Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատանքային կապերը Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ մնում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է Տասմագամբետովը։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Civilnet










