Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Հնդկաստանը ՏՏ և այլ ոլորտներում համագործակցության խորացման մեծ հնարավորություններ ունեն 

Հայաստանը և Հնդկաստանը ՏՏ և այլ ոլորտներում համագործակցության խորացման մեծ հնարավորություններ ունեն 

Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ դա Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման համար է, և չկա որևէ մտադրություն այդ համակարգերն օգտագործելու որևէ երրորդ կողմի դեմ:

«Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ պաշտպանությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի Հնդկաստանի հետ։ Նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակաբար կխորանա:  

Լրագրողը նախարարից հետաքրքրվել է Ադրբեջանից եկող արձագանքների մասին՝ Հայաստանի կողմից հնդկական զենք ձեռք բերելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի մտադրությունը միայն իր պաշտպանական համակարգի արդիականացումն է:

«Ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ երկրներից ձեռք բերված սարքավորումները նպատակ ունեն լինել ավելի լավ բանակի մաս՝ ավելի լավ պաշտպանական կարողություններով: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի դեմ»,- ասել է Միրզոյանը:

Նախարարը խոսել է նաև տրանսպորտային ուղիների զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ անում է՝ գլոբալ տարանցիկ ուղիների մաս դառնալու համար, և այստեղ նոր հնարավորությունների հետազոտումը շատ կարևոր է Հայաստանի համար: Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակները:  

«Մենք հետաքրքրված ենք նոր հնարավորությունների հետազոտմամբ, ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության մալուխները, ինտերնետ մալուխները և այլն: Եվ սա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների հետ բանակցությունների վրա, նկատի ունեմ Ադրբեջանը: Մենք փոխադարձաբար շահավետ առաջարկ ենք արել երկու երկրների համար, բայց նաև շարունակում ենք մեր բանակցությունները մեր սահմանների բացման և Հայաստանը Թուրքիայի հետ կապող մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման վերաբերյալ»,- նշել է նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ այս ծրագիրը շահավետ է լինելու աշխարհի բազմաթիվ խաղացողների համար:  

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների մասին

Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Հիշենք, որ 18-րդ դարում Հնդկաստանում եղել է աշխույժ հայկական համայնք՝ մտավորականների, առևտրականների համայնք, որը և՛ նպաստում էր Հնդկաստանի գլոբալ դիրքավորմանն առևտրի և տնտեսության առումով, և՛ ուներ հսկայական ներդրում մշակութային հեռանկարի մեջ և՛ Հայաստանում, և՛ Հնդկաստանում: Հետաքրքիր է իմանալ, որ, օրինակ, ապագա Հայաստանի Հանրապետության գրավոր սահմանադրություն ունենալու առաջին փորձը կատարվել է, այն գրվել է Հնդկաստանում: Նաև առաջին հայկական հրատարակված պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում՝ Մադրասում, ներկայիս Չեննայում:

Այսպիսով, վերադառնալով արդի պատմությանը՝ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, և հետաքրքիր է, որ ընդամենը չորս տարի անց մենք հաջողեցինք ստորագրել մեր երկու պետությունների միջև «Բարեկամության և համագործակցության» մասին պայմանագիրը՝ բավականին լուրջ փաստաթուղթ: Այդ ժամանակից ի վեր քաղաքական երկխոսությունն, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, և հատկապես վերջին 3-4 տարիներին մենք հարաբերությունների զգալի բարելավում ենք գրանցել, մենք ունենք շատ ինտենսիվ փոխադարձ քաղաքական այցեր, քաղաքական խորհրդակցություններ մեր արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ներառյալ նախարարների մակարդակով: Մենք նաև մշտապես հանդիպում ենք Համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որտեղ նշում ենք ոլորտները և կոնկրետ քայլերը, որոնք կարող ենք երկկողմանի իրականացնել: Այսպիսով, եթե հարցնեք, թե ինչպես կնկարագրեի հարաբերությունները, ապա դրանք շատ սերտ և բարեկամական հարաբերություններ են, որոնք զարգանում են:

Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների մասին

Այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ։

Օրինակ, հիշում եմ, երբ 2022 թվականին կատարեցի իմ առաջին այցը Հնդկաստան, ես ինձ հետ բերեցի մեծաթիվ հայ գործարարների խումբ, ովքեր հետաքրքրված էին հնդիկ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու հարցում։ Այսօր, նախարար Ջայշանկարի հետ, մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հնդիկ գործարարների պատվիրակության՝ Հայաստան այցի անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Կարծում եմ, որ սա պետք է դառնա պարբերական գործընթաց, որը կնպաստի նոր կապերի հաստատմանը, գործարար հարաբերությունների թարմացմանն ու զարգացմանը։ Բայց նաև, կարելի է հասկանալ, կարելի է համաձայնել, որ կան ոլորտներ, որտեղ աշխարհագրական հեռավորությունն այդքան մեծ դեր չի խաղում։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, որով և՛ Հայաստանը, վստահ եմ, և ես տեսնում եմ, որ և՛ Հնդկաստանը շատ հետաքրքրված են,  բայց ոչ միայն հետաքրքրված, մենք երկուսս էլ այստեղ հսկայական կարողություններ և հնարավորություններ ունենք: Մենք ունենք փորձագետներ, մենք ունենք ներուժ, երկուսս էլ, նկատի ունեմ: Այսպիսով, մենք կարող ենք համագործակցել նաև այստեղ, և եթե ավելի խորանանք, մենք ակնհայտորեն և անշուշտ կարող ենք գտնել նոր ոլորտներ, որտեղ կարող ենք օգնել ավելացնել թվերը:

Կարող եմ բերել մեկ այլ օրինակ՝ ուղիղ չվերթեր մեր երկրների միջև: Կան որոշակի հայկական փոխադրողներ, ովքեր շահագրգռված են ուղիղ չվերթների հաստատմամբ, և գիտեմ, որ խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում: Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին:

Աշխատանքային միգրացիայի մասին

Մենք պատրաստ ենք ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե՛ հայկական տնտեսության, թե՛ Հայաստանի աշխատաշուկայի համար։ Այսպիսով, կա պահանջարկ, բայց այն պետք է կարգավորվի։ Ի դեպ, կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։

Գլոբալ իրավիճակի մասին

Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է: Մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում