Գլխավոր Լրահոս

«Մսյո Ազնավուր». մասնագիտական հայացք ֆիլմին

«Մսյո Ազնավուր». մասնագիտական հայացք ֆիլմին

Նախորդ հոդվածներից մեկում խոստացել էի երկրորդ անգամ անդրադառնալ «Մսյո Ազնավուր» ֆիլմին և գրել դրամատուրգիական թերությունների մասին, որոնք թույլ չեն տալիս կինոնկարը գեղարվեստորեն կատարյալ համարել։ Բայց մինչ դրանց թվարկումը, մեկ անգամ էլ կրկնեմ, որ «Մսյո Ազնավուրը» չափազանց հուզիչ ֆիլմ է, որի գլխավոր դերակատար Թահար Ռահիմը բացառիկ վարպետությամբ է կերտել մեր մեծ հայրենակցի կերպարը։

Մինչ սցենարական բացթողումներին անդրադառնալը ևս մեկ նկատառում կուզեի անել։ Ֆիլմի ոճը էկլեկտիկ է. այստեղ հոլիվուդյան կինոյի ռիթմը և ֆրանսիականի էսթետիկան, ամերիկյանի կադրի արագությունն ու ֆրանսիականի հոգեբանական անշտապ անցումները մեկտեղված են։ Սա ոչ որպես առավելություն եմ նշում, ոչ էլ՝ որպես թերություն։ Պարզապես ուզում եմ շեշտել, որ ֆիլմը դժվար է տեղավորել մեր պատկերացրած ֆրանսիական կամ ամերիկյան կինոյի չափանիշների մեջ։

Ֆիլմի սցենարն ամբողջապես կառուցված է մեկ թեզի վրա՝ ինչպես կարելի է նպատակասլացության, հաղթելու կամքի ու անդուլ աշխատանքի շնորհիվ  հասնել մեծագույն բարձունքների։ Այլ բնագավառներում գուցե հենց այդպես էլ կա, բայց արվեստում մի փոքր այլ կանոններ են գործում։ Շառլ Ազնավուրն իսկապես անօրինակ աշխատասեր է եղել, նպատակասլաց ու դժվարությունները, խոչընդոտները հաղթահարելու մեծ կամք դրսևորել։ Սակայն ֆիլմում սրանց այնքան մեծ տեղ է տրված, որ երկրորդական կամ ավելի ցածր տեղում է նրա տաղանդը։ Դժվարություններն էլ երկու կարգի են՝ նյութական կարիք և ավելի շատ ֆիզիկական տվյալներ՝ մարմնի փոքր կազմվածք, մեծ քիթ, ոչ հզոր ձայն։ Բեմարվեստում սրանք չափազանց կարևոր են և անշուշտ ֆիլմի սցենարում չէին կարող տեղ չգտնել։ Սակայն այդքան շեշտվելով՝ տեղ չեն թողել ամենակարևորի՝ տաղանդի համար։ Մեծ կամքի ու ջանասիրության հաշվին կարելի է հաջողությունների հասնել, բայց ոչ արվեստի այն գագաթներին, որոնց վրայով քայլեց Շառլ Ազնավուրը։

Թե՛ որպես բանաստեղծ, թե՛ որպես երգագիր-երաժիշտ և թե՛ որպես կատարող Շառլը հանճարեղությանը մոտեցող օժտվածություն ունի, որի մասին ֆիլմում կամ կցկտուր ակնարկներ են, կամ առհասարակ չկան։ 

Օրինակ, բեմական հմայքը բնությունից տրված շնորհ է, որը կամ կա կամ չկա, ի տարբերություն բեմական կեցվածքի, որը կարելի է աշխատանքի շնորհիվ ձեռք բերել։ Երկարատև փորձերի ու որոնումների արդյունքում արտիստը մշակել է իր բեմական կեցվածքի պլաստիկական կերպը։ Բայց հենց սկզբից էլ օժտված է եղել աստվածատուր բեմական հմայքով, որը պարզապես սկզբում չի նկատվել ֆրանսիական մշակույթի կարծրացած պատկերացումների ու քաղքենիական ընկալումների թիթիզ վարագույրի  հետևից։

Ֆիլմով անցնող մյուս «կարմիր գիծը» փողն է։ Այն շեշտվում է հատկապես երգչի հոր՝ Միշա Ազնավուրյանի մի ասացվածքով, որը բազմիցս կրկնում են ընտանիքի անդամները՝ «Ուր էինք, ուր հասանք»։ Ընդ որում, սա ասում են, երբ համեմատաբար բարվոք վիճակից ավելի նեղ կացության մեջ են հայտնվում և երբ վաղուց դուրս են եկել կեղեքիչ այդ վիճակից և շռայլ կյանքի հաճույքներ կարող են իրենց թույլ տալ։ Այս թեման այնքան մեծ տեղ է գտել ֆիլմում, որ երբ մսյո Ազնավուրը նշանավոր ռոք երգչին ցույց է տալիս իր շքեղ դղյակը, որի լողավազանն ու օվկիանոսը բաժանված են մի բարակ պատնեշով ու լսում նրա հիացական խոսքը՝ «ինչ գեղեցիկ է», մտքումդ ակամա խնդրում ես՝ «Աստված իմ, միայն թե այսպես չավարտեն կինոն»։

Ֆիլմում շատ են կերպարները, որոնք ոչ մի գործառույթ չունեն սյուժեի զարգացման մեջ։ Ընտանիքի բարեկամ Մանուշը ներկա է կինոնկարի սկզբնամասի մի քանի տեսարաններում, բայց երբ գնդակահարվում է, նոր միայն իմանում ես, որ Միսաք Մանուշյանն է։ Ֆրանսիական դիմադրության առաջամարտիկ հայն իսկապես մտերիմ է եղել երգչի հոր՝ Միշա Ազնավուրյանի հետ, սակայն ֆիլմում սա ընդամենը հասարակ տուրք է նրա անվանը և ոչինչ ավելի։

Մյուս՝ առավել «անգործունյա» կերպարը Ժորժ Կառվարենցն է. Աիդա Ազնավուրը եղբորը  հայտնում է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Շառլը հարցուփորձ է անում, թե ով է քրոջ ընտրյալը և, երբ իմանում է, որ կոմպոզիտոր է, ընդամենը մեկ հարց է տալիս․ «Փող աշխատո՞ւմ է»։

Այդուհետ Կառվարենցի կերպարը անընդհատ հայտնվում է ընտանեկան տեսարաններում, բայց նրա բերանից ոչ մի բառ չի հնչում։ Ինչ է տալիս դա ֆիլմին՝ անհասկանալի է։ Մինչդեռ կամ կարող էր չլինել այդ կերպարը, կամ եթե կար, ապա կարելի էր հասնել մինչև Ազնավուր–Հայաստան կապի թեմային։ Կառվարենցի այլ երգեր էլ կատարել է Ազնավուրը, բայց եթե ֆիլմը պիտի ավարտվեր երկրաշարժից հողին հավասարված Գյումրիի կամ Սպիտակի ավերակների մեջ քայլող արտիստի վավերագրական կադրերով, ապա կարող էր Ազնավուրի բառերով և Կառվարենցի երաժշտությամբ ստեղծված «Քեզ համար, Հայաստան»-ի պատմությունը, որպես սյուժետային որևէ գիծ, տեղ գտնել ֆիլմում։

«Մսյո Ազնավուրի» մասին նախորդ հոդվածում խոստացել էի, որ այս մեկում կնշեմ, թե ինչու շատ հայեր կարող են դժգոհել ֆիլմից։ Առաջին հերթին նկատի ունեի հենց Ազնավուր–Հայաստան կապի բացակայությունը։ Բայց կա տեղեկություն, որ հենց ինքը՝ Շառլն է ցանկացել, որ ֆիլմն  ավարտվի այնտեղ, երբ ինքն իր կարիերայի գագաթնակետին է հասել։

Կինոնկարի եզրափակիչ հատվածում մեծ արտիստի համաշխարհային հյուրախաղերի կադրեր են. թվում է, թե տարբեր աշխարահամասերի տարբեր քաղաքներ նրա հաղթական շրջագայության բոլոր կադրերը նույնպես վավերագրական են, բայց տեղ–տեղ, երբ ազդագրերի վրա ոչ թե Ազնավուրի, այլ նրան մարմնավորած Թահար Ռահիմի նկարն ես տեսնում, հասկանում ես, որ դրանք պարզապես հատուկ ֆիլմի համար նկարահանված, բայց վավերագրականի էֆեկտ ստացած տեսարաններ են։ Ահա այստեղ էլ ափսոսում ես, որ բազմաթիվ այդ քաղաքների մեջ չկա Երևանը։ Մինչդեռ 1964 թվականին արտիստի առաջին այցը Հայաստան և առաջին համերգը հայրենիքում այնքան կարևոր նշանակություն է ունեցել թե՛ Ազնավուրի կյանքում և թե՛ հայաստանաբնակ հայության համար։

Մասնագիտական այս մի քանի դիտարկումներով չեմ ուզում ստվեր նետել «Մսյո Ազնավուր» ֆիլմի արժանիքների վրա, որն այս օրերին հաջողությամբ ցուցադրվում է Երևանի տարբեր կինոդահլիճներում։ Գլխավոր դերակատարի փայլուն խաղը և Ազնավուրի հանդեպ մեր անխարդախ սերն ու ակնածանքը բավական են, որպեսզի այն դիտես մեծագույն հաճույքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում