Գլխավոր Լրահոս

Ինչ հարց է լուծում Բաքուն ապատեղեկատվության տարածմամբ. փորձագետների կարծիքները

Ինչ հարց է լուծում Բաքուն ապատեղեկատվության տարածմամբ. փորձագետների կարծիքները

Սիրանուշ Ադամյան

Մարտի 16-ից սկսած՝ ադրբեջանական կողմը  յոթ անգամ տեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները։ Քաղաքական մեկնաբանների խոսքերով՝ Բաքուն զիջումների ակնկալիքով ճնշում է գործադրում Հայաստանի վրա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր բոլոր հերքումներում շեշտում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ 

2024-ի հունիսին վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Վարչապետի աշխատակազմն առաջարկում էր մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները:

Պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

«Ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որովհետև այդպիսիք չեն էլ կարող լինել։ Մենք ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի և հրադադարի հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում», - մարտի 18-ի ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ Հովհանիսյանի՝ համաձայնեցված խաղաղության պայմանագրի համատեքստում «է՛լ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը»։ 

Ճնշում Հայաստանի վրա՝ պահանջների կատարմանը հասնելու նպատակով

Ադրբեջանական կողմը սկսեց ապատեղեկատվություն տարածել խաղաղության պայմանագրի մասին Ադրբեջանի ու Հայաստանի հայտարարություններից օրեր անց։ Մարտի 13-ին  Ադրբեջանի արտգործնախարարը, ապա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեցին, որ խաղաղության համաձայանգրի 17 կետերից վերջին երկուսը ևս համաձայնեցված են։

Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց, որ հայկական հայկական կողմը պատրաստ է սկսել քննարկումները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ապատեղեկատվության տարածմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի հասնի իր պահանջների կատարմանը։

«Չնայած խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, դեռևս չլուծված հարցեր գոյություն ունեն հայ-ադրբեջանական համատեքստում։ Մասնավորապես, կոմունիկացիաների հարցը, «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, որը Ադրբեջանը ներկայացնում է։ Մենք պայամանգրի տեքստի համաձայնեցումից հետո տեսանք, որ Ադրբեջանը կրկին մի շարք նախապայմաններ հնչեցրեց ստորագրման համար», - ասում է Տիգրան Գրիգորյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցությունների ավարտի մասին լուրերից հետո վերահաստատեց իրենց պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրման համար. այն է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ վերացնելով տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ և լուծարել Մինսկի խումբը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ենթադրում իր նկատմամբ, քանի որ վկայակոչում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, որն իր հերթին վկայակոչում է Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին փաստաթուղթը։

Բաքուն զիջումներ է ակնկալում

ՍիվիլՆեթի տարածաշրջանային հարցերով մեկնաբան Գեորգի Միրզաբեկյանի խոսքով՝ Բաքուն այսկերպ ուզում է, որ Հայաստանը գնա սահմանադրական փոփոխությունների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը մինչև համաձայնագրի ստորագրումը։

«Հայաստանը պնդում է, որ այդ բոլոր կետերը կարող են իրագործվել, եթե ստորագրվի պայմանագիր, այնինչ Ադրբեջանը հակառակն է պնդում, հետևաբար չի բացառվում, որ այս ճնշումները և էսկալացիաները բանեցնելով՝ փորձում է հասնել Հայաստանից զիջումների», - ասում է Գեորգի Միրզաբեկյանը։

Մինչ ադրբեջանական կողմը օրեր շարունակ ապատեղեկատվություն է տարածում, Հայաստանի վարչապետի աշխատակազն իր հայտարարության մեջ կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ՝ ընգծելով, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Հայկական կողմը նաև վերահաստատում է, որ պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում