Գլխավոր Լրահոս

Հանրային տրանսպորտ. ինչո՞ւ է դժվար հաղթահարել 100 դրամի շեմը

Հանրային տրանսպորտ. ինչո՞ւ է դժվար հաղթահարել 100 դրամի շեմը

Փետրվարի 1-ից Երևանում ուժի մեջ են մտել հանրային տրանսպորտի նոր սակագները։ Մայրաքաղաքի բնակիչների շրջանում զգալի դժգոհություն կա նոր համակարգից։ Կրկին ականատեսն ենք 2013-ի «Վճարում ենք 100 դրամ և իջնում» տեսարանների, որոնք, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, քաղաքական ենթատեքստ ունեն։

Որակյալ ծառայության գինը

Իրականությունն այն է, որ 100 դրամով անհնար է ապահովել հանրային տրանսպորտի որակյալ ծառայություն։ Այո՛, տեսականորեն հնարավոր է պահպանել ցածր սակագինը, սակայն այդ դեպքում ծախսերը կծածկվեն մեր մյուս գրպանից՝ պետական կամ համայնքային բյուջեից։

Երբ քաղաքացին ուղղակիորեն չի վճարում ծառայության իրական արժեքը, ստեղծվում է թյուր տպավորություն, թե այն էժան է։ Անուղղակի ծախսերն ու հարկերը հաճախ աննկատ են մնում։ Ավելին, հաշվի առնելով մեզանում ժողովուրդ - պետություն օտարման վիհը, մարդիկ հաճախ ծառայության արդյունավետություն չեն էլ պահանջում։

Մեզ նման երկրներում, որտեղ գերակշռում են անուղղակի հարկերը, քաղաքացիները հազվադեպ են պահանջում իրենց իրավունքների պատշաճ պաշտպանություն։ Համայնքային կամ պետական բյուջեն ընկալվում է որպես օտար, իշխանություններին պատկանող ինստիտուտ, ոչ թե հանրային միջոցների հավաքագրման ու վերաբաշխման գործիք։

Զարգացած երկրներում այս խնդիրը լուծվել է այլ կերպ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքացին յուրաքանչյուր քայլափոխի զգում է, որ հարկ է վճարում։ Նույնիսկ խանութներում ապրանքների ցուցադրված գներում հարկերը ներառված չեն. դրանց չափը պարզ է դառնում միայն վճարման պահին։

Հաղորդակցության բացը

Այն, որ քաղաքացիների մի մասը չի ցանկանում 100 դրամից ավելի վճարել, պայմանավորված է ոչ միայն սոցիալական կամ հոգեբանական շեմով, այլև քաղաքային իշխանությունների անարդյունավետ հանրային հաղորդակցությամբ։

Նոր սակագների ներդրման ժամանակ անհրաժեշտ է հստակ հաշվարկներով հիմնավորել թանկացումը, սոցիալական տեսահոլովակներով բացատրել, թե ինչի համար է անհրաժեշտ լրացուցիչ վճարը և քաղաքացիներն ինչ որակի ծառայություն են ստանալու վերջնարդյունքում։

Հայաստանյան իրականությունում, սակայն, բացակայում է ռազմավարական պլանավորումը և ռազմավարական հաղորդակցությունը։ Չի հաջողվում ժամանակին կատարել «տնային աշխատանքը»՝ քննարկել հանրության հետ, նախապատրաստել նրան, տեղեկացնել ու կրթել։

Այս խնդիրն արտահայտվում է տարբեր ոլորտներում։ Պատերազմի ժամանակ սկսվում է պատերազմին պատրաստվելու գործընթացը, իսկ եկամուտների հայտարարագրման նման բարդ բարեփոխումների մասին սկսում են խոսել միայն դրանց ուժի մեջ մտնելուն մոտ։

Քաղաքական նկատառումներ

Ամիսներ առաջ, երբ ներկայացվեցին նոր, էականորեն բարձր սակագները, դրանք հիմնավորվեցին տրանսպորտի որակյալ սպասարկման անհրաժեշտությամբ։ Սակայն հանրային քննադատությունից հետո որոշվեց էականորեն նվազեցնել առաջարկված գները։

Այս որոշումը հարց է առաջացնում՝ այլևս անհրաժեշտ չե՞ն միլիարդավոր այն դրամները, որոնք նախկինում համարվում էին կենսական հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար։ Թե՞ 2026-ի նախընտրական համատեքստում որակյալ տրանսպորտ ունենալու սոցիալական խնդիրը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանը։

Ցավոք, թե՛ սակագնի բարձրացումը, թե՛ դրա հետագա նվազեցումը մնացել են անհասկանալի ու չբացատրված՝ բացառությամբ պոպուլիստական հայտարարությունների՝ «ես լսում եմ ձեզ», «կարդացել եմ ձեր բողոքները» և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում