Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Պաշտպանության նախարարությունը «Սպուտիկ Արմենիա» լրատվական կայքին հայտնել է, որ զինվորական նոր համազգեստի ընտրության հարցում նախարարությունն առաջնորդվում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով։ Հունվարի 23-ին հրապարակված հոդվածում նշվում էր, որ ուսումնասիրվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էր տվել news.am կայքին․ «Հստակ չէ՝ ի վերջո «ՆԱՏՕ-ական համազգեստի» չափորոշիչները որոնք են։ Ի վերջո, զինվորական համազգեստը պատրաստում ու մշակում են լանդշաֆտի, տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխան։ Այդ առումով, ենթադրենք՝ Իտալիայի ՆԱՏՕ-ական համազգեստը և շատ ավելի ցուրտ գերմանական համազգեստը նո՞ւյնն են լինելու, թե՞ ոչ»։
#CivilneCheck-ը փորձել է հասկանալ՝ որոնք են ՆԱՏՕ-ի չափանիշները, արդյոք ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները նույն համազգեստն են կրում, ինչպես նաև ամփոփել նոր համազգեստի վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները։
Պարբերաբար հայտարարվում է նոր համազգեստի անցնելու մասին, բայց գործընթացը ձգձգվում է
Դեռ 2023-ի փետրվարին պաշտպանության նախարարությունը մրցույթ էր հայտարարել զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը փոփոխելու համար։ Նախարարությունը նախատեսում էր ձեռք բերել դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ։
Զինված ուժերի թիկունքի պետ Արամ Պողոսյանը «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի 2024-ին հայկական բանակը աշխարհին ներկայանա նոր համազգեստով։
Հաղորդման ժամանակ Պողոսյանը նաև նշել էր, որ արդեն կան համազգեստի նախընտրելի տարբերակներ։

Տարեվերջին, սակայն, նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ բաց մրցույթ են հայտարարել, որին մասնակցել են տեղական ընկերություններ, մեկ ընկերություն է անցել երկրորդ փուլ, որն էլ հայտ է ներկայացրել միայն մի զորատեսակի համար զինվորական համազգեստի ստեղծման համար։
Պապիկյանը նաև հայտարարել էր, որ պաշտոնական համազգեստից բացի՝ փոխվելու է նաև տոնական համազգեստը, որն հարմարեցվելու է հայկական սիմվոլիկային։
Նախատեսվում էր վերանայել զինծառայողների համազգեստն ու հանդերձանքի պարագաները։ Փոփոխելու էր հանդերձանքի բոլոր տեսակները՝ դաշտային, ամենօրյա, տոնական, կուրսանտական, օդաչուատեխնիկական, հատուկ նշանակության և այլ զորատեսակերի համազգեստները։

Պապիկյանը իր ելույթում խոստացավ, որ 2024-ին բանակը կունենա ձևով և բովանդակությամբ նոր համազգեստ։ Հայկական բանակի համազգեստը վերջին անգամ փոխվել է 2010-ին։ Դրանից հետո փոխվել են միայն համազգեստի նախշի երանգները։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները տարբեր համազգեստներ են կրում
ՆԱՏՕ-ն ստանդարտացման գրասենյակ ունի, որտեղ մշակվում են ռազմական ստանդարտները, որոնք պետք է նպաստեն անդամ երկրների փոխգործակցությանն ու արդյունավետությանը։
Անդամ երկրների միջև ստանդարտացման մի շարք համաձայնագրեր (STANAG) կան կնքված: Դրանց նպատակը ընդհանուր ընթացակարգերի և նյութատեխնիկական միջոցների ստանդարտացման ապահովումն է, որպեսզի բոլոր անդամ երկրների զինվորականները կարողանան օգտվել միմյանց զինուժի պահեստներից և այլ աջակցություններից։
ՆԱՏՕ-ի՝ համազգեստի վերաբերյալ համաձայնագրերը վերաբերում են դրանց գունաքողարկման, լուսաանդրադարձման և պաշտպանիչ հատկություններին ուղղվող պահաջներին, չափսերի նույնականացմանը, տարբեր կլիմայական պայմաններին համապատասխանությանը և այլն։ Այդ փաստաթղթերը գաղտնագրված են և բաց աղբյուրներում հասանելի չեն։

Այսինքն՝ համազգեստի որոշակի ստանդարտներ կան, բայց դա չի նշանակում, որ բոլոր անդամ պետությունները միանման համազգեստ են կրում։ Համազգեստների ձևը և գունաքողարկման նախշերը տարբեր երկրների համար տարբեր են։
Յուրաքանչյուր երկիր ունի զինվորական համազգեստի սեփական քողարկման նախշերը՝ նախատեսված տվյալ երկրի միջավայրի համար։ Որոշ երկրներ կարող են ունենալ մի քանի քողարկման նախշեր՝ տարբեր միջավայրերում օգտագործելու համար։
Civilnet
CivilNetCheck










