Տոն, որ չնշվեց Հայաստանում

Ամենակարևորը՝ հանրային հարթակի կարևոր տղամարդկանցից ոչինչ չհասկացավ հասարակության մյուս հատվածը՝ ճանաչում չունեցողները և կանայք։
Նոյեմբերի 19-ը աշխարհում նշվում է որպես տղամարդկանց միջազգային օր։ Նշվում է 1999-ից, և առաջին անգամ նշվել է Տրինիդադ և Տոբագոյում։
Աշխարհում տղամարդիկ մի տեղ իշխող են ու ենթարկող, մի տեղ գենդերայնորեն հավասար են և անգամ երբեմն-երբեմն հաշտ ու հանդարտ են կանանց հետ՝ անհավասարության և հանուն հավասարության պայքարի թեմայի բացակայությամբ պայմանավորված։
Այսօր լրահոսում հայտնվեց մի հիշատակում․ 2020-ի նոյեմբերի 19-ին մահացել է Մանվել Գրիգորյանը։
Տարիներ շարունակ քաջ-հերոսականից մինչև բիրտ ուժի մարմնացում ընկալված Մանվել Գրիգորյանը տասնամյակներ Հայաստանի Հանրապետության հանրային հարթակի ամենածանրակշիռներից էր։ Նրան դեմ դուրս գալ չէր փորձում ոչ ոք, քանի որ ուժը բիրտ էր, նրա քաջությունը չէր հերքում ոչ ոք, քանի որ հողը հանձնված չէր, և հեղափոխությունների ժամանակ նրա միանալ կամ չմիանալը դեր ուներ։ Իսկ քաջության ընթացքում եղած բիրտության զոհերը ստիպված էին լռել։
Նրա հանրային բովանդակությունն ավարտվեց հետհեղափոխական նուդիզմով, և հասարակության քաջն ու բիրտը ներկայացավ խտացրած կաթի ու մսի պահածոյի գողոնի տեսքով՝ հողին հավասարեցնելով և՛ քաջությունը, և՛ բիրտ ուժը, և՛ հանրային էպիկականությունը։ Ապա, մահամերձ գեներալին ցուցադրում էին դատարանի դահլիճում՝ հանուն հեղափոխական արժեքների։
Իսկ հանրությունը մնաց մոլորված՝ ով էր իր հանրային հերոսը։
Նոյեմբերի 13-ին սոցիալական ցանցերում նշվեց Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը։ Հայ նորագույն շրջանի ամենաաղմկահարույց, խարիզմատիկ, ծանր մեղադրանքներով ծանրաբեռնված, հակասական, տաղանդավոր և բազմաբարդ կերպարներից մեկը, Ղարաբաղյան շարժման ամենասպասված հռետորը, ընկերների ամենաջերմ գնահատականին արժանացած մարդը, անկախության շրջանի ամենակենտրոնական պաշտոնյան, որը ստիպված եղավ լքել իր՝ անկասկած սիրելի երկիրը։ Եվ արատքսվելուց հետո տարիներ շարունակ, երբ քաղաքական իրավիճակը սրվում էր, հայ հասարակությունը մի խաղիկ ուներ քաղաքական՝ «ասում են՝ Վանոն գալիս ա»։ Հասարակությունն անգամ մոռացել էր Վանոյի տարիքը, և ամենաբարդ իրավիճակներում սպասում էր նրան, ում մեղադրում էր սպանությունների մեջ, և որի ուժից դժգոհ էր ու տուժած նրա կառավարման շրջանում, որի գրքերը կարդում էր ու հղում անում նրա լավագույն տողերին, այն ժամանակ, երբ երկիրը պարտվում էր կամ հանձնվում էր։
Այս երկու կերպարները չունեն ընդհանուր ոչինչ՝ կրթություն, սոցիալական շփում, ոլորտ՝ ամեն ինչ տարբեր է․․․ բացի Հայաստանից և հասարակությունից։ Նրանց հետ քչերն են առնչվել իրենց անձնական կյանքում, նրանք ընդամենը հայ տղամարդկանց որոշակի տեսակի հանրային դեսպաններն էին։ Նրանք մարմնավորումն էին այն հազարավոր մյուսների, որոնք ունենալով նույն կամ նման հատկանիշներ՝ չունեցան հանրային լինելու համար պահանջվողը։
Իսկ հանրությունը մնաց մոլորված՝ ով էր իր հերոսը։
Հայաստանը տղամարդկանց երկիր է, որքան էլ ամուր են կանանց իրավունքների համար պայքարող ՀԿ-ների հիմքերը։
Երկրի ղեկավարները միշտ տղամարդիկ են եղել։
Երկրի ղեկավարի նշանակած և վերջալույսին պաշտոնանկ արած ուժային ղեկավարները տղամարդիկ են եղել և ե՛ն, հիմնականում՝ միշտ։
Տղամադիկ են եղել և ե՛ն երկրի պաշտպանությունը ստանձնած մարդիկ։
Երկրի հոգևոր առաջնորդը կին չի լինում։
Հեղափոխությունները առաջնորդել են տղամադիկ։ Տղամարդիկ են եղել անկախության և Ղարաբաղյան շարժման ղեկին։
Ազգային-ազատագրական երգերի հերոսները տղամադիկ են՝ վեր կաց գերեզմանից, զարթիր, քելե․․
Տղամարդկիկ են ԱԺ ամբիոնից ասում, որ էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կարողանա իր ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել․․․ ապա, երբ ռեպլիկ բաց թողնողը հայտնվում է, հայտարարում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իր կայացրած որոշման մասին, ինչը «բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»․ ահա, այսպիսի բարդ նախադասություն։
Եվ հանրությունը էլի չի կարողանում ճշտել՝ ով ով է։ Հերոսի մասին այլևս խոսք չկա, պաշտոնյաներ են։
Հերոսները արդեն երեխաներն էին․ այդպես ստացվեց։
Եվ քանի որ սա տղամարդու երկիր է՝ բացառությամբ ճգնաժամային ամիսների ու տարիների, երբ կինը հորինում է չեղած ելքերն ու ելնում, հանրությունը կարիք ունի հերոսի, որի գլխավոր հատկանիշը հաջորդ եկվորը չի վիճարկելու։
Որ դրա վրա կառուցի վերնաշենքը։
Թեմա
Լուսինե Հովհաննիսյան










