Սիրիայի գահընկեց արված նախագահ Բաշար Ասադն ընտանիքով ժամանել է Մոսկվա, հաղորդում է ռուսական պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է նաև, որ սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են Սիրիայում ռուսական ռազմակայանների ու դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը։
***
Սիրիայի ընդդիմադիր ուժերը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման գլխավորությամբ, մոտ տասն օրվա ընթացքում իրար հետևից գրավելով երկրի խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը, այսօր հայտարարեցին Դամասկոսը գրավելու մասին։
Բաշար Ասադը Սիրիայի նախագահն էր 2000-ից: Նա իշխանության եկավ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը երկիրը ղեկավարել էր 1971-2000 թվականներին:
2011-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, միլիոնավորները դարձել փախստական:
Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ:
Civilnet











