Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը և Հնդկաստանը խորացնում են գործակցությունը տիեզերական ծրագրերում

ԱՄՆ-ը և Հնդկաստանը խորացնում են գործակցությունը տիեզերական ծրագրերում

ԱՄՆ-ը և Հնդկաստանը կարևոր մի շարք ծրագրեր են ակտիվացնում փետրվարի 13-ին Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հանդիպման արդյունքներով։ Համագործակցությունը երեք հիմնական ուղղություն է ընդգրկում՝ պաշտպանություն և անվտանգություն, առևտուր և տնտեսություն և էներգետիկա։ Ամերիկա-հնդկական համագործակցությունը կենտրոնանում է նաև նորարարական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և քաղաքացիական տիեզերագնացության ոլորտների վրա: ԱՄՆ-ի հետ խորացող համագործակցության շրջանակում Հնդկաստանը պատրաստվում է իր առաջին տիեզերագնացին ուղարկել տիեզերք։ 

Թրամփի ու Մոդիի հանդիպման կարևորագույն հայտարարությունների թվում էին ԱՄՆ-Հնդկաստան TRUST (Transforming the Relationship Utilising Strategic Technology) նախաձեռնության, ԱԲ-ի ենթակառուցվածքների ճանապարհային քարտեզի և INDUS Innovation հարթակի գործարկումը, որը կնպաստի պաշտպանության, տիեզերագնացության և էներգետիկայի ոլորտներում գործընկերությանը:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ TRUST նախաձեռնությունը կխթանի կառավարությունների, գիտական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ նպաստելով առանցքային և զարգացող տեխնոլոգիաների կիրառմանը պաշտպանության, ԱԲ-ի, կիսահաղորդիչների, քվանտային հաշվարկների, կենսատեխնոլոգիայի, էներգետիկայի և տիեզերագնացության ոլորտներում: Այս նախաձեռնությունը կխրախուսի նաև տեխնոլոգիական վստահելի մատակարարներից օգտվելը և զգայուն տեխնոլոգիաների պաշտպանությունը:

Նախատեսվում է, որ TRUST նախաձեռնության շրջանակում երկու երկրների մասնավոր արդյունաբերությունները մինչև տարեվերջ կառաջարկեն ԱՄՆ-Հնդկաստան ճանապարհային քարտեզ ԱԲ-ի ենթակառուցվածքների զարգացումն արագացնելու համար: Ճանապարհային քարտեզը կբացահայտի ֆինանսավորման, կառուցման, սնուցման և միացման հետ կապված սահմանափակումները՝ Հնդկաստանում ամերիկյան ծագման ԱԲ խոշոր ենթակառուցվածքների համար:

Երկու երկրները կաջակցեն նաև արդյունաբերական գործընկերությանը և ներդրումներին նոր սերնդի տվյալների կենտրոններում, համագործակցությանը հաշվողական համակարգերի և պրոցեսորների մշակման և հասանելիության ոլորտում, ԱԲ մոդելների նորարարություններին և հասարակական մարտահրավերների լուծմանը նպատակաուղղված ԱԲ հավելվածների ստեղծմանը՝ միաժամանակ անդրադառնալով այս տեխնոլոգիաները պաշտպանելու համար անհրաժեշտ երաշխիքներին և կարգավորող խոչընդոտների նվազեցմանը:

Հնդկաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են նաև INDUS Innovation ծրագրի մեկնարկի մասին, որը INDUS-X (India-U.S. Defense Acceleration Ecosystem) հարթակի վրա հիմնված նորարարական կամուրջ է։ Դրա նպատակն է խթանել արդյունաբերական և ակադեմիական գործընկերությունը և ներդրումները տիեզերական, էներգետիկ և այլ զարգացող տեխնոլոգիաների ոլորտում:

