ԵՄ-ն կվերացնի Սիրիայի էներգետիկ, տրանսպորտային և բանկային ոլորտների դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ 27 արտգործնախարարների հանդիպումից առաջ։ Գրում է The National-ը։
«Մենք կշարունակենք Սիրիայի դեմ պատժամիջոցների կասեցումը»,- ասել է Կալասը։
ԵՄ Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Միությունը նպատակ ունի դյուրացնել համագործակցությունը Սիրիայի, նրա ժողովրդի և բիզնեսների հետ առանցքային ոլորտներում՝ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև դյուրացնել ֆինանսական և բանկային գործարքները, որոնք կապված են այդ ոլորտների և մարդասիրական ու վերակառուցման նպատակների հետ:
Պատժամիջոցների վերացման մասին որոշումից հետո լրագրողները Կալլասին հարցրել են՝ արդյոք ԵՄ ընկերությունները պատրա՞ստ են կրկին ներդրումներ կատարել Սիրիայում, ԵՄ բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է. «Մենք հենց այդ պատճառով ենք վերացնում պատժամիջոցները, քանի որ հույս ունենք, որ նրանք հենց այդպես էլ կվարվեն, քանի որ կարևոր է, որ նրանք վերադառնան և օգնեն վերակառուցել Սիրիան»:
ԵՄ Խորհրդի որոշման մեջ նաև նշվում է․ «ԵՄ սահմանափակող միջոցներն օգտագործվել են որպես գործիք Ալ-Ասադի ռեժիմի դեմ, որը պատասխանատու է սիրիական քաղաքացիական բնակչության բռնի ճնշման համար»:
The National-ը շեշտում է, որ Սիրիայի վերակառուցման համար կպահանջվի 250-400 մլրդ դոլար:
Civilnet











