Գլխավոր երգը երգված է

1988-ի փետրվարին, երբ Հայաստանում ազգային՝ այլևս նմանը չունեցած զարթոնք էր (թող ներվի այս չարչրկված բառն օգտագործելու համար), և Երևանի Օպերայի հրապաակ եկող հոծ բազմությունը բողոքում էր խորհրդային կարգերի անարդար որոշման դեմ ու պահանջում իր ազգի մի հատվածի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի հիմնը Սովետական սոցիալիստական հանրապետության հիմնն էր։ Երբ բոլոր ազատատենչ դրսևորումները փորձելուց հետո Հայաստանը մտավ պատերազմի մեջ, և հայ տղամարդիկ կամավոր,- այստեղ շեշտում եմ կամավոր բառը, որովհետև այդ փուլում դեռ կամավոր էր,- գնացին պատերազմ, որի մասին գաղափար չունեին, որովհետև երկիրը 47 տարի պատերազմ չէր տեսել, Հայաստանի հիմնի բառերն այսպիսին էին․ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան, բազում դարեր դաժան ճամփա դու անցար» և հետո՝ «Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան, դու ծաղկում ես և կերտում լույս ապագան»։
Հիմնի և ընթացիկ կյանքի խզումը որևէ դեր չունեցավ, որովհետև այդ պահին, որևէ մեկը չէր հիշում հիմնի տեքստի մասին։
Հիմնը, այլևս կայացած երևույթի հանդիսավոր պսակն է։ Ավելի ճիշտ` ամեն ինչ անելուց և ավարտելուց հետո, մանավանդ` բարեհաջող ավարտելուց հետո, արածի մասին կամ ի պատիվ արածի հանդիսավոր երգը։
Այսօր ինչ դիրքով էլ նստենք` պարտված պետություն ենք` հայաթափված հայկական Արցախով և շատ մեծ թվով զոհերով։ Սրա ամփոփիչ բայը պանծալը լինել չի կարող։ Նույնիսկ` հրամայական եղանակով։ Սա` տրամաբանորեն։
Հիմնի ընտրության բանավեճ չկա, և ուրեմն, այդ մասին` շատ հակիրճ․ բոլոր հիմները ինչ-որ բանի մասին են։ ԽՍՀՄ հիմնը այն մասին էր, որ Մեծ Ռուսիան ազատ հանրապետությունների դաշինքը միավորել է, և կեցցե հզոր Սովետական Միությունը, կեցցե կոմունիզմը։
Ռուսաստանի դաշնության հիմնը սուրբ երկրի մասին է, որը եղբայրական ժողովուրդների միություն է՝ նախնիների տված ժողովրդական իմաստնությամբ փառավորված, մեծ և այդպիսին միակ երկրի մասին է։
Ֆրանսիայի հիմնը հեղափոխության կոչ է, զինվելու կոչ՝ ինչ են ուզում մեզնից ստրուկների այս հորդաները, դավաճանները և այլն։
Ինչի մասին է մեր հիմնը՝ դժվար է կոնկրետացնել։ Մեզ ավելի կսազեր այսօր ֆրանսիականը՝ բայց ժամկետանց տարբերակով։
Եվ հետևաբար, որքան էլ փոխենք գումարելիների տեղը, մենք պարտվել ենք, մենք ընկճված ենք, մենք ծանր կացության մեջ ենք։ Եվ մեր դեպքում «պանծա»-ն չի կարող փրկել։ Մանավանդ, որ «պանծալ» բառի մասին Հայերենի հոմանիշների բառարանը ասում է՝ տե՛ս՝ պարծենալ, գնում ենք տեսնելու պարծենալ բառի իմաստը.
1. Հպարտանալ 2. մեծաբանել, ճամարտակել, սնապարծել, ինքնագովել, ճոռոմաբանել, հոխորտալ, աքլորանալ, մեծ-մեծ բրդել, գլուխ գովել։
Թեմա
Լուսինե Հովհաննիսյան










