վեճում պարտվեց հանրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսներն ուղղակի չեն կարող անցնել առանց աղմկահարույց հայտարարությունների, լարվածություն ստեղծող գերհուզական «մուննաթների», որոնք հետագա օրերի, շաբաթների ու նույնիսկ ամիսների ընթացքում դառնում են ամենաքննարկվող թեմաները՝ ստվերելով իրական մարտահրավերները: Նա կարողանում է գրեթե միայնակ քաղաքական ու լրատվական օրակարգ թելադրել, դառնալ դրա գլխավոր «հերոսը» կամ «հակահերոսը», ու որպես պրոֆեսիոնալ ապստամբ՝ եռման կետի հասցնել հանրային տրամադրությունները։

Հուլիսի 25-ին Փաշինյանի 5 ժամ 15 րոպե տևած ասուլիսն ինչ-որ պահից հատեց երկրի ղեկավարի և լրագրողների միջև հարցուպատասխանի ձևաչափը: Ասուլիսավարի բացակայության պատճառով այն վերածվեց բլից զրույցների, որոնց մասնակիցները դուրս եկան իրենց առաքելության և դերի շրջանակից: Փաշինյանը մտավ հոգեհարազատ ընդդիմադիր գործչի «կաշվի» մեջ՝ բորբոքելով հույզեր, որոնք զգայուն այս փուլում խարխլում են առանց այն էլ փխրուն հանրային համերաշխությունը։ Իսկ գործընկեր լրագրողների մի մասը որդեգրեց ընդդիմախոսի կեցվածք՝ հակադրվելով, պատասխանելով ու բանավեճի բռնվելով գլխավոր բանախոսի հետ: Ամեն ինչ, բացի լրագրությունից: 

Սա այն դեպքերից էր, երբ ձևաչափի չպահպանման, այն է՝ մոդերացիայի բացակայության հետևանքով տուժեց նաև բովանդակությունը, ի վերջո՝ հանրային շահը, որի հետապնդումը լրագրողի կարևորագույն առաքելությունն է: Ընդունված պրակտիկա է, երբ ասուլիսի ժամանակ լրագրողը, չստանալով իր հարցի պատասխանը, փորձում է այն վերաձևակերպել, սակայն ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, երբ հարցուպատասխանը վերածվում է բանավեճի կամ սուր բլից զրույցի: Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն էլ իրավիճակը կարգավորելու անհաջող փորձեր են անում չերևացող ձեռքի մեթոդով՝ տեղից դիտողություններ անելով կամ դժգոհություն հայտնելով։

Հենց այստեղ է կարևորվում վարողի գործոնը, որը տվյալ միջոցառման «թամադան» է․ նա է որոշում ձևաչափը, հարցերի քանակն ու տևողությունը, հարկ եղած դեպքում բացառապես ասուլիսի մյուս մասնակցի շահերից ելնելով՝ կանխում բանավեճը։

Որպես հետևանք՝ սոցցանցերում ընդդիմության և իշխանության հետ փոխկապակցված ակտիվիստների կամ անհատների համար Փաշինյանն ու լրագրողները դարձան «հերոս» և «հակահերոս»` կախված նրանց սիրողների կամ ատողների քաղաքական նախասիրություններից։

Լրագրության ու քաղաքագիտության մեջ ոսկե կանոն կա՝ չդառնալ այն օբյեկտը, որը քո հետազոտման թիրախն է: Տվյալ պարագայում՝ չվերածվել ակտիվիստի: Լրագրողը հերոս չէ, հակամարտության կողմ չէ, խաղաղարար չէ, ակտիվիստ չէ: Որքան էլ դժվար լինի, որքան էլ սրված լինի հուզական ֆոնը, անհրաժեշտ է հնարավորինս հետևել այս կանոնին, քանի որ դրանից է կախված մատուցված տեղեկավության խորությունը, բազմակողմանիությունն ու որակը, ինչպես նաև հանրության վստահությունը լրագրության ու լրագրողի նկատմամբ: Լրագրողը միայն տեղեկատվություն մատուցող չէ․ նա անուղղակիորեն մասնակցում է մարդկանց կամ էլիտաների որոշումների կայացմանը։

Իսկ ի՞նչ կատարվեց հուլիսի 25-ին: Դատեք ինքներդ:

Այս «փոխհրաձգության» մյուս կողմում և գլխավոր դերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Նա ինչ-որ պահից մոռացավ, որ իր պաշտոնն առաջին հերթին գործառույթ է, որի առաջնային խնդիրն է ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ նրա ղեկավարած կառավարության ծրագրում ամրագրված պարտավորություններից է Արցախի ինքնորոշման իրավունքի սատարումը և «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչումը: Հենց այդ ծրագրով է Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել 2021 թվականի արտահերթ ընտրություններին:

Փաշինյանն ու իր քաղաքական ուժը Հայաստանի քաղաքացիներից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ չեն հայցել ու չեն ստացել: Ուստի բնական է հանրային զայրույթն ու ցասումը, երբ նման գերզգայուն ու կարևորագույն թեմայով կառավարությունը կատարում է իր խոստմանն ու ծրագրին՝ գոնե հանրության աչքում ու մեկնաբանությամբ, հակասող քայլեր: 

Ի վերջո, քաղաքական գործչին կարող են և սադրել: Սակայն արդյոք նա, գիտակցելով իր խոսքի կշիռն ու պատասխանատվության ծավալները, իրավունք ունի՞ հագուրդ տալ իր հույզերին ու անձնական մոտեցումներին, ձեռքի հետ էլ հասարակության շրջանում խորացնել բաժանարար գծերը: 

Հասկանալի է, որ Փաշինյանն ամբիոնի և ոչ թե կաբինետի գործիչ է, Փաշինյանն ու իր քաղաքական թիմն իշխանության են եկել ոչ թե կառավարական միջանցքներից, այլ ֆեյսբուքից և հանրային հարթակներից: Սակայն այս հինգ տարիներին տեղի է ունեցել տարածաշրջանը փոխած ու վերաձևած պատերազմ, որից հետո գոնե պետք է գար գիտակցումը՝ հանրահավաքի հարթակն ու պետական նշանակության հարցերի լուծումը միանգամայն տարբեր հարթություններ են։

Ասուլիսում միայն մի տեղ Փաշինյանը փորձեց բացատրել, որ իրենց ասածն ու արածն ի վերջո միմյանց չեն հակասում. «Եթե մեզ հաջողվի կամ ԼՂ ժողովրդին հաջողվի ապացուցել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է  իրականացնում, ապա այդ ապացուցման պարագայում և համոզման պարագայում, ուզենք թե չուզենք, կաշխատի նաև հանուն փրկության ծրագիրը»։ Սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությունն է։ Կստացվի այդպես, թե ոչ՝ դժվար է ասել: Այս թեզի կենսունակության վերաբերյալ կասկած է հարուցում դառը փորձը՝ հայկական կողմի նախորդ «խորամանկ» ծրագրերի շռնդալից ձախողումները: 

Հ.Գ. 

Հայաստանը որպես պետություն սկսվել է «Միացումից», որն արձանագրված է նրա հիմնադիր փաստաթղթերից մեկում՝ Անկախության հռչակագրի նախաբանում: Սա Հայաստան պետության անձնագրի առաջին էջն է: Որևէ մեկը մտածե՞լ է` ինչ հետևանքների կբերի այդ էջից` «Միացումից», հրաժարվելը կամ այն պատռելն ու ուրիշին նվիրելը: Արդյոք որոշվել է փոխե՞լ Հայաստանի ինքնությունը, սա արվում է կամավո՞ր, որ դա չանեն ստիպողաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման տակ: 

Ի վերջո ո՞րն է լինելու Հայաստանի նոր ինքնությունը․․․

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում