Ադրբեջանը չի՛ ֆինանսավորում արցախցի երեխաների համար հունգարական ճամբարները. լուրն անհիմն է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացրել տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանամետ ընկալվող Հունգարիայում ամառային ճամբարը, որում վերջերս հանգստացել են 120 արցախցի երեխաներ, իբր ֆինանսավորվում է նաև Ադրբեջանի կողմից։
«...մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը»,- գրել է Past.am-ը, որից տեղեկությունը արտատպել են News.am, Yerkir.am, Aysor.am, Antifake.am, Politik.am, Shamshyan.com, Oragir.News, 24news.am և այլ լրատվական կայքեր։ Հատկանշական է, որ որևէ ապացույց հունգարական հիմնադրամների՝ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվելու մասին չէին ներկայացվել։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024-ի օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Հունգարիայի արտգործնախարարը հաստատել էր, որ ԼՂ-ից շուրջ 1 000 երեխա կմասնակցի հունգարական ամառային ճամբարներին:
Որոշ լրատվամիջոցներում ճամբարներ այցելած արցախցի երեխաները թիրախավորվեցին՝ պնդելով, որ երեխաները կդառնան «Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությամբ գործակալներ» կամ փորձ է արվում երեխաներին «կոտրել» և «ուղեղները լվանալ»:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է հունգարական ճամբարների ֆինանսական աղբյուրները և պարզել, որ դրանցում ադրբեջանական հետք չկա։
Ի՞նչ է իրականում հունգարական «Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության՝ շուրջ 120 արցախցի երեխա մեկնել է Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար, նրանց ուղեկցում է շուրջ 30 աշխատակից, այդ թվում՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժներ, բժիշկներ։
«Էրժեբեթ ճամբարներ» (Erzsébet Táborok) ծրագիրը ստեղծվել է Հունգարիայի կառավարության կողմից 2012-ին՝ կրթական ճամբարների միջոցով աջակցելու սոցիալապես խոցելի խմբերին, ինչպիսիք են՝ անապահով և բազմազավակ ընտանիքները, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները և այլն։Ծրագիրն իրականացնում է «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամը (Erzsébet a Kárpát-medencei Gyermekekért Alapítvány), որը պատասխանատու է բոլոր ճամբարային միջոցառումների կազմակերպման և համակարգման համար:
Ո՞վ է ֆինանսավորում ճամբարը
«Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը գլխավորապես ֆինանսավորվում է Հունգարիայի պետական բյուջեից՝ «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի միջոցով։
Բացի այդ, ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Եվրոպական սոցիալական հիմնադրամից (EFOP), քաղաքացիների և մասնավոր ընկերությունների նվիրատվություններից:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի 2022 և 2023 թվականների տարեկան հաշվետվությունները և չի հայտնաբերել Ադրբեջանի կառավարությունից կամ ադրբեջանական հիմնադրամներից որևէ ֆինանսական մուտքեր և նվիրատվություններ:Այսպես, «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի 2023-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ «Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը հիմնականում ֆինանսավորվել է Հունգարիայի պետական բյուջեից։

«Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամը («Erzsébet a Kárpát-medencei Gyermekekért Alapítvány») իր 2023-ի ֆինանսական հաշվետվությունում ցույց է տվել մուտքերի ընդհանուր գումարը՝ մոտ 15 մլրդ ֆորինտ (մոտ 40 մլն եվրո), որը ձևավորվել է Հունգարիայի պետական բյուջեից (11 մլրդ ֆորինտ կամ 30 մլն եվրո), Եվրոպական Միությունից (3,5 մլրդ ֆորինտ կամ 9 մլն եվրո), և մասնավոր նվիրատվություններից (376 մլն ֆորինտ կամ 980 հազար եվրո) հատկացված գումարից:
Հիմնադրամի 2024-ի տարեկան հաշվետվությունը հասանելի կլինի 2025-ին, սակայն համացանցում մեզ չհաջողվեց գտնել որևէ տեղեկություն ընթացիկ կամ նախորդ տարիներին հիմնադրամի՝ Ադրբեջանից ստացված ֆինանսավորման մասին։
Այսպիսով, հայկական մեդիայում տարածված պնդումներն այն մասին, թե Ադրբեջանը ֆինանսավորում է հունգարական ճամբարները, որտեղ մեկնել են արցախցի երեխաները, անհիմն են: Համաձայն հրապարակային տվյալների՝ ճամբարների ծրագիրը ֆինանսավորվում է Հունգարիայի պետական բյուջեից, եվրոպական ֆոնդերից և մասնավոր աղբյուրներից:
CivilNetCheck
Civilnet










