Հայաստանի կառավարությունը մարտի 6-ին, չզեկուցվող հարցերի շրջանակում, որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի վարժական հավաքներ։ Դրանք կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ։
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։
Նախքան այս որոշումը, հունվարին կառավարությունը ևս հաստատել էր վարժական հավաքների անցկացում՝ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում։
Նախորդ ամիս պաշտպանության նախարարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով խստացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։ Բացի այդ, առաջարկվում էր վերանայել և հստակեցնել ռազմական ոստիկանության դերն ու իրավասությունները զորահավաքային գործընթացում։ Այս օրենսդրական փոփոխությունը դեռևս չի ընդունվել։
Civilnet










