Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ժնևում՝ Զինաթափման համաժողովին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ»,- հայտարարել է Միրզոյանը։
Հայաստանը Զինաթափման համաժողովին ներկայացել է դիտորդ պետության կարգավիճակով։
ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում նշել է, որ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։
«Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ասել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով, Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։
«Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները»,- նշել է Հայաստանի գլխավոր դիվանագետը։
Civilnet










