Գլխավոր Լրահոս

«Մսյո Ազնավուրը»՝ մեծ էկրաններին. ազնավուրյան երգ, կարոտ, արցունքներ

«Մսյո Ազնավուրը»՝ մեծ էկրաններին. ազնավուրյան երգ, կարոտ, արցունքներ

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին, դիտեցի «Մսյո Ազնավուր» գեղարվեստական ֆիլմը, որն ավարտվում էր վավերագրական կադրերով, որտեղ հանճարեղ հայը գլխիկոր քայլում էր հողին իսպառ հավասարված շենքերի ավերակների միջով։ Հայաստանի հետ Ազնավուրի կապն այս ֆիլմում ընդամենն այս վավերագրական կադրերն են, եթե չհաշվենք  կինոնկարի սկզբնական կադրերը, որոնք նույնպես վավերագրական են և ցեղասպանության ու հայերի բռնագաղթի ծանոթ տեսարաններ են։  

Այսքանով հանդերձ՝ մսյո Ազնավուրը հայ է ամբողջ ֆիլմում։ Խոսքն այն մասին չէ, որ երեք-չորս անգամ նրան հարցնում են՝ հրեա՞ ես, և լսում պատասխանը՝ ոչ, ես հայ եմ։ Հարցնում են Էդիթ Պիաֆն ու Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական բանակի զինվորը, որը ստիպում է իջեցնել շալվարն ու վարտիքը և անթլպատությամբ ապացուցել, որ հրեա չէ։ Հարցնում են էլի մարդիկ՝ պրոդյուսեր, լրագրող։ 

Եվ նույնիսկ հայկական եկեղեցում թաղման կարգ կատարող քահանայի գրաբար խոսքը չէ այնքան հայկականության հուշումը, որքան  առաջին հայացքից աներևույթ թվացող մի հանգամանք՝ ընտանիքը։ Ոչ այն ընտանիքը, որն ինքը՝ Շառլն է ստեղծել, այլ այն ընտանիքը, որտեղ ծնվել է նա, և նրանց հետ անսեթևեթ ու անդավաճան մտերմությունը։

Բայց գանք մի փոքր հեռվից։ Առցանց տարբերակով տոմս պատվիրելուց հետո հարցում ես ստանում՝ «պոպկորն,  կոկա-կոլա» և այլն, հրաժարվելուց հետո ստանում ես էլի մի գրություն-հիշեցում՝ «դրսից դրանք ներս բերել չի թույլատրվում»։ Ոչ այնքան ընդարձակ դահլիճում ադիբուդիի հոտն է գերիշխում, և քանի դեռ էկրանին գովազդային հոլովակներ են, դահլիճում պոպկորնի խրթխրթոցն է լսվում։ Լսվում է նաև ֆիլմի սկսվելուց հետո։ Բայց րոպեներ անց ֆիլմի հուզական ազդեցությունն այնքան ուժգին է դառնում, որ հանդիսատեսը կամ ամաչելով, կամ էլ հուզմունքից դադարում է ծամել։ Երբ ֆիլմն ավարտվեց, տեսա, որ հարևանիս ու էլի շատերի հսկայական տուփերը կիսով չափ լիքն են մնացել։

Այս կենցաղային փոքրիկ դրվագը ներկայացրի՝ ասելու համար, որ հսկայական է կինոնկարի հուզական ազդեցությունը։ Հավանաբար, այդ ազդեցությունը կզգա ցանկացած ազգի հանդիսատես, բայց հատկապես հայերս, չէ՞ որ Շառլ Ազնավուր անունը սրբագործված է։ Դժվար է քննել արվեստի որևէ գործի գեղարվեստական արժանիքները կամ թերությունները, երբ այդքան զորեղ է հուզական ազդեցությունը, այն էլ՝ ընդամենը մեկ օր անց, երբ դեռ միտքդ հաշվետու չէ, բթացած է  կամ վարագուրված էմոցիոնալ շերտով։

Գնացել էի ֆիլմը դիտելու սոցցանցային այս գրառումը կարդալուց ժամեր անց․ «Այսօր դիտեցի «Monsieur Aznavour» ֆիլմը։ Շատ լավն էր։ Վերջերս շատ էի ասում, որ կարոտել եմ Ազնավուրի ներկայությունն այս երկրագնդի վրա։ Իր հետ մի տեսակ ես ինձ ավելի ապահով էի զգում որպես հայ»։                                                                                                         

Անահիտ Յուզբաշյանի այս նուրբ դիտարկումը եթե ոչ բոլոր հայերիս, ապա շատ-շատերիս ենթագիտակցական շերտերում է՝ ավելի կամ պակաս չափով։ Բազմաթիվ անգամներ լսել եմ նույնիսկ, որ եթե Ազնավուրը ողջ լիներ, դժվար թե 2020 թվականի պատերազմն ու հետագա տարիները այդքան կորստաբեր ու ողբերգական լինեին։ Անահիտի դիտարկումը թեև այսքան իռացիոնալ չէ, բայց ստույգ է Շառլ Ազնավուրի կերպարի հանդեպ մեր հավաքական վերաբերմունքով։

Ուրեմն ֆիլմի գլխավոր հատկանիշը հուզականությունն է։ Սա չի խանգարում նկատել սցենարի հատկապես սյուժետային գծի լուրջ թերություններ, բայց դրանք այնքան անկարևոր են գլխավոր դերակատար Թահար Ռահիմի՝ Ազնավուրին վայել հանճարեղ դերասանական խաղի համեմատությամբ, որ ավելորդ ես համարում դրա մասին գրել։  

Ռահիմը՝ իմ կարծիքով, մեր ժամանակների համաշխարհային կինոյի մեծագույն արտիստներից մեկը, պատմել է, թե այնքան անակնկալ է եղել Ազնավուրին կինոյում մարմնավորելու առաջարկը, որ սկզբում որոշել է հրաժարվել։ Մինչդեռ կա տեղեկություն, որ Շառլն ինքն է ցանկացել, որպեսզի դերը վստահվի հենց Թահար Ռահիմին, անգամ առաջարկել է, որ ֆիլմն ավարտվի այնտեղ, երբ ինքն արդեն անցել է արտիստական ճանապարհի անհաղթահարելի թվացող խոչընդոտները։ 

«Մսյո Ազնավուր» ֆիլմը հենց դրա մասին է՝ թե ինչպես մեծագույն կամքի, աներևակայելի աշխատասիրության ու իր տաղանդի հանդեպ անդավաճան վստահության շնորհիվ գաղթական հայերի ընտանիքում ծնված փոքրամարմին հայը, որի թե ֆիզիկական տվյալներն են ծաղրվում, թե ձայնը, թե երաժշտական կարողությունները, ոչ միայն համաշխարհային հռչակի  է հասնում, այլև դառնում Ֆրանսիայի ու ֆրանսիական մշակույթի դեմքն աշխարհում։ 

Ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը չեն փորձել Թահար Ռահիմից ստանալ Ազնավուրին արտաքնապես կատարելապես նման կերպար։ 

«Երեք տարվա քրտնաջան աշխատանքը, շաբաթական վեց ժամ երաժշտությամբ զբաղվելը, դաշնամուր նվագելը, օրեր շարունակ Ազնավուրի մասին վավերագրական կադրեր դիտելը, Շառլ Ազնավուրի կյանքը ուսումնասիրելը հնարավոր դարձրին նրա կերպարը մարմնավորելը»,- պատմել է դերասանը։

Նա և ռեժիսորները հասել են կերպարի արտաքին նմանության, հատկապես կազմվածքի և բեմի վրա արտիստի պահվածքի ու շարժումների պլաստիկ լուծումների իմաստով և դրանով բավարարվել։ Եվ ճիշտ են վարվել, որովհետև նույնիսկ այս պարագայում, թվում է, թե երբեմն դերասանի դիմահարդարման մեջ,  ի պետս նաև դիմագծերի նմանության, որոշ չափով  չարաշահել են գրիմը։

Չգիտեմ՝ ճի՞շտ բառ կօգտագործեմ, թե՝ ոչ, բայց Շառլի դիմագծերի, աչքերի, ժպիտի մեջ մի քաղցրարյունություն կա կամ արյան հարազատություն և կամ՝ չամիչություն, որ դերասանը չունի։ Բայց սա էլ կարևոր չէ։ Կրկնենք՝ Թահար Ռահիմը մեծ վարպետությամբ ու տաղանդով է մարմնավորել հանճարեղ երգչի, երաժշտի, բանաստեղծի, կինոդերասանի, արտիստի ու մարդու  կերպարը։ 

Ալժիրցի դերասանը երկրորդ անգամ է կինոյում հայի դեր խաղում։ Նույն տաղանդով է կերտել նաև Նազարեթ Մանուկյանի կերպարը Ֆաթիհ Աքինի «Սպի» կինոնկարում, որը հավանաբար հայոց մեծ ողբերգության թեման արծարծող լավագույն ֆիլն է, որ մինչ օրս ստեղծվել է։

Թահար Ռահիմը՝ «Սպի» կինոնկարում

«Մսյո Ազնավուրի» հուզական լարումը գագաթնակետին է հասնում տեսարաններից մեկում։ Շառլի որդին՝ Պատրիկը, ինքնասպան է եղել հոր նվիրած բնակարանում։ Հուղարկավորությունից րոպեներ անց նա հրաժեշտ է տալիս հարազատներին և մոր տարակուսած հարցին՝ «Ինչպե՞ս, մի՞թե այսօր էլ» հարցին պատասխանում, թե ստիպված է, թե «Օլիմպիա»-ում իր համերգն է։ 

Ողբերգության կսկիծը զսպած՝ նա մխիթարաբար շոյում է մոր այտը, քրոջը՝ Աիդային ինչ-որ բան շշնջում, որդու՝ Պատրիկի մոր՝ Առլետի հետ ողջագուրվում ու քայլում դեպի մեքենան։ Ոչ մի բառ, ոչ մի շշունջ, բայց չես կարողանում զսպել արցունքներդ։ Դեմքը ջղաձգվում է, աչքերում առաջին անգամ տեսնում ես որդու կորստի ցավի խորությունն ու ահագնությունը։ Տեսարանը մի ակնթարթ է տևում, գուցե վայրկյանից էլ պակաս, բայց կողքիս նստած տղամարդը, ինձ պես կնոջից ու զավակներից թաքցնելով, կռանում է, իբր հատակին բան է ընկել՝ պիտի վերցնի, գլուխը խոնարհում է ու սրբում արցունքները։

Բազմիցս առիթ է եղել կրկնելու խոսքը, որ եթե արցունքը արվեստի չափանիշ լինի, ուրեմն սոխն է ամենամեծ արվեստագետը։ Այստեղ այս խոսքն ավելորդ է, որովհետև թաքցված հույզի արվեստային ազդեցությունն է գործում ու դերասանական, ինչպես նաև միզանսցենը ստեղծած ռեժիսորի վարպետությունը։

«Մսյո Ազնավուրը» մի քանի տեսարանով հիշեցնում է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը։  Ներգաղթյալ հայեր, ապրելու և ապրուստի դժվարություններ, հերոսի կապվածություն ընտանիքի հետ։ Շառլը տուն է նվիրում ծնողներին, ինչպես «Մայրիկի» Ազատն իր մորը ու բազմաթիվ այլ նման դրվագներ։  

Հուզիչ է նաև մեկ այլ տեսարան, երբ մսյո Ազնավուրն առաջին հյուրախաղերից ու առաջին խոշոր հոնորարն ստանալուց հետո  տուն վերադարձին տեսնում է բարձած հսկայական սայլը քարշ տվող հորը․ լծակից է դառնում ու ամբողջ փողը խոթում հոր գրպանը։ Այս մսյո Ազնավուրը, եթե պարտադիր հայ էլ չէ, ապա անպայման արևելքցի է։

Ֆիլմի էմոցիոնալ ազդեցությունն ապահովում է նաև Շառլի երգը։ Դժվար թե մեկ այլ դեպքում երգի ու երաժշտության  այդքան առատությունը չխանգարի,  մանավանդ որ բացի Շառլից, երգում է նաև Պիաֆը, երգում  է քույրը՝ Աիդան, երգում են մյուսները, բայց այս ֆիլմում ձանձրույթի ոչ մի վայրկյան չես ապրում։ Ընդհակառակը, հազար անգամ լսած, բոլոր բջիջներիդ միջով անցկացրած ազնավուրյան երգերն ընկալում ես նորովի, ազդվում՝ յուրովի։

Չափազանց մեծ է գայթակղությունը մեկ հոդվածի մեջ տեղավորելու այլ դերակատարների՝ հատկապես այնքան սիրուն ծերացող մոր՝ Քնարի դերակատար Նարինե Գրիգորյանի վարպետությունը, քրոջ՝ Աիդայի՝ եղբոր կյանքում ունեցած դերն ու բազմաթիվ այլ բաներ։  

Ըստ երևույթին, ֆիլմի մասին երկրորդ հոդվածի անհրաժեշտություն կզգացվի։ Բայց դա ավելի ուշ, երբ կանցնի կինոնկարի հուզական ազդեցությունը, և հնարավոր կլինի ավելի առարկայորեն խոսելու «Մսյո Ազնավուրի» այլ գեղարվեստական արժանիքների ու թերությունների մասին։ Եվ այն մասին, թե ինչու շատ հայերի կարող է չգոհացնել այս ֆիլմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում