Արցախի պաշտպանության բանակը օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։ Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՊԲ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50-ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։
***
Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։
Civilnet











