Գլխավոր Լրահոս

Տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել է ոչ թե 23 404, այլ 11 951 արցախցի

Տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել է ոչ թե 23 404, այլ 11 951 արցախցի

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը վարչապետին հարց էր ուղղել՝ նշելով նաև տվյալներ Հայաստանից հեռացած արցախցիների վերաբերյալ։

«Պետք է նշեմ, որ մեր տվյալներով՝ «Armenia Today»-ի, որոնք ստացել ենք Ազգային անվտանգության ծառայությունից, բավականին մեծ արտագաղթ կա արցախցիների շրջանում։ Միայն 23 404 մարդ արտագաղթել է վերջին երեք ամիսների ընթացքում և մեծ մասը դեռևս չի վերադարձել։ Ես չեմ խոսում, որ 40 000 և ավելի հազար մարդ արտագաղթել է առհասարակ 2020 թվականից հետո»,- ասել էր լրագրողը։ 

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, ասել էր․ «Հարգելի լրագրողը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների մեկնածների թիվը, բայց կա նաև վերադարձածների թիվ, որը պակաս չէ, պարզապես հանրության մոտ թյուրընկալում չառաջացնելու համար»։

#CivilNetCheck-ը պարզել է, թե քանի արցախցի է գնացել Հայաստանից և չի վերադարձել։

Արտագաղթի վերաբերյալ հնչեցրած թիվը սխալ է 

Ինչպես նշեցինք, լրագրողը վկայակոչել է Armenia Today-ի հոդվածը, որն ուսումնասիրելով՝ պարզում ենք, որ լրագրողը շփոթել է և սխալ է ներկայացրել տվյալները։   

Հոդվածում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղում հաշվառված 49 975 մարդ է մեկնել Հայաստանից, որից 23 404-ը վերադարձել է, իսկ 26 571-ը՝ ոչ։ 

Այսինքն՝ Armenia Today-ի հրապարակած տվյալները վերաբերում են չորս տարվան՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2024-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածին։

Լրագրողը, մինչդեռ, իր հարցում նշել էր, թե վերջին ամիսներին (հունիս-օգոստոս) 23 404 արցախցի է արտագաղթել։ 

Այսինքն, Armenia Today-ի լրագրողի հնչեցրած թիվը՝ 23 404-ը, վերաբերում է վերջին չորս տարիներին Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող, ՀՀ մուտք գործած արցախցիներին (այս թվի մեջ չեն մտնում Լեռնային Ղարաբաղից ՀՀ մուտք գործած արցախցիները)։ 

Հատկանշական է, որ ԱԱԾ-ն բռնի տեղահանված արցախցիների թիվը հաշվարկում է 2023-ի սեպտմեբերի 25-ից սկսած, իսկ լրագրողի հնչեցրած թիվը վերաբերում է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում հաշվառում ունեցող անձանց։ 

Քանի՞ արցախցի է հեռացել Հայաստանից 2023-ի սեպտեմբերից մինչ օրս

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 2023-ի սեպտեմբերի 25-ից՝ տեղահանության առաջին օրերից սկսած, մինչև 2024-ի սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 24 261 անձ, վերադարձել է՝ 12 310-ը, չի վերադարձել 11 951-ը։

էկրանապատկերը՝ ԱԱԾ-ի պատասխանից

Այսինքն, 2023-ից մինչ օրս Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11 951 արցախցի, ինչը լրագրողի հնչեցրած թվից երկու անգամ քիչ է։

Նշենք, որ արտագաղթը հաշվարկվում է՝ հաշվի առնելով մի քանի ցուցանիշ, ինչի վերաբերյալ #CivilNetCheck-ն առանձին հոդված ունի։

Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը

Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում ներքին գործերի նախարարության՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասել էր, որ օգոստոսի 30-ի դրությամբ ստացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4 300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմում, իսկ շուրջ 3 000-ն արդեն ստացել են Հայաստանի քաղաքացիություն։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում