Գլխավոր Լրահոս

Դադարել միֆականացնել ինստիտուտները

Դադարել միֆականացնել ինստիտուտները

Անհատների քայլերից անկախ՝ վերջնարդյունքը միևնույն է՝ հենց սա էր լինելու։ 

Այս պնդմանը հաջորդում են դոգմատիկ ճշմարտությունները՝ մենք չէինք կարողացել արդյունավետ պետական ու կրթական համակարգ ստեղծել, չէինք կարողացել բանակը բարեփոխել, անվտանգությունը չէինք դարձրել առաջնանպատակ, թույլ էինք տվել պետության մինչև վերջին բջիջը համակած կոռուպցիա։

Այս ամենը ճիշտ է։ Բայց այս ամենը կարծես անպայմանորեն անտեսում է այն դերը, որ անհատը կամ անհատները կարող են ունենալ իրադարձությունների ընթացքի ու վերջնարդյունքի վրա։

Ի՞նչ ճակատագիր կունենար Միացյալ Նահանգները, եթե Ջորջ Վաշինգտոնը և ԱՄՆ մյուս հիմնադիր հայրերը չդնեին իշխանության խաղաղ փոխանցման սահմանադրական հիմքերը։

Արդյոք Պրուսիայի՞ շուրջ կլիներ Գերմանիայի միավորումը, եթե չլիներ Օտտո ֆոն Բիսմարկը։

Ի՞նչ պետություն կստեղծվեր Օսմանյան կայսրության փլատակների վրա, եթե չլիներ Մուստաֆա Քեմալը։

Ինչպիսի՞ն կլիներ Բրիտանիայի ճակատագիրը, եթե Երկրորդ աշխարհամարտում նրա առաջնորդը չլիներ Ունիսթոն Չերչիլը։

Կամ ինչպիսին կլինե՞ր Ֆրանսիայի ճակատագիրը, եթե ֆրանսիացիներին չառաջնորդեր Շառլ դը Գոլը, որի ղեկավարությամբ Երկրորդ համաշխարհայինում պարտված Ֆրանսիան դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու միջուկային տերություն։

Պատմության ընթացքի վրա անձերի բացասական դերի օրինակներն էլ են բազմաթիվ։ 

Փորձագիտական դաշտում, հատկապես՝ դրսի դիտորդների շրջանում, մեծ հակում կա զարգացումների վերջնարդյունքը բխեցնել ինստիտուցիոնալ պատճառներից՝ ակադեմիական բանաձևերով, որոնք «հավակնում են» մաթեմատիկական ճշգրտության։ 

Այս ամենի մեջ կա ճշմարտություն։ Բայց սա ակվարիումային ճշմարտություն է կամ կիսաճշմարտություն։

Հենց անհատներն են՝ ուժեղ անհատները, որ նպաստում են ինստիտուտների ստեղծմանը։ Ֆրենսիս Ֆուկույաման ասում է, որ ժամանակակից արդյունավետ պետությունը պայքարն է ընտանիքի դեմ։ Այսինքն՝ թե որքանով է կարողանում պետության ղեկավարը վեր կանգնել մարդուն ներհատուկ արյունակցական հակումներից ու նպաստել ինստիտուտների ձևավորմանը։

Վերադառնանք մեր իրականություն՝ ավելի կոնկրետ հարցադրումներով․

- Համակարգային բոլոր արատներով հանդերձ՝ ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի ընթացքը, եթե Սերժ Սարգսյանը չաներ սահմանադրական փոփոխություն և անելուց հետո չդրժեր խոստումն ու չդառնար վարչապետ։

- Ինչպիսի՞ն կլիներ երկրի ճակատագիրը, եթե Սարգսյանը ոչ թե հետադարձ համաձայներ Լավրովի պլանին, այլ ժամանակին։ 

- Ինչպիսի՞ երկիր կունենայինք այսօր, եթե Փաշինյանը 2018-ից հետո ջանք գործադրեր հասկանալու Ղարաբաղյան խնդրի խորությունը և օգտագործեր իր քաղաքական ահռելի լեգիտիմությունը խաղաղության հասնելու համար՝ ոչ թե տարվեր դատարկ պոպուլիզմով։

- Ի՞նչ տեղում կլիներ Հայաստանը, եթե Փաշինյանը խոհեմություն դրսևորեր ճիշտ գնահատելու Հայաստանի իրական կարողություններն ու տարածաշրջանում ուժերի փոխված բալանսը։

- Ի՞նչ արդյունքներով կավարտվեր 2020-ի պատերազմը, եթե Փաշինյանը քաջություն ունենար ավելի շուտ կանգնեցնելու այն և ոչ թե կոչ անելու «ձևավորել կամավորական ջոկատներ (նվազագույնը՝ 30 հոգի)․․․ ու հաղթել»։

- Ինչպիսի՞ն կլիներ Արցախի ճակատագիրը, եթե Հայաստանը ձեռքերը չլվանար ու չհրաժարվեր բանակցություններից։ Օրինակ, եթե 2022-ի դեկտեմբերին Արցախի շրջափակման առաջին օրերին Արարատ Միրոզյանը չհրաժարվեր բանակցություններից Լավրովի ու Բայրամովի հետ ու փորձեր հասնել ապաշրջափակմանը։

- Ընդհանրապես, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի ճակատագիրը, եթե նա չափազանցված ակնկալիքներ չունենար Ռուսաստանից ու ճիշտ գնահատեր նրա և իր սեփական շահերն ու հնարավորությունները։ 

***

Մի պահ պատկերացրեք, որ 1990-ականների անկանխատեսելի ու ծանր տարիներին Հայաստանի ու Արցախի առաջնորդները լինեին Փաշինյանի նման մարդիկ։ Մեր հարևան երկրներում նման օրինակներ կան, ի դեպ։

Ու այստեղ ինստիտուտները առանձնապես կապ չունեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում