Արշալույս Մղդեսյան
Երբ լսում ենք պաշտոնյաների հպարտ հայտարարությունները Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման մասին, հաճախ մոռանում ենք հարցնել՝ իսկ ինչպես է այդ թվայնացումն արտացոլվում հասարակ քաղաքացու առօրյայում։ Մինչ կառավարությունը հյուրընկալում է ՏՏ միջազգային համաժողովներ, քաղաքացիները հանրային ծառայությունների ոլորտում առերեսվում են 20-րդ դարի անհասկանալի բյուրոկրատական խոչընդոտների։
Պատկերացրեք իրավիճակ. դուք գործարար եք, ձեր բիզնեսը կախված է ժամանակին կնքվող պայմանագրերից, արտասահմանյան գործուղումներից, և հանկարծ հայտնվում եք անձնագրային ծառայության գրասենյակում։ Ձեր առջև բացվում է հայկական իրականության մի յուրօրինակ պատկեր՝ 21-րդ դարի տեխնոլոգիական հնարավորությունների և խորհրդային ժամանակներից ժառանգված բյուրոկրատական մտածելակերպի տարօրինակ համադրությամբ։
21 օր՝ մեկ պլաստիկ քարտ տպելու համար։ Թվում է՝ սա կատակ է, բայց ոչ։ Երկրում, որտեղ ՏՏ ոլորտը հռչակված է զարգացման գերակա ուղղություն և արդեն երկրորդ անգամ անցկացվում ՏՏ գլոբալ համաժողով, սովորական նույնականացման քարտի տպագրությունը վերածվում է մի ամբողջ արշավի։ Սա այն դեպքում, երբ աշխարհի զարգացած երկրներում նմանատիպ գործընթացները տևում են ընդամենը մի քանի ժամ կամ մի քանի օր, իհարկե, հավելյալ վճարի դիմաց։
Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Համակարգի անկատարությունը դրսևորվում է նաև վճարման գործընթացում։ «Համակարգը չի աշխատում» արտահայտությունը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը։ Եվ ոչ ոք չի կարող ասել՝ երբ այն կվերականգնվի։ Սա ցույց է տալիս ոչ միայն տեխնիկական խնդիրները, այլև կառավարման համակարգի թերությունները։
Ուշագրավ է, որ անձնագրային բաժնի աշխատակիցները, գիտակցելով իրավիճակի անհեթեթությունը, փորձում են մեղմել խնդիրը՝ սիրալիր վերաբերմունքով և արագ սպասարկմամբ։ Սակայն նրանց ջանքերը չեն կարող փոխարինել համակարգային լուծումներին։
Այս իրավիճակը բարձրացնում է մի շարք հարցեր։ Ինչպե՞ս է հնարավոր, որ երկիրը, որը հավակնում է դառնալ տարածաշրջանային ՏՏ կենտրոն, չի կարողանում ապահովել հանրային ծառայությունների արդյունավետ թվայնացում։ Ինչո՞ւ են միլիոնավոր դոլարներ ծախսվում ՏՏ ոլորտի զարգացման վրա, երբ պարզագույն վարչական գործընթացները շարունակում են մնալ անարդյունավետ։
Խնդիրը միայն տեխնիկական չէ։ Այն խորն արմատներ ունի կառավարման մշակույթում և համակարգային մոտեցման բացակայության մեջ։
Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ բացահայտվում են խնդրի իրական մասշտաբները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայում Հայաստանում նույնականացման քարտերի տպագրության ընդամենը մեկ սարք կա, այն էլ՝ կիսաշխատ վիճակում։ Սարքավորումն արտադրությունից հանված մոդել է, որի վերանորոգումն այլևս հնարավոր չէ իրականացնել։ Նոր համակարգի գործարկումը նախատեսված է միայն 2026-ին, ինչը նշանակում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում քաղաքացիները հերթերի ու սպասումների մեջ են լինելու։
Եթե միակ գործող սարքը շարքից դուրս գա, ինչը բացառել չի կարելի՝ հաշվի առնելով դրա հնամաշ վիճակը և տեխնիկական պատշաճ սպասարկման անհնարինությունը, Հայաստանի քաղաքացիները կարող են հայտնվել անելանելի վիճակում՝ մնալով առանց անձը հաստատող փաստաթղթերի։ Սա կարող է հանգեցնել ոչ միայն վարչական, այլև սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների։
Ապագա լուծումը պետք է լինի համապարփակ։ Անհրաժեշտ է ոչ միայն ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև վերափոխել պետական կառավարման մշակույթը։ Պետական ծառայությունները պետք է կողմնորոշված լինեն դեպի քաղաքացին, լինեն պարզ, թափանցիկ և արդյունավետ։
Վրաստանը կողքն է, հեռու մի՛ գնացեք
Մենք ստիպված չենք «հեծանիվ հորինել»։ Հարևան Վրաստանում արդեն տասնամյակից ավելի է, ինչ գործում է պետական ծառայությունների մատուցման արդյունավետ մոդել՝ «Արդարադատության տուն»։ Այստեղ մեկ պատուհանի սկզբունքով մատուցվում է մի քանի հարյուր ծառայություն՝ սկսած անձնագրերի տրամադրումից մինչև բիզնեսի գրանցում և անշարժ գույքի հետ կապված գործարքներ։
Վրացական մոդելի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական լուծումներով, այլև համակարգային մոտեցմամբ։ Քաղաքացին այլևս ստիպված չէ մեկ պարզ գործարքի համար այցելել տասնյակ հիմնարկներ՝ վատնելով իր ժամանակը, նյարդերն ու էներգիան։ Ամեն ինչ կենտրոնացված է մեկ վայրում, իսկ գործընթացների ճնշող մեծամասնությունը՝ թվայնացված։
Հարց է առաջանում՝ եթե հարևան երկիրը, որ տնտեսական ցուցանիշներով ու կառավարման ժառանգությամբ շատ մոտ էր մեզ, կարողացել է ստեղծել նման արդյունավետ համակարգ, ինչո՞ւ Հայաստանը, ունենալով նույնիսկ ավելի զարգացած ՏՏ ոլորտ, չի կարողանում հասնել նման արդյունքների։ Խնդիրը, ակնհայտորեն, ոչ թե տեխնիկական հնարավորությունների, այլ քաղաքական կամքի և տեսլականի բացակայությունն է։
Քանի դեռ այս գիտակցումը չի դարձել գործողությունների խթան, շարունակելու ենք ապրել այս պարադոքսալ իրականության մեջ, որտեղ անցկացվում են միջազգային ՏՏ համաժողովներ (ի դեպ, էլեկտրաէներգիայի խափանումներով և անորակ ինտերնետով), իսկ պետությունը չի կարողանում պարզագույն վարչական գործընթացները դարձնել արդյունավետ։
Արշալույս Մղդեսյան










