Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրությունը համացանցում տեղադրած անձը՝ Ղարիբ Բաբայանը, ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության և ոստիկանության նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողաւկանություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ:
Ղարիբ Բաբայանը եղել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս և «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար։
Տեսանյութը հրապարակվել էր հունվարի 30-ին՝ «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի» ֆեյսբուքյան էջում։ Կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում ռուսերենով գրել էր․ «Խայտաառկություն։ Մի խումբ ադրբեջանցիներ Երևանում կենտրոնական հրապարակում ադրբեջաներեն երգում են «Գարաբախ» երգը։ Իսկ որտե՞ղ է մեր պատվավոր ոստիկանությունը։ Թե՞ այն միայն կարող է մեր զոհված զինծառայողների ծնողներին ծեծել Եռաբլուրում»։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում տեսանյութի տարածումը որակվում է «քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։
Ղարիբ Բաբայանի ընկեր, Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ տեսանյութը հարապարակելուց հետո Ղարիբ Բաբայանին հրավիրել են ԱԱԾ․ «Առավոտյան 11-ից մինչև 20:00 պահել են, որից հետո բաց են թողել։ Իսկ այսօր կեսօրին Քննչական կոմիտեից հրավիրել են ու մի քանի ժամ էլ այնտեղ հարցաքննել»։
Ըստ Օսիպյանի՝ իշխանական քարոզիչները Ղարիբ Բաբայանի գործունեությունը փորձում են կապել ռուսների հետ, ինչը իրականությանը չի հապատասխանում․ «Այդ գործին են լծվել իշխանական քարոզիչները, Ռոման Բաղադասարյանը և այլք»։
Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, ԱԱԾ-ն պարզել էր դրանում հայտնված մարդկանց ինքնությունը, որոնք Իրանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցիներ էին։
Լրացում 1
Դեպքի վերաբերյալ Ֆեյսբուքում Արցախի նախկին պետնախարար և Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը գրել է, որ «ապազգային իշխանությունները փոխանակ քրեական հետապնդում սկսեն Ղարիբ Բաբայանի հրապարակած տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ, որոնք թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող երգ են ոռնացել Երևանի հրապարակում, որոշել են եղելությունը ցուցադրող տեսանյութը հրապարակած անձին դատապարտել»:
«Որպես այդ ադրբեջանական սադրանքից և իրավապահ մարմինների անգործությունից ու ապօրինի գործողություններից վիրավորված արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացի և այդ ադրբեջանցիների կողմից հրահրված թշնամանքի թիրախ՝ պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել այդ խայտառակ քրեական գործը Ղարիբ Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տվյալ տեսանյութում երևացող անձանց դեմ:
Հ.Գ. Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին կամ տեսանյութը մեկ ամսվա հնության է. այդ երկու հանգամանքներն էլ որևէ կերպ չեն փոխում եղելությունը և իրավական գնահատականը: Ղարիբ Բաբայանը չէր կարող իմանալ և չի հրապարակել Իրանի քաղաքացիության հանգամանքը՝ պարզապես ընդգծելով նրանց ադրբեջանական ծագումը՝ լեզվի հիման վրա: Իսկ տեսանյութն իրականությունն է արտացոլել, որտեղ ճիշտ կլիներ նշել նաև նկարահանման օրը, որը, սակայն, միայն տեղեկատվական բացթողում է, սակայն ոչ երբեք քրեական հետապնդման հիմք»,- գրել է:
Լրացում 2
22:30 Աջափնյակի դատարանում նշանակված էր Բաբայանի կալանքի գործով դատական նիստը։ Դատարանի շենքի մոտ հարյուրավոր մեքենաներ կային. քաղաքացիները եկել էին իրենց բողոքը հայտնելու որոշման դեմ։ Կեսգիշերն անց հայտարարվեց, որ դատարանը որոշել է չբավարարել Բաբայանի կալանքի միջնորդությունը։ Նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Մինչ այդ հայտարարությամբ էին հանդես եկել մի շարք իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կոչ էր արել «քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ կատարվող գործողություններն անօրինական են. «Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է»։
Civilnet