INDUS-X-ը Հնդկաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության արագացման նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2023-ին։ Դրա նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունները, ամրացնել ռազմավարական գործընկերությունը և նպաստել պաշտպանական արդյունաբերության և ստարտափների համագործակցությանը երկու երկրների միջև: INDUS-X-ը ներառում է համատեղ հետազոտական նախագծեր, ներդրումներ նորարարական տեխնոլոգիաներում և պաշտպանության ոլորտում, գիտական ու արդյունաբերական կապերի զարգացում:

Թրամփը և Մոդին որպես TRUST նախաձեռնության մաս պարտավորվել են ստեղծել մատակարարման վստահելի և կայուն շղթաներ, այդ թվում՝ կիսահաղորդիչների, կարևոր հանքանյութերի և դեղագործական ապրանքների համար: Ակնկալվում է, որ այս ոլորտում կխրախուսվեն հանրային և մասնավոր ներդրումները՝ ընդլայնելու Հնդկաստանի արտադրական կարողությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, կենսական դեղամիջոցների համար ակտիվ դեղագործական բաղադրիչների արտադրությունը:  

Հնդկաստանը և ԱՄՆ-ն կարագացնեն հետազոտությունների և գիտական  մշակումների ոլորտում համագործակցությունը և կխրախուսեն ներդրումները կարևոր հանքանյութերի ամբողջ արժեշղթայում, նաև՝ Հանքային անվտանգության գործընկերության միջոցով:

Երկու ղեկավարները հայտարարել են նաև Ռազմավարական հանքային վերականգնման նախաձեռնության մեկնարկի մասին, որը երկկողմ նոր ծրագիր է՝ ուղղված կարևոր հանքանյութերի (այդ թվում՝ լիթիումի, կոբալտի և հազվագյուտ հողերի) վերականգնմանը և վերամշակմանը ալյումինի, քարածխի հանքարդյունաբերության, նավթի և գազի արդյունաբերության ճյուղերից:

2025-ը հայտարարվել է ԱՄՆ-Հնդկաստան քաղաքացիական տիեզերական համագործակցության նորարարության տարի։ Ամերիկյան Axiom Space տիեզերական ընկերությունը NASA-ի և Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) 

ծրագրի շրջանակում Միջազգային տիեզերական կայան կհասցնի հնդիկ առաջին տիեզերագնացին։ Հնդկաստանը և ԱՄՆ-ը ազդարարել են նաև NISAR-ի՝ NASA-ի և ISRO-ի համատեղ արբանյակային ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է երկրի մակերևույթի՝ բարձր ճշգրտությամբ մոնիտորինգի համար:

Հնդկա-ամերիկյան համագործակցությունը կենտրոնանալու է նաև մարդատար տիեզերական թռիչքների, տիեզերական թռիչքների անվտանգության և մասնագիտական փորձի փոխանակման հարցերում: Հնդկաստանն ու ԱՄՆ-ը պարտավորվել են խորացնել կոմերցիոն տիեզերական համագործակցությունը ավանդական և նորարարական ոլորտներում, ինչպիսիք են կապը, արբանյակային և տիեզերական արձակման համակարգերը, տիեզերական զբոսաշրջությունը և առաջադեմ տիեզերական արտադրությունը:

Հայտարարվել է նաև ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի և Հնդկաստանի «Անուսանդհան» ազգային հետազոտական հիմնադրամի միջև նոր գործընկերության մասին՝ նորարարական տեխնոլոգիաների հետազոտության ոլորտում: Այս գործընկերությունը հիմնվում է ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի և հնդկական մի շարք գիտական գործակալությունների միջև շարունակվող համագործակցության վրա՝ հնարավորություն տալով համատեղ հետազոտություններ կատարել կիսահաղորդիչների, կապակցված տրանսպորտային միջոցների, մեքենայական ուսուցման, նոր սերնդի հեռահաղորդակցության, ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի և ապագա կենսաարտադրության ոլորտներում:

Հղումը՝ India, US Unveil Key Technology and Space Initiatives in Modi-Trump Meet

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում