Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ֆեյսբուքում և Ինստագրամում Fatbet անունով էջի միջոցով տարածվում է կեղծ գովազդ IDBank-ի անունից՝ հայտարարությամբ, թե բանկը 25-ամյակի առթիվ գործարկել է հատուկ ակցիա։

Սոցցանցերում շարունակում են տարածվել կասկածելի գովազդներ, որոնք խոստանում են դրամական պարգևներ և թանկարժեք էլեկտրոնիկա տարբեր բանկերի և վճարային համակարգերի անունից։ #CivilNetCheck-ի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ վերջին ամիսների ընթացքում նմանատիպ կեղծ գովազդներ են տարածվել հայաստանյան մի շարք բանկերի անունից։
IDBank-ի անունից տարածվող գովազդում օգտատերերին առաջարկվում է մասնակցել «հայեցի թեստի»՝ պատասխանելով Հայաստանի և հայերի մասին հարցերի և ստանալ մրցանակներ՝ ժամացույցներ, ականջակալներ, սմարթֆոններ և ավտոմեքենա։
Ինչպես է գործում խարդախության սխեման
Գովազդային հղումը տանում է IDram վճարային համակարգի պաշտոնական կայքին նմանեցված կեղծ կայքէջ, որում նշվում է, թե հնարավոր է շահել 10 000-ից մինչև 200 000 դրամ՝ խանութներում օգտագործելու համար։
Կայք մուտք գործելիս օգտատերը տեսնում է վիճակախաղի պատուհան, որը ցուցադրում է, որ մասնակիցը շահել է 150 000 դրամ։

հեռախոսահամարը, գաղտնաբառը և PIN կոդը։ Սա դասական ֆիշինգային խարդախության սխեմա է, որի նպատակն է գողանալ օգտատերերի բանկային տվյալները։
Ուշագրավ է, որ գովազդը տարածող Fatbet էջը ստեղծվել է ընդամենը 2025-ի հունվարի 10-ին և ունի 9 հետևորդ։ Էջում միացված են ակտիվ գովազդներ, որոնք բոլորն էլ խոստանում են արժեքավոր մրցանակներ։

Վերջերս Հայաստանի մեկ այլ բանկի անունից տարածվող նմանատիպ խարդախության դեպքում ևս օգտագործվում էր վիճակախաղի նույն սխեման։ Բանկերը բազմիցս հերքել են նմանատիպ կեղծ խաղարկությունների հետ իրենց կապը։
Տես՝ Կեղծ մրցույթ․ զեղծարարները թիրախավորում են «Յունիբանկ»-ի հաճախորդներին
Այսպիսով, IDBank-ի և IDram-ի անունից տարածվող խաղարկությունը ֆինանսական խարդախության փորձ է։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում չվստահել նմանատիպ գովազդներին և չտրամադրել իրենց բանկային տվյալները կասկածելի կայքերում։
CivilNetCheck
Civilnet











