Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման գործով։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Սաակաշվիլիի պատժի ժամկետը ներառում է 2021 թվականի 6 տարվա ազատազրկումը։ Նա դատապարտվել էր պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու գործերով։ Այսպիսով, նրա ազատազրկման ժամկետն ավելացվել է ևս երեք տարով։
«Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի այս դատավճռի ընդունման պահից՝ 2025 թվականի մարտի 12-ից, իսկ պատժի հաշվարկի մեջ կներառվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 12-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,- հայտարարել է դատավորը։
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ շարունակվում են դատական գործերը, որոնք վերաբերում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերին և սահմանն ապօրինի հատելուն։
Civilnet











