Գլխավոր Լրահոս

Մեր ազգային էպոսը՝ գեղարվեստական վերարծարծումների անսպառ շտեմարան

Մեր ազգային էպոսը՝ գեղարվեստական վերարծարծումների անսպառ շտեմարան

Մեր ազգային էպոսն անսպառ շտեմարան է ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ գեղարվեստական վերարծարծումների համար։ Վերջին մեկուկես տասնամյակում արվեստն ու գրականությունն ավելի շատ ուշադրության են արժանացրել էպոսի վերջին ճյուղն ու նրա կենտրոնական կերպար Փոքր Մհերին։ Բազմաթիվ են էպոսի ամենաառեղծվածային կերպարի վարքը, բնույթը, միստիկ ու խորհրդապաշտական իմաստները զատորոշելու և դրանց հիման վրա սեփական մեկնաբանությունները կառուցելու փորձերը։  

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպն այդ շարքի ամենածավալուն ու ինքնատիպ գրական ձեռքբերումներից մեկն է։ Անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցավ «Մհերի դռան առեղծվածը» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը փորձ է անում վեր հանել Ագռավաքարի մուտքի կամ Մհերի դռան սեպագիր արձանագրության ու պատկերաշարի ընդհանրությունը հայոց դիցարանի, հին տոմարի, աստղային համակարգերի ու տիեզերքի կառուցվածքի հնագույն պատկերացումների հետ։

Թեմային առնչվող գործերն այնքան առատ են երեկվա և այսօրվա կերպարվեստի ու երաժշտարվեստի մեջ, որ անհնար է թեկուզ մի մասին անդրադառնալ։ Թատրոնն էլ անմասն չի մնացել էպոսի հետ բեմական առնչակցումներից։ Վերջին երկուսը մոնոներկայացումներ են։ 2024–ին Վարդան Պետրոսյանը բեմ հանեց իր «Օրորոցային պատվիրան» ներկայացումը, որը թեև ամբողջությամբ «Սասա ծռեր» էպոսի վրա էր հենված, սակայն գլխավոր կերպարը Սասունցի Դավիթն էր։ Իսկ  Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի՝ «Արմմոնո» փառատոնի համար բեմադրած մոնոներկայացումը, որի միակ դերակատարը Արմեն Քուշկյանն է, հենց այդպես էլ անվանված էր՝ «Սասունցի Դավիթ»։

Ի՞նչն է ընդհանուր և ի՞նչն է կապում այս երկու ներկայացումները։ Վարդան Պետրոսյանի համար կարևորագույն փաստն այն էր, որ ինչ արին–չարին՝ մանուկ Դավիթը չանցավ Մսրա Մելիքի թրի տակով։ Ըստ արտիստի, Ձենով Օհանը էպոսի մտավորականն է, ժողովրդի ձայնն ու խոսափողը, որը պիտի այսօր կրկին գոչի՝ «Հեյ, ո՞ւր ես Դավիթ»։  

Նարինե Գրիգորյանի բեմադրության մեջ նույնպես Ձենով Օհանի ձայնը՝ «Դավիթ, Դավիթ», որ հասնում է Մելիքի փորած քառսուն գազ խորությամբ դավադիր հորի մեջ գտնվող եղբորորդուն, ներկայացման կուլմինացիոն կետն է։

Ո՞ւմ են կանչում երկու ներկայացումների Ձենով Օհանները, ո՞վ է նրանց պատկերացումներում խորը փոսի մեջ հայտնված Դավիթը՝ ակնհայտ է և լրացուցիչ մեկնության կարիք չունի։

Էպոսում քառսուն գազ խորությամբ մահաբեր գուբից Դավիթը, Օհանի ձայնը լսելով, դուրս է ցատկում այդտեղից և իրեն մի լավ թափ տալիս։ Կանի՞ այս ոստյունը մեր ժողովուրդը՝ դժվար է պնդելը։ 

Մոնոներկայացումներին հատուկ է բեմի կահավորման մինիմալիստական ոճը։ Նարինե Գրիգորյանի «Սասունցի Դավիթն» էլ բացառություն չէ։ Բայց բեմական ամեն իր, յուրաքանչյուր ռեկվիզիտ բազմապիսի, տարաբնույթ ու հնարամիտ կիրառման ձևերի է ենթարկվում։ Հռոմեական կամ եգիպտական կառքի երկար սանձը երբեմն շղթա է դառնում Դավիթի դաստակներին, երբեմն խաչվելով քոչվորական բանակի վրան հիշեցնում, քողի հաստության վարագույրը մերթ չադրա է Մելիքի մոր ու քրոջ գլխին, մերթ՝ միայն բերանը ծածկող լաթ սասունցի կանանց դեմքին, մերթ էլի վրան՝ Մելիքի համար և այլն, և այլն։ 

Հետաքրքիր լուծում է գտնված Թուր Կեծակիի համար։ Դավիթի սուրը օդում շողարձակում է մեկ որպես դրոշ, մեկ էլ՝ որպես երկնքում փայլատակող ալիքաձև կայծակ։ Կարճ ասած՝ Նարինե Գրիգորյանն ու նկարիչ Մերի Սարգսյանն արել են ամեն բան, որ ոչ դրամատուրգիական երկը բեմական տեսք ստանա նվազագույն միջոցներով, որ դերակատարն իրեն հարմարավետ զգա բեմի վրա։ Այդ իմաստով բեմադրիչի  երևակայության շռայլ արգասիքի ականատեսն ես դառնում։ 

Արմեն Քուշկյանը և Դավիթն է, և Քուռկիկ ջալալին, Մսրա Մելիքն է, նրա մայրն ու քույրը, արաբ ծերունին է ու Քեռի Թորոսը, Մեծ Մհերի զենք–զրահի մասին պատմող սասունցի պառավն է, Դավիթի հորեղբայրները՝ Ձենով Օհանն ու Ցռան Վերգոն։  

Կերպարանափոխությունները կատարվում են փոքրիկ դետալի օգտագործմամբ, ձայնի առոգանության տարբերությամբ ու բեմական շարժման, կերպարի պլաստիկ լուծումների շեշտադրումներով։ Վերջինը դերասանն անում է հոյակապ։ Նա քայլում է, շարժվում, վարգում, թե պարում, գեղարվեստորեն հետաքրքիր է, գեղագիտորեն ակնահաճո։ 

Իսկ ահա խոսքի միջոցով կերպարների հերթագայող փոփոխությունները, նրանց բնութագրերն ու բնավորությունները առանձնացնելու համար երբեմն չափազանցության գիրկն է ընկնում։ Առհասարակ դերասանի խոսքը մերթընդմերթ չի հասնում հանդիսատեսին, չի հասկացվում, հաճախ նաև բարձր երաժշտական ֆոնի պատճառով։ Ստացվում է, որ այն, ինչ պիտի օգնի դերասանին՝ կերպարի հատկանիշներ ցույց տալուն և նպաստի ընդհանուր հուզական մթնոլորտ ձևավորելուն, հակառակ արդյունքի է բերում։ Հասկանալի է ու բնական, թե ինչու է Մելիքը խոսում հոխորտալով, Իսմիլ խաթունը՝ քծնանքով, Վերգոն՝ կմկմալով և այլն, բայց ինչու է Դավիթը խոսում այդքան իմիջիայլոց։ Պատճառը պարզ է․ հայ դերասաններից շատերին թվում է, թե բնական խոսքը անտարբեր, իմիջիայլոց խոսքն է, և այս թյուրըմբռնումը տարածված է թե՛ թատրոնում և թե՛ հեռուստաեթերում։

Դերասան Արմեն Քուշկյանն ստեղծել է Սասունցի Դավիթի բավականին ճանաչելի ու համակրելի կերպար։ Սակայն մի բան թերի է։ Արժեր երևի մի փոքր հեռվից գալ՝ կերպարի մանկությունից։ Քուշկյանի Դավիթը ոչ այն է՝ ծուռ է, ոչ այն է՝ թլոր։ Խելառ մի գիծ է պակասում։ Եվ այստեղ էլ հասարակի, բնականի հավակնող անտարբեր խոսքն իր ազդեցությունն ունենում է։

Հունվար 28–ին Մհեր Մկրտչյանի անվան Արտիստական թատրոնում խաղացված «Սասունցի Դավիթ» ներկայացման հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը դպրոցականներ են։ Նրանք ներկայացման ընթացքին հետևում են կլանված և հուզմունքով։ Ավարտին ծափահարում են երկար ու ջերմորեն։ Դահլիճից ու թատրոնից դուրս են գալիս իրար հետ տեսածը քննարկելով։ Աշակերտուհիներից մեկը ուսուցչուհուն պատմում է, որ հուզվել է, երբ Քուռկիկ Ջալալին առաջին անգամ տեսնելով, ճանաչել է իր տիրոջ՝ Մեծ Մհերի որդուն՝ Դավիթին և ուրախ խրխնջացել։ Զարմացա պարմանուհու ստույգ ապրումից։ Այդ ակնթարթը ներկայացման ամենահուզիչ պահն էր։ 

Մի պատանի էլ դասընկերուհուն պատմում էր, որ իրեն դուր չի եկել Իսմիլ Խաթունի կերպարը։ Մսրա Մելիքի մայրը, որը ստնտու է եղել նաև որբացած Դավիթի համար, մահվան հորը փորելու, գորգերով ծածկելու և Դավիթին մինչ ոսկորները փտելն այնտեղ նետելու ծրագրի քաջալերողն ու մասնակիցն է, բայց շողոքորթ լեզվով խնդրում է մի զարկից հրաժարվել հանուն իրեն և համոզում է։ Նրանք գիտեն, որ էպոսում Դավիթը մի զարկն էլ թշնամու քրոջն է բաշխում։ Ընկերների զրույցին միանում է մեկ այլ պատանի ու զայրացած գոչում՝ «հարիֆություն»։ Ուսուցչուհին փորձում է նրան համոզել, որ Դավիթը ոչ թե հարիֆ է, այլ՝ մեծահոգի։ Բայց տղան ձեռքը թափ է տալիս՝ որպես անհամաձայնության նշան, ու մի կողմ քաշվում։ Ակնհայտ է, որ վերջին պատերազմը նրա ու նրա ընտանիքի կողքով առանց կորուստ պատճառելու չի անցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում