Հայաստանում համաշխարհային երեք ընկերությունների բացման նոր ժամկետներ են նշվում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը 2024-ի հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ 2024-ին նախարարությունը պետք է իրականացնի 21 միջոցառում, որոնցից մեկն աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է։ Փոխնախարարը, սակայն, չէր հայտնել, թե ինչ ընկերությունների մասին է խոսքը։
#CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչ զարգացումներ են եղել, և արդյոք որևէ ընկերություն նշված ցանկից հաստատվել է Հայաստանում։
Խոշորագույն ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու նոր ժամկետներ
Նախկին փոխնախարարի նշած 21 միջոցառումը հաստատվել էր նաև կառավարության՝ 2023-ի օգոստոսի 24-ի 1450-Լ որոշմամբ։
Այս որոշումից տեղեկանում ենք, որ խոսքը Fortune ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակի մասին է, որոնցից երեքը պետք է ներկայացուցչություն ստեղծեին Հայաստանում։
Այդ ցուցակում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Apple-ը, Walmart-ը և այլն։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ծրագրի վերջնաժակետը, սակայն, երկարացվել է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ոչ թե 2024-ին, այլ մինչև 2026-ի դեկտեմբերը։
Այսպիսով, 2024-ին Հայաստանում երեք խոշորագույն ընկերությունների ներկայացուցչություններ բացելու խոստումը չի իրականացվել։
Փաստերի ստուգում
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










