Գլխավոր Լրահոս

«Հայաստանում հաջողակ տղամարդը հարուստ տղամարդն է»

«Հայաստանում հաջողակ տղամարդը հարուստ տղամարդն է»

Հայաստանում ենթատեքստեր չկան․ ամեն ինչ ուղիղ է ասվում։

Հայաստանն ավելի անկեղծ երբևէ չի եղել։

Ուզում ես ասել, որ հաջողակ տղամարդը հարուստ տղամարդն է, ասում ես։ Ուզում ես ասել, որ «էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել», «արձագանքը հետո կտեսնես», ասում ես։ Բարձր պաշտոնից ես ասում, ոչ փողոցում։

Խորհրդային ժամանակներում ապրած մարդիկ հաճախ ընթացիկ կյանքի ֆինանսական անկարողությունը հոգեբանորեն մեղմելու համար հպարտությամբ հիշում են, թե «սովետի ժամանակ» հայրը իրենց ոնց էր պահում։ Երբ հետաքրքրվում էիր՝ հոր զբաղմունքը, մասնագիտությունը ինչ է, պարզվում է՝ օրինական աշխատավարձով բոլորովին «այդպես» ապրել հնարավոր չէր։ Անհարմար ես զգում բացատրել ու չես բացատրում «լավ հոր» ժառանգին, որ հայրը, մեղմ ասած, վերցնում էր իրեն չպատկանողը։

Մարդու հաջողակ կամ անհաջողակ լինելու չափանիշները հոգեբանության մեջ մի շարք են։ Մարդու ապագայամետ լինելն է հաջողակության պայման, նոր իրավիճակներին արագ հարմարվելու ունակությունը, ակտիվ կենսագործունեությունը, ցածր տագնապայնությունը, բարձր ինքնագնահատականը, ինքնավստահությունը։

Հետխորհրդային հասարակության մեջ ամեն ինչ ավելի պարզ է․հաջողակ տղամարդը շատ փող ունեցող տղամարդն է։ Աշխարհում էլ՝ նախատիկտոկյան ժամանակներում, հաջողակությունը ֆինանսական բարձր կարգավիճակն էր, բայց ֆինանսական բարձր կարգավիճակը որպես ողջ կենսագործունեության արդյունք, այլ ոչ հանկարծահաս «երջանկություն»։ Մեր իրականությունը «կենսագործունեության արդյունք» պայմանը չի դնում։

Իսկ շատ փող մեր երկրի նման երկրներում հազվադեպ է լինում առանց խղճի հետ հատուկ պայմանավորվածության։

Եթե «հաջողակ» բառի հականիշը անհաջողակն է, ուրեմն խորհրդային տարիների բոլոր գիտաշխատողներն անհաջողակ էին։ Նրանցից ոչ ոք հարուստ չէր։ Հարուստն ու ազնիվը միշտ հակադրության մեջ էին։

Հաջողակ տղամարդը նոր Հայաստանում գործարարն է համարվում։

Հայաստանում հաջողակը հարուստն է։

Բայց Հայաստանի քաղաքական բոլոր ընդվզումների հիմքում սոցիալական բունտն է, բացի՝ 1988-ից։ Հարուստներին երկրում պատվում են ճամփից հետ քաշվելով, երկյուղած պատրաստակամությամբ ասածն անելով, բայց բունտը միշտ հարուստների դեմ է։

Հայաստանում կշիռ ունեցող մարդիկ ունևոր մարդիկ են, բայց Հայաստանի բնակչությունը միշտ վիրավորված է հարուստներից, բայց՝ միայն հարուստների հավաքականից, որովհետև կոնկրետ անուն-ազգանունով հարուստ մարդու առաջ միջին հայը միշտ ընկրկում է՝ համարելով, որ ինքը փոքր մարդ է նրա առաջ։

Հայաստանում հաջողակ տղամարդը հարուստ տղամարդն է։

Միջին հայը չի կարող հաջողակ համարել կենսաքիմիայով զբաղվող գիտաշխատողին, քանի դեռ նա հարուստի ատրիբուտներով չի ներկայանում։ Հաջողակ չի կարող համարվել ուսուցիչը, շարքային լավ բժիշկը, սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարը, երաժշտական դպրոցի դասատուն, պարարվեստի ուսումնարանի պարուսույցը, հնագետը, ազգագրագետը, դերասանը, երգիծաբանը, զինվորականը։ «Անհաջողակների» փաղանգի այս թվարկումը կարելի է շարունակել։ Ոչ մեկի մտքով չի անցնի «անհաջողակների» նշված շարքից որևէ մեկին հրավիրել ընթրիքի՝ թանկ նվերի ակնկալիքով։

Պետականին շատ մոտ մակարդակով ուսուցիչ, երաժիշտ, դասախոս, բժիշկ, նկարիչ, քանդակագործ, դերասան, բանաստեղծ, գրող տղամարդկանց անհաջողակ պիտակավորելը շարքային անփութություն էր՝ բովանդակության հերթական բացահայտմամբ։

Բովանդակությունը արտաքուստ այսքան բացահայտ երբեք չի եղել։

Հայաստանում բոլորն անկեղծացել են։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում