Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ չի մասնակցելու հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ժապարովի և Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Interfax-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից ևս հաստատեցին, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ։
Նախօրեին էլ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարել, որ Արարատ Միրզոյանի փոխարեն հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Գալուզինը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու համաձայնությունն արդեն տվել է։
Civilnet











