Լաթաքիայում կատարվողը բոլոր ալավիների հավաքական պատիժ է․ պատմում է ականատեսը

Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, սկսվել են զինված բախումներ ալավիների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև։ Ըստ հաղորդագրությունների՝ բախումները բռնկվել են այն բանից հետո, երբ ալավիական խմբերը դուրս են եկել փողոց՝ բողոքելով Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորման դեմ (HTS) դեմ, որն իշխանության է եկել Սիրիայում Ասադների իշխանության տապալումից հետո։
Ալավիներն ու նրանց կապը Ասադի հետ
Ովքեր են ալավիները
Ալավի էթնոկրոնական խումբը շիականության մի ուղղություն է։ Ալավի անվանումը ստացել են Ալի խալիֆայի անունից, որին համարում են Աստծո մարմնավորում։ Ալավիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը, իսկ Լաթաքիայում և Տարտուսում նրանք մեծամասնություն են։ Ռազմավարական առումով սրանք չափազանց կարևոր նահանգներ են, որոնք ապահովում են Սիրիայի ելքը դեպի Միջերկրական ծով։ Այստեղ են գտնվում նաև Ռուսաստանի ռազմական բազաները։ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի ընտանիքը ներհամայնքային ծագումնաբանությամբ ալավի էր։ Ասադները թեև մշտապես ընդգծել են իրենց ռեժիմի աշխարհիկ բնույթը, սակայն առանցքային պաշտոններում, հատկապես ուժային կառույցներում, նախապատվություն էին տալիս ալավիներին։ Ռեժիմի փոփոխությունից հետո ալավիական համայնքը կասկածվում է Ասադներին հավատարիմ մնալու և նրանց իշխանության վերականգնմանը ձգտելու մեջ։
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալների՝ Սիրիայի իշխանություններն ու նրանց հետ կապված խմբավորումները երկու օրվա ընթացքում սպանել են ավելի քան 700 խաղաղ բնակչի, այդ թվում՝ կանանց ու երեխաների, որոնք հիմնականում պատկանում էին ալավիների համայնքին։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, մեկնաբանելով երկրի արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունները, հայտարարել է, որ կառավարական ուժերը հետապնդելու են Ասադի ռեժիմի «մնացորդներին» և նրանց կանգնեցնելու են դատարանի առաջ, հայտնում է Al Jazeera-ն։
«Մենք շարունակելու ենք հետապնդել ընկած ռեժիմի մնացորդներին։ Բերելու ենք արդար դատարանի առաջ և շարունակելու ենք զենքը կենտրոնացնել միայն պետության ձեռքում. Սիրիայում այլևս չպետք է լինի անօրինական զենք», – հավելել է նա՝ նախազգուշացնելով, որ քաղաքացիական անձանց վրա հարձակում գործածները պատասխանատվության են ենթարկվելու։
Պատմում է ականատեսը
ՍիվիլՆեթի հետ զրույցում Լաթաքիայի բնակիչ, քրիստոնյա Ջալալը (ազգանունը չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով) պատմում է վերջին օրերին տեղի ունեցած արյունալի դեպքերի մասին։
«Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերը նախորդ շաբաթ սկսեցին որոնել նախկին ռեժիմի հետ կապված զինված խմբերին։ Նրանք ներխուժում էին թաղամասեր և կրակում բնակելի շենքերի վրա՝ փորձելով ստիպել որոնվող անձանց ինքնաբացահայտվել և հանձնվել։ Դրա հետևանքով ահաբեկման ենթարկվեցին քաղաքացիական անձինք։ Շատերը ձերբակալվեցին և ենթարկվեցին հարցաքննության, գրանցվեցին զոհեր, որոնց թվում՝ մի երեխա։
Մարդկանց թույլ չէին տալիս մասնակցել հրապարակային սգո արարողությունների։ Անվտանգության ուժերը (HTS) թույլ տվեցին միայն փոքր, առանձին հուղարկավորություններ, ինչն է՛լ ավելի սրեց լարվածությունը։
Հաջորդ օրը հարձակումներ եղան HTS-ի անդամների դեմ։ Միևնույն ժամանակ, Ջեբլե քաղաքի շրջակայքում ընթանում էր մեկ այլ գործողություն՝ նախկին պաշտոնյաներին գտնելու նպատակով։ Ըստ մեդիայում տեղ գտած հրապարակումների՝ Ասադի նախկին զինյալները հարձակվում են նոր կառավարության ուժերի վրա, մինչդեռ քաղաքացիական զոհերի մասին չէր խոսվում։ Բացի այդ, Սիրիայի տարբեր՝ սուննի մեծամասնություն ունեցող քաղաքներում մարդիկ դուրս էին եկել փողոց՝ աջակցելով Սիրիայի ափամերձ շրջաններում գործողություններին և ջիհադի կոչ անելով։
Մարտի 7-ի երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, մի քանի զինված տղամարդիկ դուրս եկան Լաթաքիայի Դաաթուր թաղամասի գլխավոր փողոց և փակեցին այն։ Քաղաքացիները վախեցած էին և համոզված, որ HTS-ը կկիրառի ծայրահեղ ուժ այս դիմադրությունը ճնշելու համար։ Որոշ մարդիկ փորձեցին համոզել զինված անձանց վայր դնել զենքերը՝ նշելով, որ հակամարտությունը միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի։ Սակայն լարվածության աճը, ջիհադի կոչերը Սիրիայի ափամերձ շրջանների նկատմամբ և կառավարության լռությունն ու վերջին իրադարձությունների վրա աչք փակելը որոշ մարդկանց դրդեցին զենք վերցնել և կռվել։
Մի քանի ժամ անց HTS-ի ուժերը ժամանեցին Դաաթուր, մարտը տևեց 90 րոպե։ Միևնույն ժամանակ, ջիհադի կոչերը երկրի տարբեր շրջաններից դեպի Սիրիայի ափամերձ տարածքներ բերեցին հազարավոր իսլամիստների, որոնք իրականացրին թալան և զանգվածային սպանություններ անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ՝ հատկապես Ջեբլե և Բանիաս քաղաքներում, ինչպես նաև լեռնային գյուղերում։ Հարյուրավոր տեսանյութեր են տարածվել առցանց, որոնցում ցուցադրվում են կամայական սպանություններ, մարդկանց գնդակահարություններ իրենց տներում, ողջ ընտանիքների կոտորածներ, տների հրկիզում, գողություններ։
Նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարեց, որ զինված ուժերը պետք է ձեռնպահ մնան «չափից դուրս կոպիտ մեթոդներ» կիրառելուց, ինչը շատ սիրիացիներ ընկալեցին որպես բռնության արդարացում և տեղի ունեցածը ժխտելու փորձ։
«Համբերեք, ալավիներ, մենք գալիս ենք ձեր կոկորդները կտրելու»՝ այսպիսի կոչեր են հնչեցնում ջիհադականները։
«Դուք՝ ալավիներդ եք սկսել այս խառնաշփոթը, – ինձ ասաց ուժայիններից մեկը։ – Դուք մեզ կոտորել եք 14 տարի շարունակ, և եթե մենք ցանկանայինք ձեզ նույն կերպ վերաբերվել, ես այս շենքը կպայթեցնեի, պարզապես կտեղադրեի ռումբեր և կպայթեցնեի բոլոր բնակիչներին, չէ՞ որ նրանք բոլորը ալավիներ են»։
Պաշտոնական անվտանգության ուժերը փորձում են որդեգրել համեմատաբար «մեղմ» դիրքորոշում, մինչդեռ ջիհադականներն ազատ են իրենց գործողություններում ալավիների նկատմամբ։
Ի դեպ, իմ տատիկը հայ է։ Ես շատ եմ կարդացել Հայոց ցեղասպանության մասին։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայի ափամերձ շրջաններում, նման է Հայոց ցեղասպանությանը։ Սա բոլոր ալավիների հավաքական պատիժ է, նույնիսկ այն քաղաքացիական անձանց, որոնք ոչ մի կապ չունեն Ասադի ռեժիմի հետ»։
Երկու հայ է զոհվել
Նախօրեին Սիրիայի հայկական «Գանձասար» թերթը հաղորդեց Լաթաքիայում երկու հայերի՝ հոր և որդու զոհվելու մասին։ Անտուան և Ֆադի Բուտրոսները կրակոցների զոհ են դարձել։
ՍիվիլՆեթը կապ է հաստատել նաև Սիրիայի առափնյա նահանգների հայերի հետ և առաջիկայում կներկայացնի իրավիճակը հայերի շրջանում։
Ստելլա Մեհրաբեկյան
Տեղադրություն
Թեմա
Civilnet










