Շաբաթն անցավ։
Չորեքշաբի՝ ապրիլի17-ին, պայթեցվեց պաշտպանության նախարարության հին շենքը։
Խորհրդային ժամանակների պանելային կառույցը՝ իր մեջ մեծ, բարդ, խորդուբորդ, պատմական շրջափուլ ամփոփած, փլվեց դանդաղ ու հուժկու։ Վերին հարկի մետաղյա պատուհանները աստիճանաբար, մեկը մյուսի հետևից կորցրին հենման կետերը, ծռվեցին։ Ծնկեց շենքը՝ վերածվելով պատմական փոշու ամպի։ Մեծ փոշին պատկառելի շառավղով ծածկեց մոտակա նորատունկ ծառերը, որոնք ոչինչ չունեին հիշելու։
Երբևէ շենքում չեմ եղել։
Բայց մի օր, 1993-ին, «Հայ զինվոր» թերթի խմբագրությունից տուն գնալու ճանապարհին, իմ կուրսեցի Տիգրան Դևրիկյանը, որն այդ ժամանակ, կարծեմ, աշխատում էր ՊՆ լրատվականում, Ձկան խանութի մոտ ոգևորված պատմում էր ՊՆ-ում Կոմանդոսի աշխատասենյակի մասին։ Ոգևորված էր, որ մի չափազանց համեստ, փոքր, չկահավորված սենյակում էր նստում Կոմանդոսը։ Ու միաժամանակ պատմում էր եղբոր՝ մեր ավագ ընկեր Վարդան Դևրիկյանի մասին, որն այդ ժամանակ և դրանից առաջ Արցախում էր, որպես լրագրող-ազատամարտիկ։ ՊՆ նախկին շենքը այդ մի համառոտ դրվագով պատկերավոր մնաց հիշողությանս մեջ։
ՊՆ շենքի փլուզման տեսարանը Փելեշյանի «Մենք»-ն էր, բայց «Նրանք» վերնագրով։ Շատերս դրա մեջ խորհրդանշական բան տեսանք։
Եվ ամենից տարօրինակը՝ այդ օրը չգտա հարմար մեկին, որի հետ խոսեի զգացածիս մասին, մի մասը չափից դուրս երիտասարդ էին, մյուս մասը՝ չափից դուրս ռացիոնալ։
Նույն օրը՝ չորեքշաբթի, ապրիլի 17-ին, Լեռնային Ղարաբաղից հեռացավ ռուսական զորքը։ Սկսեց հեռանալ։
Տեսանյութի ընթացքում կորստի վերջին ելունի նման մի զգացում կար։ Ռուսական ռազմական ներկայությունը սեպտեմբերին արդեն «ավարտել» էր խաղաղապահի իր մեծ առաքելությունը, ու նրանց հանդեպ վերաբերմունքը հակիրճ է։
Հեռացող զրահատեխնիկային ու բեռնամեքենաներին նայելիս ուզում էի բառերով ձևակերպել մակաճած տխրության անունը․ ադրբեջանցիներից բացի վերջին անգամ այլ, ուրիշ, կողմնակի, իբր չեզոք մարդկանց վերջին հայացքն էր՝ տեսանյութում ուրվագծվող մեր սարերին, ծառերին, երկրի կեղևին նայող վերջին հայացքը, և այդ հայացքը ռուս զինվորի մեջքին էր, որովհետև ռազմական մեքենաների վրա զինվորները մեջքով էին դեպի մեր սարերը։ Գնում էին։ Նրանց գնալու ընթացքում ես տեսնում էի մեր կեղևը, սարի ուրվագիծը, օդի գույնը, եղանակը։
Ղարաբաղը չորս տարվա մեջ վեց խաղաղապահ ունեցավ՝ Ռուստամ Մուրադով, Միխայիլ Կոսոբոկով, Գենադի Անաշկին, Անդրեյ Վոլկով, Ալեքսանդր Լենցով, Կիրիլ Կուլակով։ Վերջինը՝ Կիրիլ Կուլակովը, որ նշանակվել էր 2023 -ի սեպտեմբերի 3-ին, Ղարաբաղի հանձնումով եզրափակեց խաղաղության քառամյակը։
Ղարաբաղցիները չորս երկար ու լարված սպասման տարիների ընթացքում ամեն ինչի հավատալու տենդի մեջ հրամանատարների կենսագրությունում, ինչպես ռուսական ֆիլմի տիտրերում, հայի անուն էին փնտրում, և անկեղծ հավատում էին՝ այսինչ հրամանատարը հայ ընկերներ ունի, այն մյուսի նույնիսկ կինն է հայ․․․
Ուրբաթ՝ ապրիլի 19-ին, շաբաթը եզրափակվում է Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի հացադուլի լուրով, երբ հորդառատ անձրևից հետո Երևանի վրա մի հատու ծիածան կախվեց։
Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում չորս գյուղ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտնում է երկուսուկես գյուղի հանձնման մասին։
Տարվա ավարտին մնում է 255 օր։
Լուսինե Հովհաննիսյան











