Փաշինյանը խարխլում է ժողովրդավարության սյուներից մեկը՝ տեղական ինքնակառավարման համակարգը

Երեքշաբթի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Գյումրիում կանցկացվեն նախնական ընտրություններ։
Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ավելի քան մեկ ամիս է՝ քաղաքապետ չկա քաղաքը ղեկավարող «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո։
Փաշինյանն ասաց, որ առաջիկայում ընդունվելու են օրենսդրական փոփոխություններ, դրանց արդյունքում ինքը Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելու։
«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին, համակիրներին՝ առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն [...]: Քվերակության արդյունքում հաղթած թեկնածուին Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակեմ, որն ամենայն հավանակությամբ, կլինի մեր քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասաց Փաշինյանը:
Ուշագրավ է, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ Գյումրին կառավարող «Բալասանյան» դաշինքի անդամները հրաժարվեցին մանդատներից, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց արտահերթ ընտրություններում իր թեկնածուի մասին։ Այժմ, սակայն, Հայաստանի իշխող ուժը հրաժարվում է Գյումրիում արտահերթ ընտրության գնալուց։
Գյումրիում նախնական ընտրություններ անկացնելու վարչապետի որոշումը հակաժողովրդավարական քայլ է։ Փաշինյանն ըստ էության խուսափում է այս փուլում Գյումրիում ընտրությունների գնալ՝ թերևս զգուշանալով հնարավոր պարտությունից։ Նա որոշել է քաղաքական հնարքներ կիրառել, յուրատեսակ՝ փրայմերիզ։
Հայաստանի երկրորդ քաղաքն առաջին դեպքը չէ, երբ երկրի կենտրոնական իշխանության բիրտ միջամտությամբ փոխվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձևավորված իշխանությունները կամ ճնշում է գործադրվում նրանց վրա։
Տե՛ս 2023-ի օգոստոսին հրապարակված հոդվածը՝ Հօգուտ ՔՊ-ի վերջնարդյունքով համայնքային ընտրությունների հակասական շարք
2021-ի դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայնը հավաքեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Տասն օր անց դաշինքի առաջին համարը և գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց։ Ի վերջո, վարչապետը Հայաստանի երրորդ քաղաքում քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց քրեական անցյալով մի մարդու։
2021-ի դեկտեմբերին Թալինում իշխող ուժն իր թեկնածուին ճնշումների միջոցով քաղաքապետ կարգեց, թեև նա անհրաժեշտ ձայներ չէր հավաքել քաղաքապետ ընտրվելու համար։ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, քաղաքապետ Արկադի Թամազյանը տևական ճնշումներից հետո պաշտոնանկ արվեց 2023-ի դեկտեմբերին։ Նրան փոխարինեց ՔՊ-ական մեկը։
Համայնքային ընտրություններում իրեն ոչ ձեռնտու դասավորությունը փոխելու համար Փաշինյանի իշխանությունը միջամտություններ է իրականացրել նաև Վեդիում, Բերդում, Ախուրյանում, Սիսիանում, Փարաքարում, Վարդենիսում ու Մարալիկում։
Իշխող կուսակցությունը Երևանի ավագանիում մանդատներից զրկել է մի շարք ընդդիմադիր անդամների, այդ թվում՝ 2023-ի սեպտեմբերյան ընտրություններում գործող քաղաքապետի գլխավոր ախոյան Հայկ Մարությանին։ Ավելի վաղ, 2021-ի դեկտեմբերին իշխող կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացրեց Մարությանին՝ ասելով, թե նրա և իրենց միջև «խզում» է առաջացել։
Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ ճնշումների և հատկապես 2026-ի հունիսին նախատեսված համապետական խորհրդարանական ընտրություններից առաջ Գյումրիի դեպքը մտահոգիչ միտումի մասն է ընդամենը։
Զարմանալիորեն, քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ՝ «ժողովրդավարության դրոշակակիրներ», կա՛մ պաշտպանում են Գյումրիում Փաշինյանի քայլերը, կա՛մ էլ (դեռ) դիրքորոշում չեն արտահայտել։
Կարեն Հարությունյան










