Գլխավոր Լրահոս

IDram-ը «շահումով խաղին» կամ «հարցմանը» մասնակցելու դիմաց գումար չի տալիս․ գրառումները կեղծ են

IDram-ը «շահումով խաղին» կամ «հարցմանը» մասնակցելու դիմաց գումար չի տալիս․ գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ IDram-ի անունից՝ հայտարարությամբ, թե ինտերնետային վճարային համակարգը Զատկի տոնի առթիվ առաջարկում է մասնակցել շահումով խաղի։

«Idram բանկի կողմից սուրբ Զատկի տոնական ռուլետկա։ Հասցրու շահել մինչև 150,000 դրամ»,- նշված է գրառման մեջ։

Մեկ այլ հրապարակման մեջ էլ նշվում է, թե IDram-ը հարցմանը մասնակցելու դիմաց 30,000 դրամ է տալիս։ 

«Շահումով խաղին» կամ «հարցմանը» մասնակցելով, սակայն, IDram-ի հաճախորդներն իրականում գումարներ են կորցնելու։

Ո՞ւր են տանում IDram-ի անունից գրառումներ տարածող կայքերը

Խաղի վերաբերյալ հրապարակմանը կցված է IDram-ի կայքին նմանակող idrann.live կայքը։  Պտուտակախաղին մասնակցելուց հետո շնորհավորական տեքստ է երևում էկրանին։

Էկրանապատկերը՝ idrann.live կեղծ էջից

Գումարը ստանալու համար հաճախորդից պահանջվում է մուտաքագրել հեռախոսահամարը, IDram հաշվի մուտքանունն ու PIN կոդը։

Այս կայքը, սակայն, ֆիշինգային կայք է, որի միջոցով զեղծարարները IDram-ի հաճախորդների տվյալներն են կորզում։

Էկրանապատկերը՝ viruttotal.com-ից

Ինչ վերաբերում է մյուս գրառմանը, ապա այն տարածվում է երգիչ Միհրան Ծառուկյանի լուսանկարով։ Միհրան Ծառուկյանը չի հանդիպում IDram-ի գովազդներում, իսկ լուսանկարն օգտագործված է ընդամենը գրավելու և  վստահություն ներշնչելու համար։

«Ակցիային կարող են մասնակցել միայն ԻԴՐԱՄ բանկի գործող հաճախորդները։ Հարցմանը մասնակցելու համար ստացեք 30,000 դրամ»,- նշված է գրառման մեջ։

Մինչդեռ կցված կայքում, որը նմանակում է IDram-ի իրական կայքին, նշվում է հարցմանը մասնակցելու դիմաց 20,000 դրամ ստանալու մասին։

Էկրանապատկերը՝ idram-pay.cfd կեղծ էջից

Այս դեպքում ևս կցված կայքը անձնական և բանկային տվյալներ կորզող ֆիշինգային կայք է։

Էկրանապատկերը՝ virustotal.com-ից 

IDram անվանումով բանկ չկա Հայաստանում. գործում է IDBank-ը, որը IDram ընկերության հետ ID Group-ի մաս է կազմում։

IDram-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Idram Payment System-ն է, կայքը՝ idram.am-ը։

IDram-ի անունից հարցումների, նախատոնական մրցանակների վերաբերյալ նախկինում ևս կեղծ գրառումներ են տարածվել, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում