Լավ տոնը և mauvais տոնը

Չի կարող տոն լինել մի երկրում, որի կառավարության կազմը զինվորական համազգեստ է փորձում այնպիսի լրջությամբ, ինչպիսի լրջությամբ փոքրիկ աղջիկը կփորձեր իր մոր բարձրակրունկ կոշիկները, իսկ սահմանամերձ գյուղերը հոգեվարքի մեջ են:
Տոն չի կարող լինել մի երկրում, որի վեհափառից պահանջում են ներողություն խնդրել: Քանի որ չի լինում այդպիսի բան, դե չի՛ լինում այդպես, չի՛ լինում:
Եվ տոն չի կարող լինել այն մայրաքաղաքում, որի երկրի նախագահին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի օսլայած դահլիճում հարցնում են՝ «դուք խաղո՞ւմ եք խաղատներում»:
Չկա, չի լինում տոն մի քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ մարդասպանը դուրս է գալիս բանտից այնպիսի հանգստությամբ, ինչպիսի հանգստությամբ մենք ամեն օր դուրս ենք գալիս տնից:
Չշտապեք պնդել հակառակը, որովհետև սա գրել եմ Սերժ Սարգսյանի օրոք՝ Էրեբունի-Երևանի առթիվ։ Եվ իմ առաջադեմ ընկերության իննսուն տոկոսը հավանություն է տվել․ շատ են հավանել․բոլոր նրանք, ովքեր այսօր կքարկոծեին այս միտքը, եթե այսօրվա մասին լիներ։ Այն «այսօրվա», որտեղ պետության համար գրեթե բոլոր արհավիրքները պատահել են։
Նույն մարդակազմը, որ Սերժ Սարգսյանի օրոք փողոցներում սին իրարանցման մեջ այսուայնկողմ վազվզող ակտիվիստներին ասում էր՝ ինչներիդ վրա եք ուրախացել, այսօր տերմինաբանորեն հագեցած տեքստերով ոչ միայն հիմնավորում, այլև ծաղրում է նրանց, ովքեր զարմանում են ուրախանալու առիթ հնարելու վրա։
Նույնիսկ ողբերգությունների լեգիտիմությունը ճանաչելիս առաջնորդվում ենք եթե ոչ շահով, ապա մարդու հանդեպ մեր իռացիոնալ վերաբերմունքով, որը տեղ-տեղ կոչվում է սեր։ Այդպիսին է մեր քաղաքական-փորձագիտական միտքը, մեր ժողովրդական վերլուծական ներուժը, այդպիսին ենք մենք ընդհանրապես։
Եթե այս ողբերգությունը տեղի ունենար Սերժ Սարգսյանի օրոք, այսօր իմ առաջադեմ ընկերության մեծ մասը կասեր․ «ինչներիդ վրա եք ուրախացել, ուղղակի ապշել կարելի է»։
Սերժ Սարգսյանի օրոք մենք քաղաքապետարանին հարցում էինք ուղղում՝ որքան գումար է ծախսվել Էրեբունի-Երևան տոնակատարության վրա, ապա հաշվում, թե ինչեր կարելի էր կառուցել, վերակառաուցել, գնել այդ գումարով։
Բայց դա Սերժ Սարգսյանի օրոք։
Այսօր բոլորը հոգեբան են և ցիտում են «Կյանքին ասել այո» խորագրի տակ երբևէ որևէ բան ասած ժամանակակից ու դասական հոգեբաններին։
Իրականության մեջ ողբերգություն կա, ողբերգությունը չտեսնելու համար մայթը փոխում ենք։ Հանկարծ հետամնաց չթվալու համար տոնելու ու փառատոնելու մեջ չտեսի բարդույթ և խեղճություն կա։
Այս տարի Էրեբունի-Երևանը համընկավ Ստեփանակերտի բնակելի շենքերը քանդելու տեսահոլովակների հետ։ Ով հետաքրքրված էր փաստով, տեսավ, որ այս մի մայրաքաղաքի հետքը կամաց-կամաց ջնջվում է։ Այդ տներում ապրած մարդիկ մեր քաղաքում են։ Սարդուրիների ու Իշպուինի հետ քսանականներին սարքած ավանը կապ չուներ, բայց ուրարտական արմատներով մայրաքաղաքին վայել է, որ հին ավանդույթների համաձայն չծղրտա պարկապզուկը, երբ կողքիդ անտուն մարդիկ են, որոնք օնլայն ռեժիմով հետևում են, թե ինչպես են քանդում իրենց տները։
Իսկ Էրեբունի-Երևանը իմ պատանեկության սիրելի տոներից էր, որովհետև Նոր տարուց բացի խորհրդային տոների մեջ միակն էր, որի իմաստը հասկանալի էր։
Եվ էլի հուշը նույնն է․ Էրեբունի-Երևանը սեպտեմբերի տասի կողմերը դպրոցում հայտնվող ընկեր Օսիկն էր՝ պարուսույց Հովսեփ Շամամյանը, մի կարճահասակ, հայկական կառուցվածքով տղամարդ, որի հայտնվելով դպրոցի բարձր դասարանները իջնում էին բակ։ Ու ընկեր Օսիկը, որ մինչ այդ փոքրամարմին ու չերևացող մարդ էր, հանկարծ միացած երաժշտության տակ ձեռքերը տարածում էր, պարի գալարուն մի ալիք էր անցնում փոքր մարմնով, և ինքը դառնում էր արվեստ, իսկ մենք մեկ ամիս հետո էինք արվեստ դառնում ընկեր Օսիկի շնորհիվ, երբ հոկտեմբերին Երևանի գլխավոր փողոցներում պարում էինք նրա սովորեցրած պոլկան, վալսը ու Սպենդիարյանի Էնզելին։
Լավ տոնը չարժե դարձնել mauvais ton:
Լուսինե Հովհաննիսյան










