ԱՄՆ-ն և Ուկրաինան հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացնեն․ Զելենսկի

ԱՄՆ-ն և Ուկրաինան հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին ԵՄ առաջնորդների հետ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ «իմաստալից հանդիպում» կլինի, գրում է BBC-ն։
Ուկրաինայի առաջնորդը կմեկնի Սաուդյան Արաբիա, բայց չի մասնակցի բանակցություններին։ Զելենսկին ասել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆն ասել է, որ ամերիկյան կողմը ցանկանում է քննարկել խաղաղության «շրջանակ»՝ փորձելով վերջ դնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին:
Փետրվարի 28-ին Զելենսկին և Թրամփը Սպիտակ տանը լրատվամիջոցների առաջ թեժ զրույց ունեցան, որի ընթացքում Թրամփն ասաց, որ Զելենսկին պատրաստ չէ դադարեցնել մարտերը: ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը։
Ուկրաինայի նախագահն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար և փորձել է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի ամենամեծ ռազմական մատակարարի հետ։
ԵՄ-ն կմեծացնի պաշտպանական ծախսերը
Եվրոպական առաջնորդները մարտի 6-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հավանություն են տվել պաշտպանության համար ավելի շատ ծախսեր կատարելու և Ուկրաինայի կողքին մնալու ծրագրերին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Եվրամիության պաշտպանական գագաթնաժողովը Բրյուսելում տեղի ունեցավ այն մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանը կարող է հաջորդը հարձակվել ԵՄ երկրի վրա, և որ Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա՝ իրեն օգնության հասնելու համար:
«Այսօր մենք ցույց տվեցինք, որ Եվրամիությունը դիմագրավում է մարտահրավերին՝ կերտելով պաշտպանված Եվրոպա և կանգնած է Ուկրաինայի կողքին»,- լրագրողներին ասել է գագաթնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան։
ԵՄ առաջնորդները ողջունել են մարտի 4-ին Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները՝ պաշտպանական ծախսերի հարցում նրանց ֆինանսական ճկունություն տրամադրելու և ԵՄ երկրների կառավարություններին մինչև 150 միլիարդ եվրո (160 միլիարդ դոլար) համատեղ փոխառություն տրամադրելու վերաբերյալ՝ իրենց զինված ուժերը ֆինանսավորելու համար:
Բոլոր 27 անդամ պետությունների կողմից համաձայնեցված համատեղ հայտարարության մեջ առաջնորդները կոչ են արել իրենց նախարարներին հրատապ մանրամասն ուսումնասիրել այդ առաջարկները:
«Եվրոպան պետք է ընդունի այս մարտահրավերը, այս զինապայքարը: Եվ պետք է հաղթի այն»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ:
Թեմա
Civilnet










