Գլխավոր Լրահոս

Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն ընդամենը 2026-ի նախընտրական քարոզարշավի սկիզբն է

Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն ընդամենը 2026-ի նախընտրական քարոզարշավի սկիզբն է

Հայաստանում հասարակական ու քաղաքական մի խումբ գործիչներ նախաձեռնում են հանրաքվեի գործընթաց Եվրամիությանն անդամակցելու կարգախոսով։

Ինչ խոսք, միանգամայն նորմալ է, երբ հասարակությունը կամ երկիրը ձգտում է Եվրամիության անդամակցության, որովհետև այդ անդամակցությունը եվրոպական արժեքների՝ մարդու արժանապատվության ու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության  մասին է։

Եվրամիությունը նաև տնտեսական ու ինստիտուցիոնալ մեծ հնարավորություն է իր անդամների համար։ Անդամակցած կամ անդամակցել պատրաստվող երկրների համար դա նշանակում է հանրային կառավարման որակի, արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացում։ Դա մեծ հաշվով նշանակում է կյանքի ստանդարտի բարձրացում։ Յուրատեսակ աքսիոմ է, որ աշխարհում անհատն ու հասարակությունները ավելի լավ ու ապահով են ապրում այն երկրներում, որտեղ կան վերոնշյալ ազատություններն ու ստանդարտները։ 

Երկրների անդամակցությունը Եվրամիությանը տարիներ, եթե ոչ տասնամյակներ է տևում։ Այդ ընթացքում նրանք պետք է ինստիտուցիոնալ արմատական փոփոխություններ իրականացնեն, որպեսզի մոտենան անդամակցելու հնարավորությանը։ Իհարկե, Եվրամիության ներսում տարբեր երկրներ ունեն կյանքի տարբեր ստանդարտներ ու տնտեսական զարգացման տարբեր աստիճան, և Եվրամիության ընդլայնումը իր անմիջական սահմանների երկայնքով եղել է նաև քաղաքական շարժառիթներից ելնելով։ 

Անդամակցությունը երկկողմ գործընթաց է։ Ինչքան էլ մեծ լինի ցանկությունդ Եվրամիության անդամ դառնալու, նախևառաջ ինքը՝ Եվրամիությունը պետք իր դուռը քո առջև բացի։ Ներկայում, չնայած Եվրամիության հետ Հայաստանի խորացող գործակցությանը, անդամակցության մասին խոսակցությունները ժամանակավրեպ են։

Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե կազմակերպող հասարակական ու քաղաքական գործիչներն ըստ էության սկսում են 2026-ի խորհրդարանական  ընտրությունների նախընտրական արշավը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիների աղետալի իրադարձություններից հետո արևմտամետ և հակառուսական ցանկացած նախաձեռնություն ժողովրդականություն է վայելում։ 

2026-ի ընտրությունից առաջ հանրաքվե նախաձեռնող այս ուժերն ու գործիչները փորձելու են իրենց կողմը գրավել հանրության այն հատվածներին, որոնք լավ պատկերացում չունեն Եվրամիության անդամակցության իրական գործընթացի մասին։

Հանրաքվե, ըստ էության, չի կայանալու։ Սակայն հենց այդ փաստը քաղաքական այս ուժերն ու գործիչները կսկսեն օգտագործել՝ մեղադրելու գործող կառավարությանը ռուսամետ քաղաքականության մեջ և արևմտամետ ձայներ իրենց օգտին հավաքելու համար։ Եթե նրանց հաջողվի 10-15 տոկոս ձայն հավաքել, 2026-ի ընտրություններից հետո մեծ հավանականությամբ կոալիցիա կկազմեն իշխող քաղաքական ուժի հետ (իհարկե, եթե մինչ այդ ֆորս մաժորներ չլինեն):

Գալով Եվրամիությանն ու եվրոպական  արժեքներին։ Դա ոչ թե ներքաղաքական շարժառիթներով հանրաքվե կազամերպելն է, այլ, օրինակ, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Եթե դու, օրինակ, եվրոպամետ քաղաքական գործիչ ես, ունես լրատվամիջոց, ապա բարի եղի՛ր հանրայնացնել այդ լրատվամիջոցի էթիկական նորմերն ու ֆինանսավորման աղբյուրները։ Բարի եղի՛ր ասել՝ արդյոք դու քո աշխատողներին ծրարով աշխատավարձ տալիս ես, թե ոչ։

Մնացած ամենը ֆարս է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում