Գլխավոր Լրահոս

Ու որպեսզի թվա, թե ապրում ենք, խևության իմիտացիա ենք անում 

Ու որպեսզի թվա, թե ապրում ենք, խևության իմիտացիա ենք անում 

Երբ Խուստուփի գլխին ուղղաթիռը ամբարձած բերում էր ճոպանից կախված սև դաշնամուրը, կարճատեսիս թվաց, թե մի անգամ տեսել եմ դրվագը։ 

Բայց՝ չէ, իմ տեսածը կով էր՝ Դանելիայի «Միմինո»-ում։

 Մերը կով չէր կարող լինել։ Մերը մշակույթ պիտի լինի։

Համասյանը հրաշալի դաշնակահար է։ Համասյանի համերգին ներկա են եղել իմ ամենասիրելի, մտերիմ ընկերները, ոչ շատ մտերիմ, բայց սիրելի ընկերներն էլ։ 

Ուրեմն, գրածս ոչ ընկերներիս դեմ ու մասին է, ոչ, առավելևս՝ Համասյանի։ 

Եթե Հայաստանի տարածքը Վլադիվոստոկից մինչև Պսկով ու Յամալ-նենեցական ինքնավար մարզից մինչև Ալթայ լիներ, ինչ խոսք՝ հարավում  չէին իմանա, թե ինչ են անում հյուսիսում մի «սովորական» օր։

 Բայց այլ է պատկերը, երբ չափերդ փոքր են ստացվել, տեղդ էլ նեղ է։

Մեր թշնամի երկիրը Հայաստանի Հանրապետությունից մի հատված է պահանջում։ Հայաստանի կեսը, գոնե, դեմ է Տավուշից հակառակորդին տարածք տալու գաղափարին։ Այդ թվում՝ իմ ընկերները։

Բոլորը գիտեն` ինչով է վտանգավոր մեզ համար ադրբեջանական դիրքերի առաջ գալը։ Մեր երկրի վարչապետը խոստացել է, որ եթե չտանք գյուղերը Ադրբեջանին, պատերազմ կլինի, և ավելացրել՝ «եթե տանք էլ, չեմ երաշխավորում, որ չի լինի»։ Հազվագյուտ անվտանգային երաշխավոր է։ 

Բայց երևի հազվագյուտը հազվագյուտներին է հանդիպում ճակատագրական երկնակամարում։ 

Որովհետև երեքշաբթի օրը Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ ուղղակի ու անուղղակի պայքարողներս չորեքշաբթի զբաղված ենք։ Չի լինում հողի համար պայքար, եթե դու չես գժվել դրանից, չես եռում անարդարությունից, չես ցատկել տեղից։

- Հո անընդհատ կռվից չե՞նք խոսելու, կռվի ժամանակ էլ են մարդիկ ապրել։

- Անպայման։ Իհարկե, ապրել են։ 

Բայց փոքր ստացված երկրի հյուսիային հատվածում մարդիկ ճանապարհ են փակում՝ վախենալով, որ եթե ադրբեջանցին հայտնվի հարևանությամբ, ինքը ապրել չի կարողանալու, Տավուշը դատարկվելու է։ Վարչապետն էլ ասում է՝ երաշխիք չեմ տալիս, որ կարողանալու եք, բայց երազում եմ, որ ուրախանաք, որ ադրբեջանցին մի քանի մետրի վրա է, դուք էլ նախորդ օրը օնլայն ու ոչ օնլայն հարթակներում պայքարել եք Հայաստանի գյուղերը հանձնելու դեմ, ու չորեքշաբթի՝ չէ, որովհետև զվաղված եք՝ համերգի եք։

Ուրեմն սա, նախ՝ պայքար չէ։

Հետո՝ մեզ ինչ-որ բան շատ ուժեղ հետաքրքրո՞ւմ է։ 

Եվ արդյոք Ալիևը ինչ անի, եթե մեզ իրոք էլ չի հետաքրքրում ոչինչ։ 

Այ, սրա մասին էի ուզում ասել։ Եվ, բնավ ոչ՝ համերգին ներկա գտնվողների, Համասյանի մասին։ 

Մեր խնդիրը ուզելու բացակայությունն է։ Բայց մենք, իրոք, պահանջելիս էլ ոչինչ չենք ուզում։ 

Պահանջելու իրական ուժը ես տեսել եմ։ Մի քանի անգամ եմ տեսել։

Պահանջել առանց շատ ուզելու՝ սա է մեր վիճակը։ 

Մեծարգո Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, չգիտես ինչու, Ջաբրայիլի դեղին ավազուտների փոքր բլուրը՝ Լելեթեփե անունով, Տերյան-Մոսկովյան խաչմերուկում ապրողին ահավոր հետաքրքրում էր, և ինքը անպայման ուզում էր, որ բլուրը պահվի։ 

2020-ից հետո մենք ոչինչ չենք ուզում։ Բացի՝ սարի գլխին համերգից։

Սա այն վիճակն է, երբ մեզ կորցրել ենք լրջորեն, ու որպեսզի թվա, թե ապրում ենք՝ խևության իմիտացիա ենք անում։ 

Լուրջ մտահոգություն պիտի լինի՝ ինչից սկսել վերանորոգել մեր հոգեկան վիճակը։ Որովհետև ոչինչ չկարևորելով՝ կկորչենք։ Մենք այնքան կայացած չենք, որ ինքնահոսի կարողանանք ապրել։

Հնարավոր չէ խաբել Ալիևին, թե Տավուշ ենք պահում, եթե երեքշաբթի պահում ենք, չորեքշբաթի զբաղված ենք՝ կոնցերտի ենք։ Սարի գլխին։

Իսկ Ալիևը հրաշալի գիտի մեր վիճակը։ Նա այդ վիճակը տեսել է իր երկրում։ 

Որպեսզի ինչ-որ բան լինի, պետք է ուզել, որ լինի։ Մենք ոչինչ չենք ուզում։ Ուզում ենք ապրել՝ սովորական, շատ սովորական ապրել։ Մեզ թույլ չեն տալիս սովորական ապրել։ Մեր մի մասը պայքարելու-մեռնելու իմիտացիա է անում, մյուս մասը՝ ապրելու։ 

Բայց նույնիսկ մեր հոգեկանի վերականգնման երկարատև աշխատանքը կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ չերաշխավորի փոխարեն երաշխավոր լինի։ Եվ այդ երաշխավորը չլինի նա (չլինեն նրանք), ում պատճառով հայտնվել է չերաշխավորը։

Իսկ առայժմ Դանելիայի՝ վրացական բարձր սարերում կորած գյուղացի փոքրիկ տղայի նման կարող ենք վազել օդ բարձրացող ուղղաթիռի հետևից ու գոռալ․ «Валико, не хочу бинокль»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում