Գլխավոր Լրահոս

Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը

Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը

Սոցցանցերում և լրատվամիջոցներում հոկտեմբերի 7-ից տարածվում են տեղեկություններ որ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված երաժիշտների նկարները: Առաջինն այդ մասին ահազանգել է դիրիժոր, հանրային գործիչ Վարդան Հակոբյանը՝ Ֆեյսբուքում հրապարակելով բուհի դատարկ պատի լուսանկարը:

«Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են»,- գրել է Հակոբյանը։

Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրապարակումը տարածել են HayqNews, MAMUL.am, KENTRON.am, News.am, 24News, այլ լրատվամիջոցներ ու նաև ֆեյսբուքյան էջեր։

#CivilNetCheck-ը այցելել է Կոնսերվատորիա և պարզել, թե ինչ է նախկինում եղել նշված պատին, ինչու է այն այժմ դատարկ և արդյոք բուհից հեռացվել են զոհվածների լուսանկարները։

Լուսանկարների փոխարեն հուշաքար է եղել

Ներկայում ԱՄՆ-ում գտնվող Վարդան Հակոբյանը, պատասխանելով #CivilNetCheck-ի հարցին, թե ինչ տեղեկությունների հիման վրա է արել հրապարակումը և արդյոք ունի պատին լուսանկարների առկայությունը հաստատող ապացույցներ, նշեց, որ ինքն էլ է սպասում համապատասխան լուսանկարի։

«Դուք կարող եք դասախոսների և ուսանողների հետ խոսել համոզվելու համար, նկարի ես էլ եմ սպասում։ Իրենք նույնիսկ չեն էլ հերքում, որ այդտեղ եղել է հերոսների անկյուն, իրենք արդարանում են, որ դրա փոխարեն շենքի հետևում տարիներ առաջ ծառատունկ են իրականացրել, ու դա բավական է։ Այնպես որ դասախոսներն են ահազանգել»,- նշեց Հակոբյանը։

Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը, սակայն, հոկտեմբերի 8-ին հայտարարություն տարածեց՝ ապատեղեկատվություն որակելով տարածվող տեղեկությունները։

«Կոնսերվատորիայի ետևի բակում տնկված են մեր զոհված զինվորների անվանական ծառերը։ Իսկ օպերային դահլիճի հարակից հատվածում, ինչպես և նախկինում, տեղադրված է նրանց հիշատակին նվիրված պաստառը»,- նշված է գրառման մեջ։

#CivilNetCheck-ը Կոնսերվատորիայում խոսել է երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների հետ, որոնք նշում են, որ ո՛չ տվյալ պատին, ո՛չ էլ բուհի այլ պատերին զոհվածների առանձին լուսանկարներ երբևէ չեն տեսել։

Ուսանողական խորհրդի նախագահ Արամ Շիրինյանը և պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ նշված պատին զոհվածների առանձին լուսանկարներ երբեք չեն եղել։ Նրանց խոսքով՝ մինչև այդ հատվածի վերանորոգումը պատին փակցված է եղել զոհվածների անուններով հուշաքար, որը տեղադրվել էր 2021-ի ապրիլին։ Կոնսերվատորիայի շենքում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022-ին։

Ինչո՞ւ հուշաքարը չի վերադարձվել իր նախկին տեղը

Կոնսերվատորիայի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ վերանորոգումից հետո նախկին պատի փոխարեն կառուցվել է գիպսակարդոնե պատ, որի վրա ծանր հուշաքարն ամրացնել հնարավոր չէ։ Նրանց խոսքով՝ շինարարներն այդ մասին նախապես զգուշացրել են բուհի ղեկավարությանը։

Պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը նշեց, որ հուշաքարը պահպանված է, սակայն դեռ չի որոշվել, թե որտեղ այն կտեղադրվի։ Նրա փոխանցմամբ՝ հարցը նախատեսվում է լուծել երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում։ Քննարկվում է նաև հուշաքարով ցայտաղբյուր կառուցելու տարբերակը։

Կոնսերվատորիայից ընդգծում են, որ զոհվածների հիշատակի հավերժացման աշխատանքները շարունակվում են, իսկ նախաձեռնություններն իրականացվում են նաև նրանց ընտանիքների մասնակցությամբ։

Մասնավորապես, 2025-ի նոյեմբերին զոհվածների հարազատների մասնակցությամբ բուհի բակում տնկվել են հիշատակի պուրակի անվանական ծառերը։ Կոնսերվատորիայում նախատեսում են առաջիկայում նշել պուրակի բացման մեկամյակը։

Բուհում #CivilNetCheck-ի արած լուսանկարները հաստատում են, որ զոհվածների հիշատակին նվիրված լուսանկարներով պաստառը շարունակում է մնալ իր տեղում։ Պահպանվել է նաև հիշատակի պուրակը։

Լուսանկարներում զոհվածներին նվիրված պաստառն ու պուրակը
Լուսանկարներում զոհվածներին նվիրված պաստառն ու պուրակը

Այսպիսով, Վարդան Հակոբյանի պնդումը, թե Կոնսերվատորիայի պատից հեռացվել են 44-օրյա պատերազմում զոհված երաժիշտների լուսանկարները, չի հաստատվում։ Բուհի ներկայացուցիչների և ուսանողների փոխանցմամբ՝ նշված պատին նախկինում լուսանկարներ չեն եղել։ Այնտեղ տեղադրված է եղել զոհվածների անուններով հուշաքար, որը վերանորոգման ընթացքում հեռացվել է և մինչ օրս չի վերադարձվել իր տեղը։ Կոնսերվատորիայից դա բացատրում են նոր պատի կառուցվածքային առանձնահատկություններով։

Միաժամանակ, զոհվածների լուսանկարներով հիշատակի պաստառն ու անվանական ծառերով պուրակը շարունակում են մնալ Կոնսերվատորիայում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում