Եթե հանձնարարվեր մեր ինքնության մասին ու, հետևաբար, մեր ինքնության հետևանք պետության մասին շատ բնութագրական ու համառոտ մի բան պատմել, չօգտագործելով քաղաքական, տնտեսական, ռազմական, գաղափարական որևէ տերմին, ես սա՛ կպատմեի՝ պատշգամբի պատմությունը։
2010-ի վերջերին, երբ միացա ֆեյսբուքյան համայնքին, բալկոնի պատմությունն արդեն կար։
Այդ տարիներին ֆեյսբուքյան հանրությունը դեռ սենտիմենտալ էր, սրտակից, որովհետև որպես համույթ թարմ էր ու առաջին անգամ էր ելույթ ունենում, և սրտառուչ էր արձագանքում ամեն ինչին։ Եվ երբ լրահոսում հայտնվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի խնդիրը, երբ իմացանք, որ պատշգամբը փլուզման եզրին է, «վա՜յ» արեցինք։ Չէ՝ վայ-վայ արեցինք, մի քանի անգամ։
Անցավ վեց տարի։
Եթե համացանցում որոնման վանդակում գրեք «Մեր մանկության տանգո-ի հայտնի պատշգամբը», տարբեր թվականների նյութեր կհեղեղեն։
Այսպես, 2016-ի նոյեմբերի 20-ին «Սպուտնիկ Արմենիա»-ն գրում է․ «Մեր մանկության տանգոն» կամ շենքերի ճակատագիրը վտանգված են․
«Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895-ին՝ Խաչատուր Աբովի կողմից։
Նախկին Շչորսի 2 (Աճեմյան) հասցեում գտնվող Սիրուշի պատշգամբը երկու տարբեր շինություն է։ Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895-ին՝ Խաչատուր Աբովի կողմից։ Ինչպես նշված է պատի արձանագրության մեջ, այն պատկանել է հայտնի առևտրական Խոյեցյաններին։ Մյուս հատվածը կառուցվել է 1900-ականների սկզբին, որտեղ տեղակայված է եղել նախկին քաղաքային փոստատունը: Կառույցներն իրար շատ նման են, անզեն աչքով գլխի չես ընկնի, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցված:
Ավելի ուշ հարուստ առևտրականների այս տներն ազգայնացվել են։ Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, ավելի ուշ` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։ Երկու տարբեր՝ 1926 և 1988 թվականների երկրաշարժերը խարխլել են շենքը, սակայն երկար ժամանակ այստեղ անօթևան ընտանիքներ են բնակվել: Շենքի մի հատվածը վերանորոգվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում, պահպանելով կառույցի նախկին տեսքը, 2012-ից գործում է Շիրակի մարզային գրադարանը։
Եթե շենքի այս հատվածի ճակատագիրը իտալացիների աջակցությամբ «լավ է դասավորվել», ապա մյուս՝ ֆիլմի պատշգամբի հատվածը, որը ևս ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում է, աղբանոցի է վերածվել՝ դառնալով կատուների ու շների հավաքատեղի: «Կումայրի» արգելոցը Գյումրիի քաղաքապետարանին առաջարկել է պատշգամբը հատուկ սյուներով ամրացնել, իսկ Մշակույթի նախարարությանը` չափագրում կատարել»:
2019-ի հուլիսի 29-ին Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել․
«ՀԽՍՀ-ում նկարահանված (Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի դերակատարմամբ) «Մեր մանկության տանգոն» տրագիկոմեդիայում հայտնի պատշգամբի ու շինության ճակատագիրը դեռևս մնում է օդում առկախված։
Ինքնափլուզվող շենքը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև մեզ` հայերիս մոտ։ 2017-ից ի վեր տեղական իշխանությունները սպասում են ռուսական կողմի պատասխանին, որպեսզի որոշեն շենքի ճակատագիրը։ Իսկ էդ ընթացքում օրերից մի օր շենքն ամբողջովին կփլուզվի, և կվերանան ոչ միայն շենքի մնացորդները, այլև կջնջվեն պատմության հետքերը և լեգենդար ֆիլմի մասին տեղային հիշողությունները։ Կամ տեղական իշխանությունները կոմպետենտ չեն բանակցություններ վարելու «ցարական Ռուսաստանի» ներկայիս հետնորդների հետ, որպեսզի շենքն ամբողջովին պատկանի հայերին, ու մշակույթի ոլորտի պատասխանատու ենթագերատեսչությունը ստանձնի հետագա հոգածության ու պատմական հուշարձանի պահպանման խնդիրների լուծումը, կամ միտում եմ տեսնում, որ շենքը ոչ ոքի պետք չէ ու ցանկություն էլ չկա զբաղվել դրա հարցերով»։
Այդ նույն թվականի մարտ ամսին «Հայկական ժամանակը» գրում է․
«Ներկա պահին պատմական շենքը քայքայվել, սկսել է ինքնափլուզվել: ՀՀ-ն ինչքան մշակույթի նախարար ունեցավ, նույնքան էլ շենքի վերականգնման ծրագիր մշակվեց: Բոլորն էլ, իհարկե, թղթի վրա: Դեռ 2017-ին Արմեն Ամիրյանը եկավ Գյումրի և ներկայացրեց շենքի վերականգնման վիրտուալ նախագիծը, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին և երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան: Այդ նպատակի իրականացման համար 1 մլն դոլար էր պահանջվում: Այնուհետ եղավ առաջարկ վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը համարվեց աննպատակահարմար»:
2022-ի օգոստոսին մամուլում հայտնվում է հետևյալ լուրը․ «Ավարտվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատմական շենքի վերակառուցման համար հայտարարված ճարտարապետական նախագծերի մրցույթը: Մինչ այդ՝ ապրիլին, հայտարարվել էր վերականգնման էսքիզային տարբերակների մրցույթ, մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան ճարտարապետական ընկերություններ, որոնք առաջարկել էին շենքի վերակառուցման ինքնատիպ տարբերակներ՝ ալեքպոլյան շրջանի հին ճարտարապետական ոճը համադրելով նորարարական լուծումների հետ:
Շենքը 2019-ին կառավարության որոշմամբ հատկացվել էր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, վերակառուցումից հետո Աճեմյան 25 և Աճեմյան 2/2 շենքերը կունենան մեկ հասցե ու կվերածվեն տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի: Նախագծային մոտեցումներում առանցքային է եղել կրթական հարմարավետ միջավայր ստեղծելու կոնցեպտը: Էսքիզային նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվել են, բայց դեռ չեն հանրայնացվում»։
Սա պատշգամբի մասին նյութերի մի փոքր մասն էր միայն։
Մեկ պատշգամբի մասին է խոսքը։
Մի հատ բալկոնի։
Խառնված են պետություններ, նախարարություններ, մրցույթներ են անցկացվել, իրար են հաջորդել նախարարներ, հեղափոխություն է եղել։
Մի բալկոնի վերանորոգումը տևել է տասնհինգ տարի։
Ատոմակայանի վերանորոգման կամ գործարկման մասին չէ խոսքը, Միջպետական թունելների կառուցման հարց չէ, հակաօդային պաշտպանության համակարգերի գնման թեմա չէ, մի պստիկ բալկոնի վերանորոգման մասին է։
Ուղիղ տասնհինգ տարի սա խնդիր է։
Տասհինգերորդ տարվա յոթերորդ ամսում՝ 2024- ի հուլիսի 28-ին, Ինֆոքոմը հայտնում է․
«Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ»:
Ահա այսքանը կպատմեի, եթե հանձնարարեին մեր մասին մի բնութագրական բան պատմել՝ առանց քաղաքական, տնտեսական, ռազմական տերմիններ օգտագործելու։
Լուսինե Հովհաննիսյան











