Գլխավոր Լրահոս

«Հալեպի 60-70 տոկոսը զինյալների վերահսկողության տակ է». Զարմիկ Բողիկեան 

«Հալեպի 60-70 տոկոսը զինյալների վերահսկողության տակ է». Զարմիկ Բողիկեան 

Հալեպում երեկ երեկոյան բավական բուռն բախումներ տեղի ունեցան. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Բողիկեանը։

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները հարձակում են սկսել Հալեպի ուղղությամբ։  Զարմիկ Բողիկեանի խոսքով՝ այս գիշեր սիրիական բանակի և ընդիմադիրների միջև բախումներ են եղել։ Զինյալները Հալեպի արվարձաններից փորձում էին Հալեպ քաղաք մտնել։

«Մինչև կեսգիշեր այդ բախումները շատ բուռն էին, կեսգիշերեից հետո լռություն տիրեց, բախումները դադարեցին․ արդեն տեղյակ էինք, որ ընդդիմադիրները որոշ տեղեր են մտել, իրենց վերահսկողության տակ առել։ Սպասողական վիճակ էր մինչև առավոտ։ Առավոտյան արդեն Հալեպի մեջ  էին զինյալները, քաղաքի 60-70 տոկոսում նրանք էին։ Բախումներն առայժմ դադարել են, բայց ամբողջն իրենց վերահսկողության տակ է, պետական կենտրոնները գրավել են»։

Զարմիկ Բողիկեանը

Բողիկեանի խոսքով՝ այս պահին սպասողական վիճակ է իրենց մոտ, բայց հավաքական տարհանման որևէ հրաման չկա․ կային բնակիչներ, այդ թվում հայերի շրջանում, որոնք իրենց նախաձեռնությամբ տեղափոխվել են այլ նահանգներ։

«Անշուշտ, ժողովրդի մեջ բավական վախ կար, խուճապ կար, որովհետև չգիտեին՝ իրականությունն ինչ է, մինչև որ ցերեկը հստակեցվեց ամեն ինչ, ոմանք սկսեցին դուրս գալ Խանասերի ճանապարհով, բուն ճամփան՝ Հալեպ-Դամասկոս միջազգային  ճանապարհը, փակ է: Գիտեմ նաև, որ Հայաստանի հյուպատոսը ու մարդասիրական խումբը լքել է քաղաքը»։

Հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Հալեպում գրեթե բոլոր խանութները փակ են։ 

«Շատ քիչ խանութներ են գործում, անգամ փռերն են փակ։ Թե ինչ կլինի առաջիկա օրերին, չգիտենք, սպասողական վիճակ է, անորոշություն է», - հավելեց «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը։

Նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նոյեմբերի լույս 29-ի գիշերն էլ սիրիական բանակը Հալեպում հակահարձակում է սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է  AFP-ն՝ Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը, իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը։ Զոհերի ընդհանուր թիվը բախումների ընթացքում հասել է 311 մարդու, որոնցից 183-ը՝ իսլամիստական խմբավորումից, 100 զինվորական՝ կառավարական ուժերից և 28 խաղաղ բնակիչ։

Սիրանուշ Ադամյան

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում