Գլխավոր Լրահոս

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ինչպե՞ս էին պատկերացնում շարունակությունը 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ինչպե՞ս էին պատկերացնում շարունակությունը 

«Հարգելի ընկեր ժողովուրդ». այսպես դիմեց Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Տոնոյանը 1988-ի նոյեմբերի 24-ին Օպերայի հրապարակում հավաքված ժողովրդին։ Տոնոյանը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահն էր՝ բանվոր դասակարգից «ընտրված» պատգամավորը։

Այդ տարին էլ էր նահանջ։ 1988-ի նոյեմբերի 24-ին, հիմա արդեն դժվար է ասել՝ պատմական, կիսապատմական, բայց անկասկած նշանավոր այդ օրը, մենք համոզված էինք, որ կարևորագույն բան ենք անում և համոզված էինք, թե պատրաստ ենք կրելու դրա պատասխանատվությունը։ 

Նոյեմբերի 24-ին Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան պետք է գումարվեր։ 22-ին սկսված հերթական նստաշջանը ընդհատվել էր։ Իշխանությունները խոչընդոտում էին, և Ղարաբաղյան շարժման ղեկավարների որոշմամբ նիստը գումարվելու էր Օպերայի դահլիճում։ Դա միակ դեպքն էր, որ Օպերայում Գերագույն խորհրդի նիստ էր լինում։ Շարժման ավելի ակտիվները այցելում էին Գերագույն խորհրդի պատգամավորների տները՝ համոզելու, որ մասնակցեն նիստին։ 

Նոյեմբերն այդ տարի ցուրտ էր։ Այդ տարի առաջին անգամ Գերագույն խորհրդի նստաշրջանը գիշերը եղավ։ Երեկոյան 8-ին, երբ պատգամավորները սկսեցին գալ, Օպերայի հրապարակում հավաքվածները ամենակենտրոնում, մարդկանց ամենահոծ մասում քանոնով գծած արահետ էին բացում նիստի եկող պատգամավորների համար, պատրաստ էին ձեռքերի վրա տանել, միայն պատգամավորները գան, որ քվորում լինի, նիստը կայանա։

Օպերայի ծանր դռները փակվեցին։ Նիստը սկսվեց։ Այլևս խոչընդոտ չէր լինելու։ Քվորում կար։ Այդ օրը Գերագույն խորհրդի արտահերթ նիստում պետք է որոշում ընդունվեր, համաձայն որի ԽՍՀՄ օրենքները Հայաստանում կարող են ուժ ունենալ միայն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի վավերացումից հետո։ 

Հրապարակը թողեցի, երբ նիստն արդեն սկսված էր։ Հաջողությունն ակնհայտ էր, հրապարակը լեփ-լեցուն էր, կարելի էր գնալ տուն։ Տուն մտա ու մեխանիկորեն միացրեցի հեռուսատուցույցը․ այդ ժամանակներում հեռուսատցույցը ոչինչ չէր հաղորդում ընթացիկ կարևոր դեպքերի մասին։ Բայց ուզեցի աշխարհի հետ գոնե որևէ կապ ունենալ, քանի որ հոգնածության պատճառով չէի սպասել նիստի ավարտին։ 

Մեր տունը երկու կանգառ հեռավորության վրա էր Օպերայից։ Այդ կարճ ընթացքում իրավիճակ էր փոխվել։

Խորհրդային սև-սպիտակ հեռուսատցույցի էկրանով մեկ մի ռուս զինվորական էր խոսում։ Հեռուստացույցից հնչեց ռուսերեն առաջին նախադասությունը․ «Я - генерал-лейтенант Самсонов, комендант города Еревана․․․»։ Շարունակությունը դժվարընկալելի էր։ Մինչև ես Օպերայից հասել էի Սուրբ Սարգիս, իսկ դա ընդամնեը երկու կանգառ էր, Մոսկվան Երևանում պարետային ժամ էր մտցրել։

Այդ օրը՝ 1988-ի նոյեմբերի 24-ին, Մոսկվան նաև հակասահմանադրական էր հայտարարել Հայաստանի Գերագույն խորհրդի նիստի որոշումը։

Տարիներ շարունակ այդ օրը որպես մեր շարժման հերոսական օր եմ ընկալել։

Այդ օրը ձերբակալվեցին շարժման որոշ ղեկավարներ։ 

Հետո շարժումը դադարեց։

Հետո դեկտեմբերի 7 եղավ։ 

Հետո ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները։ 

Հայաստանը թաղվեց մղձավանջի մեջ։

Այսօրվա մասին էլի եմ գրել։ Եվ ամեն անգամ՝ հերոսական առոգանությամբ։ 

Այսօրվա հանճարեղ ներկայի հասունությունից կուզեի հարցնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին՝ շարունակությունն ինչպես էին պատկերացնում։ Իրո՞ք մտածում էին, թե Խորհրդային կայսրության նույնիսկ հոգեվարք ապրող գիշատիչը լուռ հանդուրժելու է Գերագույն խորհրդի որոշումը, մեր հաջորդ անելիքը ո՞րն էր լինելու։ Մի՞թե կարծում էին, որ այդ օրը բախումներ չեն լինելու։ Եվ մի՞թե «Ղարաբաղ» կոմիտեն պատրաստ էր բախումների։ Թե՞ կար որևէ երաշխիք։

Այս հարցերը մնացին անպատասխան, որովհետև, երբ դեռ կոմիտեն ողջ կազմով կար, այդ հարցերի փոխարեն օրվա շուրջ հերոսական պատումներ ունեի միայն։

Այսօր այդ հարցը ուղղեցի իմ ուսանողական տարիների ընկերներին, որոնք ինձնից մի քանի տարով մեծ էին, և հետագայում դեր են ունեցել Հայաստանի հասարակական, լրագրողական, մշակութային կյանքում։

Օրինակ՝ Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց, որ ամեն ինչ պայքարի տրամաբանության մեջ էր. մենք պահանջում էինք, նրանք չէին տալիս։ Բախումներ չէին լինի, նույնիսկ պարետային ժամ մտցնելը այդ պահին Գորբաչովի տեղի տված նյարդերի արդյունքն էր, որովհետև այդ պարետային ժամն էլ վեգետարինական բնույթ ուներ, երբ ուշ ժամի մի տեղից մյուսն էինք գնում, զինվորներն առանձնապես խստություն չէին կիրառում, ուղղակի կանգնում, բացատրում էինք, բաց էին թողնում։

Մյուս պատասխաններն էլ այս բովանդակության էին։

«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը Հայաստանի համար այդ օրերին վերջին հարվածն էր։ Երկրաշարժը կաթվածահար էր արել երկիրը։ Բայց մի առողջ բան էր մնացել, որ անուրանալի է նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ ուրանալի է։

Այն ժամանակ ուրիշների ողբերգությունը ավելի համընդհանուր էր։ Այն ժամանակ էլ ունեինք սոցիալական ահեղ անհավասարություն։ Մեր կողքին կային մարդիկ, որ հարստանում էին նույնիսկ երկրաշարժից տուժածներին եկած օգնության հաշվին։ Մենք դա գիտեինք, և դա սոսկալի էր։ Բայց կարևոր բանը, որ կար բոլորի մեջ՝ հետոյին սպասելն էր։ 

Մեր այն ժամանակվա պաթոսը մաքուր կենսաբանական ծագում ուներ։ Դա առոգանություն չէր, այլ օրգանիզմի դիմադրողականության առաջացրած կենսաբանական պաթոս, որը ստիպում է սպասել հետոյին։

Հետոյին սպասելը հենց կյանք է։

Կենսաբանական պաթոսի շնորհիվ ապրում էինք։

Հիմա հետոյին չեն սպասում, հարգելի ընկեր ժողովուրդ։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում