Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունը 25 օրում 515 430 արձանագրություն չի կազմել․ տարածված լուրը սխալ է

Ոստիկանությունը 25 օրում 515 430 արձանագրություն չի կազմել․ տարածված լուրը սխալ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում հուլիսի 26-ին տարածվել է տեղեկություն, թե ոստիկանության պարեկային ծառայությունը ընդամենը 25 օրվա ընթացքում երթևեկության խախտումների փաստերով 515 430 արձանագրություն է կազմել: Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:


Լուրի սկզբնաղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթի հուլիսի 26-ի «515 430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերիալ է»» վերտառությամբ հրապարակումն է:

Հոդվածում նշվում է, որ Պարեկային ծառայությունը «միայն 2024-ի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության խախտումների փաստերով շուրջ 515 430 արձանագրություն է կազմել»: Որպես տեղեկության աղբյուր՝ հղում է արվում Պարեկային ծառայության կազմակերպման վարչության տվյալներին:

Էկրանապատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից։

Այս տեղեկությունն արագ տարածվեց տասնյակ այլ լրատվամիջոցներում, այդ թվում՝ Tert.am, Lurer.com, 24news.am, Armday.am, Iravunk.com, Asekose.am, Infoport.am,  Pastinfo.am լրատվական կայքերում:

Տեղեկությունը սխալ  է. ՆԳՆ-ն հերքում է

Լուրի տարածումից ժամեր անց Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց այդ տեղեկությունը: Նա հայտնեց, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից մինչև հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ յոթ ամսվա ընթացքում:


«Ժողովուրդ» օրաթերթը հերքումից հետո խմբագրել է իր հոդվածը՝ առանց դրա մասին հոդվածում հատուկ նշում անելու: Լրատվական այլ կայքերում, որոնք արտատպել էին նյութը, սխալ տեղեկությունը մնացել է անփոփոխ: Անգամ ՆԳՆ խոսնակի հերքումից հետո լուրը շարունակում է տարածվել:

Այսպիսով, լրատվամիջոցներում տարածված պնդումը, թե Պարեկային ծառայությունը 25 օրում 515 430 արձանագրություն է կազմել, սխալ է: Իրականում այդքան արձանագրություն կազմվել է ոչ թե 25 օրում, այլ յոթ ամսվա ընթացքում:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում