Գլխավոր Լրահոս

Բիոլաբորատորիաներ, կեղծ լուրեր սահմանից ու դիփֆեյքեր. ինչպիսին էր 2024-ը

Բիոլաբորատորիաներ, կեղծ լուրեր սահմանից ու դիփֆեյքեր. ինչպիսին էր 2024-ը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

2024 թվականը ևս բացառություն չէր կեղծ և մանիպուլյատիվ լուրերի մասով։ Տավուշում բողոքի ցույցերի ընթացքում սահմանների փոփոխության վերաբերյալ շրջանառված կեղծ տեղեկությունները, բիոլաբորատորիաների մասին պարբերաբար հայտնվող անհիմն պնդումները և քաղաքական գործիչների ապակողմնորոշող հայտարարություններն էական ազդեցություն ունեցան հանրության շրջանում քննարկումների և տրամադրությունների վրա։

Այս հրապարակմամբ #CivilNetCheck-ը ներկայացնում է 2024-ի ամենահիշարժան և լայն տարածում գտած կեղծ լուրերը։

Բիոլաբորատորիաները և կասկածելի վարկանիշները կրկին ակտուալ են

Այսպես կոչված՝ ամերիկյան բիոլաբորատորիաների վերաբերյալ կեղծ պնդումները շրջանառվեցին նաև 2024-ին։ Տարվա սկզբին լրատվամիջոցներում կեղծ լուր տարածվեց, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի հետ համաձայնագիր է ստորագրել Գյումրիում նոր՝ 13-րդ բիոլաբորատորիա բացելու վերաբերյալ։

Տեղեկությունը, թերևս, անհիմն էր։ Նախ՝ իրականում բիոլաբորատորիաները գործում են Հայաստանի առողջապահության նախարարության ներքո՝ բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու Սուրեն Պապիկյանը պետք է ստորագրեր նոր լաբորատորիա բացելու համաձայնագիր։ ՊՆ-ի կայքում չկային տեղեկություններ Պենտագոնի ներկայացուցիչնների հետ Պապիկյանի հանդիպման, փոխայցելությունների կամ լաբորատորիաներ բացելու պայմանավորվածության մասին։

Իշխանություններն այս տարի էլ հիշատակեցին NUMBEO կայքը, որտեղ Հայաստանն աշխարհում անվտանգության մակարդակով զբաղեցնում է 7-րդ տեղը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում էր մեջբերել այս ցուցանիշը: Սակայն Numbeo.com-ի հրապարակած ցուցանիշը կազմվում է սիրողական մակարդակի մեթոդաբանությամբ և հիմնված է բացառապես կայքի սակավաթիվ այցելուների կարծիքների վրա։ Հուսանք՝ 2025-ին այս ոչ հեղինակավոր վարկանիշի մասին պետական պաշտոնյաները «կմոռանան»։

Էկրանապատկերը՝ Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից

«Ջերմուկ»-ի պատմությունից մինչև ՀԱՊԿ․ արտասահմանյան մամուլի կեղծ լուրերը

Անցնող տարում ռուսական մամուլում տարածվեց կեղծ լուր, թե իբր Վլադիկավկազի բնակիչը մահացել է «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց՝ դրանում քացախի առկայության պատճառով: Թեև «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավորապես դադարեցրեց «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը, սակայն Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության ստուգումները և «Ջերմուկ Գրուպի» լաբորատոր հետազոտությունները հաստատեցին, որ արտադրանքը ամբողջովին համապատասխանում է արտադրական բնութագրին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Տեղեկության հերքումից հետո վաճառքի արգելքը հանվեց:

Էկրանապատկերը՝ tass.ru-ից

Խեղաթյուրվել էին Նիկոլ Փաշինյանի՝ France24-ին տված հարցազրույցում հնչեցված մտքերը՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ France24-ը, մեջբերելով հատվածներ հարցազրույցից, բազայի՝ Հայաստանից հեռացնելու մասին հարցի վերաբերյալ յուրովի մեկնաբանություն է արել՝ գրելով․ «Պահպանման հարց օրակարգում չկա»։ Այս ձևակերպումը լայնորեն տարածվել էր տելեգրամյան ալիքներում և ռուսական մամուլում՝ մեկնաբանվելով որպես ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու որոշում։ Փաշինյանն իրականում նման հայտարարություն չէր արել։ 

Զուգահեռաբար ռուսական և եվրոպական մամուլում շրջանառվեցին կեղծ լուրեր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին։ Մինչդեռ Փաշինյանը խոսել էր միայն կազմակերպության աշխատանքներին «գործնականում մասնակցության սառեցման» մասին։

Ինչ վերաբերում է հայկական մամուլին, ապա մեծ տարածում գտած անհիմն լուրերից էր, թե արցախցի երեխաների մասնակցությունը հունգարական ճամբարներին ֆինանսավորել է նաև Ադրբեջանը։ Ամռանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ արցախցի շուրջ 120 երեխա մասնակցել էր Հունգարիայի «Էրժեբեթ ճամբարներ»  (Erzsébet Táborok) ծրագրին, ինչն էլ անհիմն լուրեր տարածելու առիթ էր դարձել։ Որոշները նույնիսկ թիրախավորեցին ճամբար այցելած արցախցի երեխաներին՝ պնդելով, թե երեխաները կդառնան «Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությամբ գործակալներ» կամ փորձ է արվում երեխաներին «կոտրել» և «ուղեղները լվանալ»:

«Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը ֆինանսավորվում է մեծամասամբ Հունգարիայի պետական բյուջեից։ Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում նաև Եվրոպական սոցիալական հիմնադրամից (EFOP), քաղաքացիների և մասնավոր ընկերությունների նվիրատվություններից:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել էր «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի 2022 և 2023 թվականների տարեկան հաշվետվությունները և չէր գտել Ադրբեջանից ստացված որևէ ֆինանսական մուտքեր կամ նվիրատվություններ:

Էկրանապատկերում՝ 2023-ի հաշվետվությունը, փաստաթուղթը հունգարերենից թարգմանված է առցանց համակարգով։

Սահմանային իրադարձությունները Տավուշում. ճշմարտությունն ու կեղծիքները

Սահմանային իրադարձությունները Հայաստանում ամենաարդիական և քննարկվող թեմաներից են, ինչն էլ նպաստավոր հող է ստեղծում կեղծ և մանիպուլյատիվ լուրերի տարածման համար։

Ապրիլին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցերն արժանացան բուռն արձագանքի և հայտնվեցին լուրերի կիզակետում։  

Մայիսի վերջին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարեց, թե Տավուշում զբաղեցրած դիրքերից Զինված ուժերը դուրս չեն եկել։ Մինչդեռ, #CivilNetCheck-ը, համադրելով տվյալ ժամանակահատվածում պաշտոնական քարտեզն ու արբանյակային լուսանկարները, պարզել էր, որ նշված հատվածներում իրականացված սահմանագծման և սահմանազատման հետևանքով Հայաստանի Զինված ուժերը լքել են շուրջ 10 մարտական դիրք։

Քարտեզում կարմիրով նշված են դիրքերը, որոնք արդեն անցել են Ադրբեջանին

Ավելի ուշ Տավուշում լարվածություն էր առաջացել, երբ Կիրանցի ցուցարարները նկատել էին դեպի Բերքաբեր գնացող առանց պետհամարանիշների մեքենա: Թեև տարածվել էին կասկածներ, թե մեքենայում ադրբեջանցիներ են, սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ մեքենայում գտնվող անձը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանն է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ Երևան տեղափոխվելուց հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանը հայտարարել էր, թե եկեղեցին քաղաքական գործընթացներին չի մասնակցում և չի սատարում Բագրատ Գալստանյանի շարժմանը: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավելի վաղ արված հայտարարությունները հակասում էին այս պնդմանը:

Պաշտոնյաների մոլորեցնող հայտարարությունները

Տարվա ընթացքում պետական պաշտոնյաները հրապարակային հայտարարություններում հաճախ հնչեցրել են իրականությանը չհամապատասխանող և հակասական պնդումներ:

2024-ին որոշում կայացվեց լուծարել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ), որը ստեղծվել էր   ՀՀ-ի տնտեսության զարգացմանն աջակցելու համար ներդրումներ ներգրավելու համար:

Կազմակերպության տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուծարման փուլում այն բնութագրել էր որպես «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն»։  

#CivilNetCheck-ն ուսումնասիրել էր ANIF-ի «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի» ընթացքը և պարզել, որ ծրագրերի մեծ մասը, հատկապես խոշոր նախագծերը, փաստացի ձախողվել են կամ անավարտ են մնացել։

Հետ չմնալով գործընկերներից՝ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսել էր Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր ստեղծելու՝ զոհերի ամբողջական ցանկը կազմելու անհրաժեշտության մասին, որը, սակայն, միանշանակ չէր չընդունվել հանրության կողմից։ Պատգամավորը պնդել էր, թե հրեաներին հաջողվել է կազմել Հոլոքոստի զոհերի ամբողջական ցուցակ, սակայն իրականում ոչ հրեաներին, ոչ էլ վերջին հարյուրամյակում ցեղասպանության ենթարկված այլ ազգերին չի հաջողվել ցեղասպանվածների ամբողջական ցուցակներ կազմել։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին, անդրադառնալով հայ գերիների վերադարձի հարցին, սխալ փաստարկ էր բերել Վիետնամի պատերազմից: Նա ակնարկել էր, թե ԱՄՆ-ն իր գերիներին ուշ է վերադարձրել պատերազմից հետո։ Վիետնամի պատերազմը պաշտոնապես ավարտվել է 1975-ի ապրիլի 30-ին։ Սակայն ամերիկացի բոլոր ռազմագերիները ԱՄՆ էին վերադարձել 1973-ին, երբ ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս էին եկել Վիետնամից` Փարիզի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ 

Նույն կերպ իրականությանը չէր համապատասխանում վարչապետի պնդումը, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը «ճշգրիտ համընկել է» ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային հակամարտության ու Թուրքիայում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հետ։ CivilNetCheck-ը բացահայտեց, որ Փաշինյանը կրկին սխալվում էր. հուշահամալիրի կառուցումը սկսվել է 1965-ին, երբ Կարիբյան ճգնաժամն արդեն երեք տարի առաջ ավարտվել էր, իսկ Թուրքիայում ամերիկյան ռազմաբազան հիմնվել էր դեռևս 1951 թվականին։

AI կեղծիքները. երբ տեխնոլոգիան դառնում է խաբեության գործիք

Հուլիսին #CivilNetCheck-ը հայտարարեց Meta-ի հետ համագործակցության մասին։ Համագործակցության արդյունքում Meta-ն իր հարթակներում սահմանափակում է այն հրապարակումների դիտելիությունը, որտեղ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը սխալներ է հայտնաբերել։

Այսպիսի հրապարակումներից էին ներդրումային կեղծ առաջարկների վերաբերյալ գրառումները, որոնք տարածվում էին հայտնի անձանց՝ Նիկոլ Փաշինյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից։ Իբր վերջիններս Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ նոր հարթակ են հիմնել և առաջարկում են մասնակցել ներդրումային ծրագրի՝ խոստանալով մեծ եկամուտներ։

Բացի այդ, զեղծարարները ստեղծել էին գործարար Ռուբեն Վարդանյանի դիփ-ֆեյքը։ Ձայնի կրկնօրինակմամբ տեսանյութում նրա անունից հնչում էր պնդում, թե քաղաքացիները կարող են դիմել իր ընկերությանը՝ կեղծ բրոքերներից կամ ձախողված ներդրումներից կորցրած գումարները վերադարձնելու համար:

Մեծ տարածում էր գտել նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանի տարածած արևի ամբողջական խավարման լուսանկարը։ Սուրենյանը պնդել էր, թե լուսանկարն իրական է։ Ինչպես պարզվեց, պատկերը ստեղծվել էր արհեստական բանականության (AI) միջոցով։

Էկրանապատկերը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից (արխ)

Սրանք էին 2024-ի ամենահիշարժան կեղծ և անհիմն լուրերը։ #CivilNetCheck-ը շարունակելու է մշտադիտարկել և բացահայտել կեղծ տեղեկատվությունը։ Հուսանք՝ գալիք տարում կեղծ լուրերի քանակը կնվազի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում