Գլխավոր Լրահոս

Ում են պետք այսպիսի գրագետները

19-րդ դարում Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին հրաշալի զորավար էր, որը մի շարք փայլուն հաղթանակներ տարավ օսմանյան զորքերի նկատմամբ և Եգիպտոսը փաստացի անկախ և հզոր երկիր դարձրեց: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա վարժ խոսում էր միայն մայրենի լեզվով՝ ալբաներեն, իսկ թուրքերեն և արաբերեն ընդամենը հասկանում էր: Մուհամեդ Ալին տառաճանաչ դարձավ 40 տարեկանում, երբ երկրում արդեն լայնածավալ բարեփոխումներ էր նախաձեռնել՝ հողային, վարչական, ռազմական, արդյունաբերական, կրթական և այլն:

Մուհամեդ Ալիի նպատակն էր Եգիպտոսը եվրոպական տիպի հզոր պետություն դարձնել: Նա շատ լավ հասկանում էր, որ դրա համար առաջին հերթին լավ մենեջերներ են պետք, և Եվրոպայից լավագույն մասնագետների հրավիրեց Եգիպտոս տեղացիներին կառավարել սովորեցնելու, ստեղծեց պրոֆեսիոնալ բյուրոկրատների դաս, վերջ տվեց մամլուքների զինված խմբավորումների անօրինականություններին և այլն:

Ինչպե՞ս պատահեց, որ անտառաճանաչ Մուհամեդ Ալին կարողացավ Եգիպտոսն այդպիսի հզոր երկիր դարձնել: Պատասխանը շատ պարզ է՝ նա ուներ մեծ տեսլական և քաջ գիտակցում էր, որ երկրի զարգացման ամենակարևոր նախապայմանը բոլոր մակարդակներում ճիշտ կառավարում՝ մենեջմենթ ունենալն է:

Տառաճանաչության առումով Հայաստանի բարձրագույն ղեկավարներից ու նախարարներից շատերը ևս չեն տարբերվում Մուհամեդ Ալիից: Բայց Ալիի հետ համեմատությունը դրանով վերջանում է, որովհետև ի տարբերություն Ալիի՝ Հայաստանի ղեկավարները ո՛չ երկրի զարգացման տեսլական ունեն (չգիտեն կամ մեղմ ասած՝ անտարբեր են, թե երկիրը ինչ ուղղությամբ է գնում), ո՛չ էլ լավ մենեջերներ են:

Այնուամենայնիվ, Հայաստանի պետական համակարգում այսօր շատ ուսյալ չինովնիկներ կան, հիմնականում՝ 35-40 տարեկան, և հաճախ է խոսվում, որ այդ ուսյալները կարող են երկիրը դեպի լավը փոխել:

Սա թերևս չարդարացված ակնկալիք է մի շարք պատճառներով:

Նախ՝ երկրի էլիտան պետության զարգացման տեսլական չունի, որի պարագայում ուսյալների գիտելիքները կծառայեին այդ նպատակին:

Երկրորդ՝ ուսյալ այդ չինովնիկները պետության զարգացման տեսլականի բացակայության պայմաններում դարձել են էլիտայի հլու-հնազանդ սպասավորը և արժեհամակարգի կրողը և հազիվ թե կարողանան հետագայում փոխվել:

Երրորդ՝ կերակրատաշտից օգտվելու պայմաններում նրանք ավելի են կատարելագործում հանրային բարիքները կեղեքող մեխանիզմները, և ինչպես իրենց չուսյալ տերերը, պետական իշխանության լծակները դիտարկում են որպես անձնական բիզնեսի հնարավորություն: Նրանք երբեք իրենց տերերին չեն ընդդիմանում անօրինականությունների համար, ավելին՝ օգնում և փորձում են արդարացնել այդ անօրինականությունները:

Չորրորդ՝ պետական համակարգում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող այսօրվա ուսյալ չինովնիկների մեծագույն մասի սկզբունքը սկզբունք չունենալն է: Կասեն՝ դարձե՛ք կուսակցական, կդառնան, կասեն՝ սեղմե՛ք այս կոճակը, կսեղմեն, կասեն՝ երգե՛ք այս երգը, կերգեն:

Հարց է առաջանում՝ ում են պետք այսպիսի գրագետները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում