«Սպառազինություններ ձեռք բերելու Հայաստանի քաղաքականությունը լեգիտիմ չէ և Ադրբեջանի համար վտանգներ է պարունակում»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու գործարքին և արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը։
Բաքուն որպես հիմնավորում հիշատակել է Հայաստանի վերջին 30 տարվա քաղաքականությունը, որն «ուղեկցվել է միջազգային իրավունքի և սկզբունքների կոպիտ խախտումներով»։
Ադրբեջանի արտգործնախարարությունն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին նախապայման է համարել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը՝ այն որակելով որպես «գլխավոր պայման»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը վերոնշյալ հայտարարությունից բացի տարածել է ևս մեկը՝ ըստ էության շարունակելով նախորդի միքտը․ «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու Հայաստանի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի։ Ադրբեջանի դեմ նման սադրանքների և քաղաքական շահարկումներով լի մտքերի փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»։
***
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է, թե «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ կարծիք է հայտնել, թե հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը վտանգ է ներկայացնում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք «տարակուսանք են առաջացնում»։ «Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել էր ԱԳՆ-ը։
Civilnet











