Գլխավոր Լրահոս

Հայաստան - 2024. տարին առանց պատերազմի պատուհանը նեղանում է

Հայաստան - 2024. տարին առանց պատերազմի պատուհանը նեղանում է

ԱՄՆ-ում ներքաղաքական լարվածությունը, որն ուղեկցվում է միգրացիոն ճգնաժամով և ունի խիստ նախընտրական երանգ, գոնե մինչև նոյեմբեր նվազեցնելու է այդ երկրի նախաձեռնողականությունն արտաքին քաղաքական հարցերում: Եվ սա վատ լուր է Արևմուտքի միջնորդական առաքելության հետ հույսեր կապող Հայաստանի համար և հնարավորությունների պատուհան՝ Ադրբեջանի համար:

Միացյալ Նահանգներում ներքաղաքական լարվածության աճը հակառակ համեմատական է արտաքին, այդ թվում ուկրաինական ու հայ-ադրբեջանական հարցերում այդ երկրի ակտիվությանը: 

Ուկրաինան արդեն տևական ժամանակ է, ինչ ամերիկյան նշանակալի ռազմական օժանդակություն չի ստանում, որը հանգեցրել է ռազմաճակատի (Ռուսաստանի համար) նախ կայունացման, իսկ որոշ հատվածներում ռուսական զորքի դիրքերի ուժեղացման: Ուկրաինայի ռազմական աջակցության փաթեթը ներքաղաքական լարվածության խորացման հետևանքով Կոնգրեսում հայտնվել է պատանդի կարգավիճակում: 

Ուկրաինային բազմամիլիարդանոց աջակցության ծրագրերի շուրջ ԱՄՆ-ում և Եվրոպայում աճում են հանրային դժգոհությունները։

Արևմուտքի մյուս բևեռի՝ ԵՄ-ի, թե՛ ռեսուրսները, թե՛ մոտիվացիան սահմանափակ են, ու մեծապես պայմանավորված են օվկիանոսից այն կողմ կայացվող որոշումներով: Ավելին` Եվրամիությունն առանձին ռազմական միավոր չէ, և մեծամասամբ ՆԱՏՕ-ի մասն է, այդ դաշինքի անվտանգության «սպառողը»:

Ադրբեջանի կոշտացող հեռետորաբանությունը կարող է մեծապես պայմանավորված լինել ԱՄՆ-ում նախընտրական իրավիճակով, երբ գործող նախագահն ու նրա վարչակազմը գոնե մի քանի ամիս հայտնվում են «կաղ բադի» կարգավիճակում: Շատերը կարող են ասել` Ադրբեջանն ի՞նչ է, ցանկության դեպքում, անգամ ներքաղաքական լարված իրավիճակում, Վաշինգտոնը կարող է մի քանի որոշումներով սառեցնել Բաքվի տաք գլուխները:

Գուցե և կարող է, Ադրբեջանն անխոցելի չէ, թերևս բավական խոցելի է, բայց... Նախ, դժվար է պատկերացնել, որ նման որոշումները կկայացվեն շատ արագ ու օպերատիվ, այն էլ նախընտրական փուլում: Հատկապես, որ ԱՄՆ-ը մի անգամ արդեն պետքարտուղարի օգնականի շուրթերով զգուշացրեց Արցախում էթնիկ զտումը չհանդուրժելու մասին ու... ու ոչինչ:

Էթնիկ զտումն իրականություն է, իսկ Վաշինգտոնը հարմարվել է տարածաշրջանային նոր իրողությանը, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղ միավոր:

Մյուս կարևոր նկատառումը՝ ոչ թե Ադրբեջանն է շատ կարևոր, այլ Վաշինգտոնի համար Հայաստանն է նվազ կարևոր, իսկ Հարավային Կովկասն ԱՄՆ գլոբալ քաղաքականության առաջնահերթությունների մեջ չէ։ Ավելին, ԱՄՆ-ը հանուն Հայաստանի հազիվ թե առճակատման գնա Ադրբեջանի ու նրա հովանավոր Թուրքիայի հետ:

ԱՄՆ-ին առաջին հերթին հետաքրքիր է բոլոր ուղղություններում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Կողմերը վերադարձել են Սառը պատերազմի տրամաբանությանը: Հարավային Կովկասն այդ ուղղություններից է, բայց  ոչ առանցքայինը: Գլխավոր ուղղությունն Ուկրաինան է, որի առաջնահերթությունը հատկապես աշխարհակարգի փոփոխության տեսանկյունից այնքան կարևոր է, որ երկուստեք պատրաստ են պատերազմի: 

Հարավային Կովկասը ածանցյալ մարտաբեմ է: Դրա համար էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը այստեղ չեն գնում խաղադրույքների բարձրացման: Դրանով է պայմանավորված անվտանգության երաշխիքներ տալու հարցում առկա դժկամությունը, երբ այդ հարցը հայկական կողմը բարձրացնում է արևմտյան գործընկերների մոտ: Սա ոչ վատ է, ոչ լավ: Սա շահերի, դրանց կարևորության մասին է, որոնցով պայմանավորված է ներդրվող ռեսուրսների բնույթը:  

Ուստի առնվազն մինչև նոյեմբեր-դեկտեմբեր Ադրբեջանի համար նոր հնարավորությունների պատուհան է բացվում, ինչպես բացվեց 2022-ին` Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների ֆոնին, որից Բաքուն առավելագույնս օգտվեց: 

Մի տարբերությամբ, այս անգամ կարող է ավելի բարդ լինել` պայմանավորված Ռուսաստանի տրամադրվածությամբ, որի համար Լեռնային Ղարաբաղից հեռանալու հեռանկարը սրում է տարածաշրջանից կառչելու աշխարհաքաղաքական բնազդը: Դրա իրագործման եզակի հնարավորություններից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», իսկ ավելի ստույգ` այդ հաղորդուղու նկատմամբ վերահսկողությունը:

Սա Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է Հարավային Կովկաս: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակմանը Ռուսաստանն առավելագույնը կարձագանքի դիվանագիտական և քաղաքական, բայց ոչ երբեք ռազմական գործիքակազմով: 

Հնարավոր այս հեռանկարով պայմանավորված՝ շատերը զգուշացնում են, որ 2024-ը Հայաստանի համար էլ ավելի անկանխատեսելի կարող է լինել` կարևորելով առաջին հերթին ներքին դիմակայունության բարձրացումը Բաքվից բխող կոնֆրոնտացիոն սցենարներին պատրաստ լինելու համար: Հայաստանի համար տարին առանց պատերազմ անցկացնելու հնարավորությունների պատուհանը նեղանում է: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում