Գլխավոր Լրահոս

Երազանքի թիմը

Երազանքի թիմը

«Մենք անվերջ անիծում ենք ընկեր Ստալինին,

և, իհարկե, ոչ անհիմն: Բայցևայնպես, ուզում եմ հարցնել՝

ով է գրել չորս միլիոն մատնությունները»։

Սերգեյ Դովլաթով

Եթե Դովլաթովի մատնություն բառը փոխարինենք լռություն-ով, ապա վերևի նախադասությունը կարելի է վերագրել Հայաստանի պետական կառույցներին, դիվանագիտությանը, հասարակական սեկտորին ու մեծ հաշվով՝ հանրության ոչ փոքր հատվածի։

Հունվարի 17-ին Արցախի ղեկավարների՝ Բաքվում մեկնարկած շինծու դատավարությունը, որ հայ ժողովրդի նվաստացման բեմադրություն է, չարժանացավ պետական կառույցների ու ղեկավարների արձագանքին։

Հայտարարություն արեցին միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, երկու օր անց՝ նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ հիշեցնելով՝ «ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։  

Նիկոլ Փաշինյանը դատավարության հաջորդ օրը Ֆեյսբուքում գրառում արեց Իջևանի մի փողոցում կոյուղու վերականգնման մասին։ Իհարկե, վարչապետը Բաքվում հայոց արժանապատվության նվաստացմանը չարձագանքելը կարող է բացատրել Ալիևին պատերազմի առիթ չտալու զգուշավորությամբ (իսկ թե ինչու է մեր պետությունը հասել այդ օրվան, նա երևի մի օր ընտանեկան փոդքաստում կպատմի)։

Լուռ է արտաքին գործերի նախարարությունը։ Ոչ մի հաղորդագրություն։

Առիթ-անառիթ իրենց խրամատում կանգնած զինվորի հետ համեմատող դիվանագետները լուռ են նաև անձնապես։ Կարծես վերևից լռության հրաման իջեցված լինի։ 

Նրանք լուռ են, երբ կարգավիճակի նշաձող է իջեցվում։

Լուռ են, երբ «Ղարաբաղյան հակամարտություն» բաժինը ԱԳՆ կայքից հեռացվում է։ 

Առարկություն չունեն, երբ վարչապետը, ապա նաև արտգործնախարարն ասում են, թե 1994-ից հետո բոլոր բանակցությունները եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։

Ոչ ոք չի համարձակվում հոսանքին հակառակ գնալ, թեև վստահ եմ՝ շատերն անհամաձայն են այն քաղաքականությանը, որի իրականացնողներն են իրենք՝ կամա կամ ակամա։

Հայ դիվանագետներից շատերի համար Հայաստան պետությունը խոպան է սեփական կյանքն ու երեխաների ապագան ու անձնագիրը սեփական երկրից դուրս դասավորելու համար։ Պաշտոնը կարևոր է։

Օգոստոսին հայ դիվանագետների տարեկան հավաքի ժամանակ ԱԳՆ ղեկավար պաշտոնյաներից մեկը վերևի նկարն էր տարածել՝ նշելով «Team Armenia. Dream Team»։ 

Իրոք որ՝ «երազանքի թիմ»։

Հ.Գ.

Լուռ են նաև ՀԿ-ները։ (Թեև երկու տասնյակից ավելի ՀԿ անցնող շաբաթում հայտարարություն տարածեց՝ կառավարությանը կոչ անելով որևէ պարագայում չհրաժարվել միջազգային դատական գանգատներից, բայց Բաքվի դատավարության մասով լուռ են դեռ)։ Ին շա ալլահ, երկուշաբթի գործի կգան ու մի բան կասեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում