Գլխավոր Լրահոս

Մալյան թատրոնը ապրող, երբեմն անհամաչափ տրոփող սրտով թատրոն է

Մալյան թատրոնը ապրող, երբեմն անհամաչափ տրոփող սրտով թատրոն է

Անցնող ամբողջ տարվա ընթացքում թատրոնի մարդկանց ու առհասարակ թատերասերների միջավայրում չէին դադարում անհանգստության շշուկները, որ Երևանի կամերային երաժշտական և «Գոյ» թատրոններից հետո հերթը հասնելու է Մալյան թատրոնին։ 

Տարին հոբելյանական էր թատրոնի կոլեկտիվի համար․ կինոդերասանի թատրոն-ստուդիան ստեղծվել է 45 տարի առաջ։ 2025-ին էլ նշվելու է նրա հիմնադիր, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը, ու պատկերացնում եմ, թե ինչ «անակնկալ նվեր» կլիներ նրա հոգեզավակի նկատմամբ անսիրտ վերաբերմունքը։ 

Չեմ պնդի, թե որևէ թատրոնի ճակատագիրը պիտի տնօրինվի ըստ նրա տիտղոսակրի անվան, կամ եթե անգամ որևէ հանճարեղ արվեստագետի անունով է կոչվում։ Թատրոնը կամ կենդանի է, կամ՝ մեռած։ Ճիշտ է, երբեմն պատահում է, որ մեռած թատրոնի «հարազատներն» ափսոսում են հողին հանձնել նրա դին։ 

Մայրաքաղաքի թատերական խճապատկերում Մալյան թատրոնն իր ուրույն դիմագիծը, ձեռագիրն ու գույնն ունեցող կենդանի արվեստարան է։ Դրանում մեկ ավելորդ անգամ էլ համոզվեցի՝ դիտելով նրանց «Պատմություններ գնացքում» ներկայացումը։ 

Ենթավերնագրով «Ֆանտազիաներ ըստ Սարոյանի» ներկայացումը բեմադրվել է 2008 թվականին, գրողի 100-ամյա հոբելյանի շրջանակում, մեկ տասնամյակից ավելի ապրել է իր աշխույժ բեմական կյանքով, հասցրել մրցանակներ շահել։

Ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ տարվա լավագույն ռեժիսոր, Գեորգի Հովակիմյանը՝ լավագույն երկրորդ պլանի դերասան, իսկ Քրիստինա Հովակիմյանը՝ տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգերում: 

«Պատմություններ գնացքում»-ը «Թատրոն» անվանակարգում ստացել է նաև Թեքեյան մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակը, բայց տարիներ անց խաղացանկից դուրս է մնացել գլխավոր դերակատարներից մեկի երկրից հեռանալու պատճառով։ 

Ընկերներս, ընտանիքիս անդամները շարունակ կրկնում էին, թե ափսոս, որ չեմ տեսել այդ հրաշալի ներկայացումը։ Երբ իմացա, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը չորս տարի անց վերականգնել է ներկայացումը, շտապեցի լրացնել բացթողումս։

Ներկայացումն ստեղծվել է Վիլյամ Սարոյանի վեց պատմվածքների բեմականացմամբ։ Այն չունի դրամատուրգիական որևէ երկին բնորոշ էքսպոզիցիա, կոնֆլիկտ, կուլմինացիա ու հանգուցալուծում։ Այսինքն պիես, որպես այդպիսին, պատմվածքների համադրումից չի ստացվել։ Ամենայն հավանականությամբ, այդպիսի նպատակ չի էլ հետապնդվել ու այդ պատճառով էլ «ֆանտազիաներ» կոչվել։ Այսքանով հանդերձ, հանդիսատեսի մտքում հարց չի ծնվում, թե ինչու գրողի այս պատմվածքները և ոչ մյուսները, որոնցով կարելի էր սյուժետային գիծ ստանալ։ 

Ոչ մեծ դահլիճում մի քանի ազատ նստատեղ կա, իսկ հանդիսատեսների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, նաև՝ Թատերականի ուսանողներ։

Հենց սկզբից ասենք, որ ներկայացումը մյուզիքլ է եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն։ Դերակատարները բեմի վրա պարում են, երգում, իսկ եթե ուղղակի քայլում են, անում են դա կերպարներին փոքր-ինչ կարիկատուրային նկարագիր հաղորդող շարժումների պլաստիկական լուծումներով։

Փոքր բեմը, որը գնացքի վագոնի կուպեների է բաժանված, զարմանալիորեն խորություն է ստացել, ու թեև երբեմն մի բարակ վարագույր կտրում, առանձնացնում է այն դահլիճից, ու նեղլիկ բեմառաջքում կերպարները հուշեր են պատմում, այնուամենայնիվ, հիմնական գործողությունները տեղի են ունենում հենց գնացքի վագոնում։ Ներկայացումն սկսվում է Սարոյանի «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» պատմվածքի մի դրվագով, որտեղ պապը տեսակ-տեսակ խորհուրդներ է տալիս առաջին անգամ գնացքով ճանապարհ գնալ պատրաստվող թոռանը։ Դերասան Արա Սարգսյանի Պապը հավանաբար մի եզակի անգամ երիտասարդ տարիքում գնացք է նստել, խիստ դառը հիշողություններ ունի և ցանկանում է, որ թոռը զերծ մնա նման փորձանքներից։ Նրա խորհուրդներն ավելի շուտ արգելքներ են՝ չանել սա, սա կամ էս մեկը։

Եթե գնացքի ռեստորանում դիմացը նստած լինի մի գեղեցիկ կին, հանկարծ խոսքի չբռնվի, հաստատ արկածախնդրուհի է, լիրբ է էլի։ Եթե գնացքի միջանցքում հանդիպի ծխող տղամարդկանց, որոնք իրեն էլ կառաջարկեն, հանկարծ չվերցնի՝ հաստատ թմրանյութ է։ 

Եթե պոկեր խաղացող տղամարդիկ իրեն առաջրկեն միանալ, երբեք չհամաձայնի, որովհետև հաստատ խաղամոլներ են։ Այս բաները թոռը պիտի չանի, բայց կա միայն մի բան, որ անպայման պիտի անի․ «Երբ պառկես քնելու, փողդ գրպանիցդ կհանես, կդնես կոշիկիդ մեջ, կոշիկդ կդնես բարձիդ տակ, բարձդ կդնես կոշիկիդ վրա, գլուխդ կդնես բարձի վրա և չհամարձակվես թեկուզ մեկ րոպե աչք կպցնել»։

Չգիտեմ՝ այս պատգամները ամեն ազգի պապ կպարտադրեր իր թոռանը, թե՝ ոչ, բայց եթե գլխավոր դերակատար Սամվել Թոփալյանի անունը Արամ էլ չլիներ, միևնույն է, երկխոսությունը հուշում է, որ պապն ու թոռը իրենց ազգի պատմությունից տխուր «դասեր» քաղած ու աշխարհից միայն տագնապներ ու սպառնալիք սպասող հայեր են։

Բայց փողը կոշիկի մեջ, կոշիկն էլ բարձի տակ պահելու պատվիրանը ակամա հիշեցրեց նման մի իրական պատմություն, որը կարդացել էի Միքայել Թարիվերդիևի ինքնակենսագրական գրքում։ Կոմպոզիտորը տեղեկանում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը երկրի հիմնադրման հոբելյանի առիթով տոնին նվիրված սիմֆոնիկ երաժշտության համաշխարհային մրցույթ է հայտարարել, գրում է իր ստեղծագործությունը, փոստով ուղարկում և կես տարի անց հրավեր ստանում ժամանելու Նյու Յորք՝ հաղթողի մրցանակն ստանալու։ Հավաքվում են ընկերներն ու սկսում նույն խորհուրդները․ «Հյուրանոցից դուրս չգաս, սևամորթների հետ չշփվես, գրպանումդ շատ փող չպահես»։  Իսկ կինը վերարկուի ներսից երկրորդ աստառն է կարում, աստառի ներսից փոքրիկ գաղտնագրպան, որտեղ ամուսինը պիտի թաքցնի երեք հարյուր դոլար «հսկայական» գումարը։ Թարիվերդիևը, Նյու Յորքում դուրս գալով կինոթատրոնից, թարսի պես մոլորվում է, իսկ շուրջը միայն սևամորթներ են, որոնք նկատելով անծանոթի շփոթված վարքը՝ նրան սիրալիր ու բարեկամաբար ուղեկցում են հյուրանոց։ Իսկ հաջորդ օրը երաժիշտն իմանում է, որ հաղթողի իր մրցանակային գումարն ավելի քան հարյուր հազար դոլար է։

Սամվել Թոփալյանի Արամը ճամփորդության առաջին օրը սրբորեն պահում է պապի պատվիրանները, բայց հաջորդ օրերին ծխում է միջանցքի տղամարդկանց հետ, պոկեր խաղում և նույնիսկ ռոմանտիկ գիշեր անցկացնում արկածախնդրուհու հետ։ 

Այս պատմվածքը ներկայացման առանցքն է, մնացած հինգը՝ «Հանճարը», «Պինգ-պոնգ խաղացողները», «Բիթլիս», «Խեղճուկրակ արաբը», «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել-պոկել էր կրկեսի վագրը» հիմնականի հետ կապ չունեցող պատմություններ են։ Բոլոր ստեղծագործությունները նման են միմյանց մի քանի հատկանիշով՝ սարոյանական նուրբ հումորի ու ոչ կծու հեգնանքի և հայկականության ու հայ կերպարների մասին պատմելու ընդհանրությամբ։

Ներկայացման մեջ զբաղված են ինչպես թատրոնի առաջին սերնդի ճանաչում ունեցող դերասանները՝ Գևորգ Հովակիմյանը, Արա Սարգսյանը, Լիզա Ազիզյանը, այնպես էլ միջին սերունդն ու երիտասարդները՝ Սամվել Թոփալյանը, Լևոն Ղազարյանը, Քրիստինա Հովակիմյանը, Կարեն Խաչատրյանը, Վահագն Գասպարյանը։  

Երեք դերակատար վերականգնված այս ներկայացման մեջ իրենց նորամուտն են նշել մալյանական բեմում։ Երեքն էլ ներկայացման ռիթմի հիմնական կրողներն են, թախծոտ հայկական պատմություններին աշխուժություն հաղորդող դերակատարներ՝ Խաչիկ Դարբինյանը գնացքի վտվտիկ ուղեկցորդ-սպասավորն է, իսկ Անգելինա Անտարյանն ու Հայկ Սարգսյանը ուղևոր սիրահար զույգ են։ Վերջին երկուսը հրավիրվել են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից։ Երկուսն էլ բեմի փոքրիկ տարածքում հրաշալի պարում են, շարժվում և առանց նրանց մասնակցության դժվար է պատկերացնել այս մյուզիքլը։

Թեև լուռ ու խեղճ արաբը մեռնում է, ամերիկյան կրկեսի վագրը կրծում-պոկում է վարսավիրի մշեցի քեռու գլուխը, այնուհանդերձ, ներկայացումը ամբողջությամբ լուսավոր է, սարոյանական շնչով ու տրամադրությամբ պարուրված։

Եվ այդ լույսը թափանցում է հանդիսատեսի սիրտը։ Բեմադրիչի թեթև ձեռքով, չգիտես ինչպես, Արա Սարգսյանի Պապը հայտնվում է գնացքի ուղևորների մեջ։ Նա տեսնում է, որ Արամը զանց է առել իր պատգամները, բայց ուրախ է ու երջանիկ, որ թոռն անվերջ առաջ ընթացող գնացք-աշխարհի լիարժեք մասնիկն է, դարձել է այդ աշխարհի սովորական ուղևորներից մեկը, նա բացվել է մեծ աշխարհի առջև, և մեծ, գեղեցիկ ու բազմաձև աշխարհն էլ նրա առաջ է բացվել։         

Ներկայացման ավարտին երկարատև ծափահարություններն ու թատերականցիների «բրավոները», որոնք, իմիջիայլոց, երբեմն-երբեմն նաև ներկայացման ընթացքում էին լսվում, եթե նույնիսկ համարենք գործընկերներին ուղղված գնահատանքի փոքր-ինչ չափազանցված միջոց, այնուհանդերձ, հանդիսատեսը լքում է թատրոնը գոհ ու բավարարված, քանի որ գեղարվեստական ու գեղագիտական իրական բավականություն է ստացել։

Այո՛, Մալյան թատրոնը ապրող, կենդանի, երբեմն անհամաչափ, բայց հիմնականում կանոնավոր տրոփող սրտով թատրոն է։ Բարեբախտաբար, տարեվերջին լռեցին թատրոնի շուրջ չարագույժ շշուկները։ Ամեն պարագայում, ըստ տեղեկությունների, եկող՝ Հենրիկ Մալյանի 100– ամյակի հոբելյանական տարում թատրոնը դուրս կբերվի Կինոյի ազգային հիմնադրամ վերանվանված Կինոկենտրոնի ենթակայությունից, կստանա ինքնուրույն կարգավիճակ, և կպահպանվի պետական ֆինանսավորումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում